Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ահազանգ է, որ խուլն էլ պիտի լսի

Ահազանգ է, որ խուլն էլ պիտի լսի
02.09.2017 | 10:04

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ քաղաքական օրակարգի տարբեր հարցերի շուրջ զրույցից, որ կտպագրվի «Իրատեսի» առաջիկա համարում, առանձնացրի Ղարաբաղին վերաբերող հատվածը:


-Հերթական քաղաքական աշունը, Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրների շուրջ է պտտվելու:
-Առաջին ու հիմնական խնդիրը Ղարաբաղի հիմնահարցն է լինելու: Օրակարգում է մնում ԱԳ նախարարների ու նախագահների հանդիպումը: Այդ շրջագծում հանդիպումներ եղան ՌԴ նախագահի հետ՝ թե Հայաստանից, թե Ադրբեջանից, հնչեց ԱՄՆ հեռացող եռանախագահի հայտարարությունը: Գործընթացները շարունակվում են, հիմնական հարցը Հայաստանի համար, ցավոք, մնում է խնդիրն առանց պատերազմի, խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելը:
-ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը կրկնում էր մադրիդյան հին ու նոր սկզբունքները, Ձեր կարծիքով՝ դա նշանակում է՝ ԱՄՆ-ը փորձում է վերադառնալ բուն բանակցությունների՞ն, թե՞ հող է շոշափում:
-Ղարաբաղի հարցի լուծման մոտեցումները, փուլային-փաթեթայինից մինչև մադրիդյան սկզբունքներ, իրարից շատ չեն տարբերվում: Միակ տարբերությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք Մեղրիի դավաճանական տարբերակով խնդրի լուծումը, 1999-ին, որն էլ Քի Վեստում, բարեբախտաբար, տապալվեց: Մնացած լուծումները շատ նման են իրար և ես չեմ համարում, որ արժանապատիվ լուծում է պարտադրված պատերազմում, չասեմ հաղթանակ, բայց հաջողություն գրանցած կողմին:
-Ինչու՞ ոչ հաղթանակ:
-Հաղթանակը կլիներ Ադրբեջանի կապիտուլյացիան, մենք ունեցանք պատերազմական հաջողություններ և ստիպեցինք հակառակորդին դադարեցնել պատերազմը, նստել խաղաղության բանակցությունների և այդ պարագայում, կրկնում եմ, մեզ առաջարկվող տարբերակն այնքան էլ արժանապատիվ չէ ու հաշվի չի առնում պատերազմի ավարտին գրանցված փաստերը: Այնուամենայնիվ, շատ կարևոր եմ համարում բանակցային գործընթացը շարունակելը, նույն մադրիդյան սկզբունքները կարող են հիմք դառնալ բանակցելու և պատերազմի վտանգը դրանով կանխելու, նաև՝ մեզ համար հնարավորինս արժանապատիվ տարբերակի հանգելու:
-Ընդունու՞մ եք տեսակետը, որ հիմա բանակցություններ չկան և եթե լինեն, բանակցություններ վարելու օրակարգի շուրջ են լինելու: Դա սկզբունքային հարց է և հայկական, և ադրբեջանական կողմի համար: Նրանք պնդում են իրենց սուբստանտիվ բանակցությունները, մենք՝ Վիեննայի համաձայնությունների կատարումը:
-Դա փաստ է, որին համաձայն լինենք, թե չլինենք, ոչինչ չի փոխվում: Այսօրվա դրությամբ կա Մինսկի խմբի երկու որոշում, որ ընդունվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, որտեղ ապրիլյան պատերազմից հետո, բնականաբար, հստակ խնդիր է դրվել վստահության վերականգնումը, որից հետո միայն հնարավոր կլինի բանակցությունների սեղանին վերադառնալը։ Վստահության մթնոլորտի վերականգնումը պարունակում է որոշակի քայլեր, որոնք պիտի կատարվեն: Բարեբախտաբար, հայկական կողմի շահերից բխում է խնդրի նման մոտեցումը, իսկ Ադրբեջանը դեմ է, և միջազգային հանրությունը, և Մինսկի խումբը այդ ուղղությամբ պարտավոր են քայլեր անել: Ասել, որ ոչինչ չեն արել, ճիշտ չէ: Վերջին շրջանում Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցումների փորձերին հաջորդեցին Մինսկի խմբի հասցեական և իրականությանը համարժեք հայտարարությունները։
-Չե՞ք կարծում, որ հասունացել է մադրիդյան սկզբունքներին հրաժեշտ տալու պահը: Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, հիմա բուն խնդիրը նոր սկզբունքներ գտնելն է: Մադրիդյան սկզբունքները հանգում են կամ փակուղու, կամ՝ պատերազմի: Դա չի՞ նշանակում, որ սպառել են լուծման ներուժը:
-Նման կոնֆլիկտները լուծելու ճանապարհները շատ չեն և լուծման մեծ հնարավորություններ չկան: Հիմնականը՝ մենք ուզու՞մ ենք գնալ խնդրի լուծման, թե՞ չենք ուզում՝ համարելով, որ այս ենթատեքստը մեզ բավարարում է: Մենք ասելով՝ նկատի ունեմ թե տարածաշրջանը, թե տարածաշրջանով հետաքրքրված երկրները: Որոշ դեպքերում նրանք ասում են՝ որոշումը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները պետք է կայացնեն, բայց իրենց ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների վրա այնպիսին է, որ լուծումներն ուղղակի արգելափակվում են: Լուծման մեխանիզմները գտնելու առումով շատ կարևոր եմ համարում փոքր քայլերով առաջ գնալու մոդելը: Ոչ թե դնել խնդիր՝ փաթեթային՝ որոշում ենք տարածքների դիմաց կարգավիճակի հարցը, որին Ադրբեջանը մոտ չի գալիս, Հայաստանն ասում է «այո», բայց կոնկրետության դեպքում Հայաստանում էլ, համոզված եմ, խնդիրներ են առաջանալու, այլ կազմակերպել հնարավոր շփումներ: Վստահության առաջարկվող մոդելը հստակ պիտի ամրագրի խաղաղությունը, հանրային տարբեր մակարդակներով շփումները՝ մշակութայինից մինչև փորձագիտական ու տնտեսական, օրինակ, գազամուղներ, որ կարող են անցնել Ադրբեջանով ու Հայաստանով, Նախիջևանի երկաթգիծ, որ կարող է Մետաքսի մեծ ճանապարհի խնդիրը լուծել՝ առանց նոր երկաթգծի կառուցման: Կան ծրագրեր, որ փոխշահավետ են թե Ադրբեջանի, թե Հայաստանի, թե Իրանի, թե Վրաստանի, թե այլ երկրների համար: Պետք է փորձել այս ենթատեքստով խնդիրներ լուծել, տարածաշրջանում քայլ առ քայլ վստահության մթնոլորտը վերականգնելով՝ մինչև ընդհանուր լուծման եզրեր գտնելը:
-Պաշտոնապես հայտարարվում է, որ ՄԽ համանախագահները համակարծիք են, չե՞ք կարծում, որ իրականում յուրաքանչյուրը փորձում է իր պետության քաղաքական ու տնտեսական շահերը պաշտպանել:
-Գլոբալ ու վճռորոշ քայլերին բոլորն էլ ասում են, որ կողմ են, բայց կարծում եմ, յուրաքանչյուրը մյուսին կասկածում է սեփական շահերն առաջ մղելու ու սեպարատ շփումների մեջ:
-Դա մեզ համար լա՞վ է, թե՞ վատ:
-Չեմ կարծում, որ լավ է: Լավ կլիներ, որ զինադադարից հետո մենք զոհեր չունենայինք, չունենայինք պատերազմի վերսկսման վտանգ, ռազմավարական գործընկերը չշարունակեր զենք վաճառել Ադրբեջանին, հիմա էլ՝ Թուրքիային, մեզ էլ ստիպեր փաստաթուղթ ստորագրել: Մենք օրեցօր դառնում ենք Ռուսաստանի կցորդը, մերը թուղթ է, Ադրբեջանինը՝ կրակող զենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

O/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ