Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գրականությունը հայելիների սենյակ է, որտեղ ամեն ոք փնտրում է իր արտացոլանքը»

«Գրականությունը հայելիների սենյակ է, որտեղ ամեն ոք փնտրում է իր արտացոլանքը»
28.07.2017 | 10:03

Կան մարդիկ, որոնց աշխատանքն անմիջականորեն կապված է գրքերի հետ: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչ են փնտրում գրքերում աշխատանքային ժամերին ու աշխատանքից դուրս: Ո՞ր հեղինակներին են նախընտրում, ի՞նչ գրքերի սպասում: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք մշակույթի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ, նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի «Կամար» էլեկտրոնային թերթի հիմնադիր-խմբագիր ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

-Ընթերցանությունը ժամանցի ձև է նաև: Աշխատանքդ անմիջականորեն կապված է գրքերի հետ: Ինչպե՞ս ես ժամանցդ կազմակերպում, արդյո՞ք նաև ընթերցելով:
-Ընթերցանությունը և՛ ժամանց է, և՛ աշխատանք: Ժամանցս երբեմն գրքի հետ երկխոսությունն է լինում:
-Կա՞ն հայ ժամանակակից գրողներ, որոնց գործերին կամ նոր գրքերին սպասում ես:
-Կա պոետ, որի անունն այսօր այնքան էլ չի շրջանառվում գրական հարթակում` Արտաշես Արամ, որի պոեզիան ինձ համար խորհրդավոր ծես է: Միշտ կա բացելու, բացահայտելու երանելի պահը: Նշան Աբասյանի պոեզիայի` հոգևորին տանող լռությունը միշտ լսելու մղում կա:
-Կա՞ն գործեր, որ կուզեիր էկրանավորված կամ որպես ներկայացում տեսնել:
-Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը»` առանց սինթետիկ գույների. կյանքը, ինչպես որ կա, մարդու մասին, Աստծուն մոտ։ Երազանքս է` մեզ մոտ որևէ թատրոնի խաղացանկում Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» տեսնելը:
-Կա՞ գիրք, որտեղ ինքդ քեզ ես տեսել:
-Առհասարակ գրականությունը հայելիների սենյակ է, որտեղ ամեն ոք փնտրում է իր արտացոլանքը: Ինչքան շատ մարդ է գտնում սեփական ես-ի կամ ես-երի արտացոլանքն այդ հայելիներում, այնքան մեծ է գրողն ինձ համար: Իմ գտած գրքերում ես կամ:
-Ի՞նչ ես անում անհետաքրքիր գրքերի հետ:
-Փորձում եմ հասկանալ` ինչո՞ւ է անհետաքրքիր, եթե հասկանում եմ, սկսում է հետաքրքրել: Եթե չեմ հասկանում, ուրեմն գիրքս գտնում է նոր հասցեատեր:
-Մի առիթով ասացիր` Մաթևոսյան ես կարդում, որ մի շատ անհաջող գրքի ազդեցությունից ազատվես` մաքրվելու իմաստով: Գրքի ազդեցությունն այդքան մե՞ծ է:
-Գրքի ազդեցությունն այնքան մեծ կարող է լինել, որքան կարողանում ես բացել: Տվյալ դեպքում` Մաթևոսյանը մաքրող-մարդացնող, ներքին կենդանու կերպից ազատագրելու ներգործություն ունեցավ... «Աղտոտվել» էի:
-Մանկական գրականության մասին ի՞նչ կասես: Ամենաշատ վաճառվող գրքերի առաջին սյունակում են, և այնուամենայնիվ, ինքդ ինչպե՞ս ես կատարում ընտրությունը:
-Ինձ համար «ամենավախենալու» կետին հասանք: Ընտրում եմ, կարդում եմ երեխայի համար, եթե չի լսում, ուրեմն իր համար չէ, մանկական գրականություն չէ, եթե զարմացավ, ոգևորվեց, արթնացրեց նաև իմ ներսի պստիկին, ուրեմն հաջողված է: Մանկության տպավորություններն անջնջելի են լինում. երեխային պետք է պատրաստել, հեռու պահել «գրական վտանգների տպավորություններից», նոր միայն թողնել ազատ` ընտրության հարցում:
-Էլեկտրոնային գրքերը երբեմն ավելի նախընտրելի ու պրակտիկ են թվում. փոքր կրիչի մեջ` մի ամբողջ գրադարան: Մյուս կողմից` վտանգի զգացողություն չունե՞ք, որ մի ակնթարթում կարող են վերանալ բոլոր գրքերը:
-Ոչինչ հենց այնպես չի վերանում, եթե հենց այնպես չի ստեղծվել: Եթե ունեմ ժամանակի սղության խնդիր, օգտվում եմ էլեկտրոնային գրադարանից: Եթե ուզում եմ վայելել կարդացածս, պետք է գիրքը շոշափեմ, զգամ, շնչեմ:
-Ասում են` իսկական գիրքը միշտ կենդանի է, մեզ հետ հասակ է առնում ու ծերանում, բայց երբեք չի մեռնում:
-Այո, իսկական գրքի հետ մենք ապրում ենք, նա էլ է ապրում, այսօր` իմ մեջ, վաղը` նրա, մյուս օրը` հավերժի:
-Միառժամանակ ռադիոլրագրությամբ ես զբաղվել: Ինֆորմացիայի մերօրյա անկառավարելի հոսքը տեղ թողնո՞ւմ է պրոֆեսիոնալ լրագրության համար: Ի՞նչ է քեզ համար լրագրությունը:
-Լրագրությունը մարդաբանություն է. ինֆորմացիոն հոսքը պտտվում է մարդու ներսում, մարդուց դուրս և մարդու համար: Ռադիոն գերադասեցի լրատվության մյուս միջոցներից, որովհետև ինձ համար կարևոր է մարդու ձայնի էներգիան, որն ավելի մեծ ինֆորմացիա է պարունակում մարդու մասին, քան արտաքինը: Ի վերջո հեռուստատեսությունը, համացանցը ստվերում չպահեցին «մեծ անտեսանելին»` ռադիոն. ամեն մեկն իր կիրառման տեղը, ձևն ու կերպն ունի:
-ՈՒնե՞ս սիրելի թատրոն Երևանում:
-Թատրոնում, իբրև հանդիսատես, փնտրում եմ իմ տեսակը, մարդկային իմ կերպը, կա մի թատրոն` Մալյանի թատրոնը, որտեղ ես ինձ ճանաչում եմ: Որտեղ պայթում է իմ գենետիկ կոդը: Ի վերջո, արվեստն ունի ազգային պատկանելություն: Համամարդկայինին հասնելու համար պետք է սեփական պատուհանից նայել անսահմանին: Իսկ այս թատրոնը տալիս է այդ հնարավորությունը:
-Մոտենում է օգոստոսը: Մարդիկ ավելի շատ հանգստի մասին են մտածում, քան աշխատանքի: Ամառային Երևանում ի՞նչն է քեզ դուր գալիս: Հանգիստը կարելի՞ է կազմակերպել` մնալով մայրաքաղաքում, թե՞ քաղաքից կամ երկրից դուրս գալը պարտադիր է:
-Արևը, լիքը արևը, շենքերի արևոտ կտուրները, արևահամը, արևաբույրը, արևագույնը, վերջապես, արևով ապրող ու տապից տրտնջացող մարդիկ... Կարելի է նաև այստեղ հանգստանալ, պարզապես ինձ համար տեսադաշտը փոխելն արդեն նպաստում է հանգստին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 12681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ