Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բռնապետությունը կյանք չունի». Վարուժան Ավետիսյանը` «Նահապետի աշունը» վեպի մասին

«Բռնապետությունը կյանք չունի». Վարուժան Ավետիսյանը` «Նահապետի աշունը» վեպի մասին
21.10.2017 | 13:21

Երբևէ Մարկես չէի կարդացել: Բայց այս գիրքը կարդացի առանց հապաղելու, քանի որ այն պայքարի և ինձ հետ սրտով կապված մարդուց եկած հուշում և հորդոր էր:

Իմ կարծիքը գրքի մասին:

Մարկեսը պատկերել է բռնապետական համակարգի մահվան գոյաբանությունը:

Նա ցույց է տալիս, որ բռնապետական համակարգը հակակյանք է, «հակառակորդ», ուստի ստեղծման պահից դատապարտված է, նրա գոյությունը մահվան ընթացք է:

Բռնապետությունը մահանում է փուլ առ փուլ: Նա շագրենի կաշվի նման է. յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելու համար վերակազմավորվելու և վերարտադրվելու նպատակով ստիպված զոհաբերում է իր որևէ հատկանիշ-բաղադրիչը:

Մարկեսը առատաբար և հաճախ ծայրահեղ կերպերով ու արտահայտչամիջոցներով կիրառում է սիմվոլիզմ և հիպերբոլ՝ ընդգծելով բռնապետության պատճառած ցավն ու ստորացումը, ազատության ուժգին տենչն ու վերապրելու պարտադրանքի հարուցած մետամորֆոզները: Անգամ կերպարների անունները պատահական չեն:

Առաջին կորսվող-զոհաբերվող հատկանիշ-բաղադրիչը հավատն է: Հավատը, որն իրականում չի էլ եղել, եթե մի բան եղել է, ապա միայն մոլորություն, ինքնախաբեություն, որի գիտակցումից հետո համակարգը ստիպված ամբողջությամբ հիմնվում է ստի վրա: Պատրիսիո Արագոնեսը (սրան համեմատենք Լենինի և նրա փուլի հետ) առաջին գաղափարական բռնապետի կերպարն է, որն իր վրա զգալով համակարգի մամլիչի, նրա պրոկրուստյան պարտադրանքի որակապես աղավաղող, ինքնությունը վերացնող ազդեցությունը, գիտակցում է մոլորությունը, հիասթափվում և մահանում: Հաջորդ բռնապետներն արդեն կլոններ են, և կան, և չկան, անգամ անուն չունեն:

Երկրորդ հատկանիշ-բաղադրիչը սերն է, որն էլի իրականում չկա, խաբուսիկ է: Համակարգը կորցնում է սերը (Մանուելա Սանչես) և սպանում է ազատ խոսքը (թութակներին): Սրանք կորցնելով՝ նա վերամարմնավորվում է որպես փոքրամասնություն (Սատուրնո Սանտոս) կազմող ֆանատիկոսների վրա հիմնված կառույց: Ֆանատիկոսներ, որոնք համակարգը պահպանում են բացառապես այն պատճառով, որ դա իրենց կենսագրության, ինքնության օրգանական մասն է դարձել, իրենց կյանքի պայմանն է և ինքնադրսևորման միակ հնարավորությունը (Ստալին և ընկերներ): Այդ ժամանակ ոչնչացվում է համակարգը ստեղծած հին գվարդիան, ամբողջանում է բուրգը (վեց գեներալները սպանվում են), և տվյալ պահի պարագլուխը դառնում է կուռք: Սա համակարգի հզորության գագաթնակետն է: Բայց հենց այստեղից էլ սկսվում է փլուզումը, քանզի առանց հավատի ու սիրո ոչինչ չի կարող ապրել:

Երրորդ հատկանիշ-բաղադրիչը գիտելիքն է, որը զոհաբերվում է (գուշակ պառավը, որ գիտի ապագան): Որպեսզի մարդիկ չկարողանան հասկանալ համակարգի բնույթն ու կանխատեսել նրա ընթացքը, որ դեպի մահ է գնում (Ստալինի կառավարման վերջ-Խրուշչովի կառավարման սկիզբ, երբ մերժեցին գենետիկան, կիբեռնետիկան, քաղաքագիտությունը և մյուս հասարակական գիտությունները): Այդ ընթացքում ոչնչացվում է (հեռացվում է) երկրորդ սերնդի ռազմական վերնախավը (Ռոդրիգո դե Ագիլար (Բերիա, Ժուկով և այլն)), ինչպես նաև այլ հավատարիմ ծառայապետեր և, ըստ էության, վերացվում է համակարգի գոյության համար նախանձախնդիր փոքրամասնությունը: Ստեղծվում է ճղճիմ և նյութապաշտ ստրկական ծառայողական զանգված, որի ուղեղը որովայնում է:

Չորրորդ հատկանիշ-բաղադրիչը, որ զոհաբերվում է, կենսական կապի խզումն է համակարգին ծնած սոցիալական դասի հետ (գյուղացիությունը տվյալ դեպքում, բռնապետի մոր՝ Բենդիսիոն Ալվարադոյի մահը, ի դեպ՝ բենդիսիոն-օրհնություն, ասել է թե՝ համակարգը զրկվում է օրհնությունից, նրա համար այլևս ոչ մեկը չի ցավում և չի աղոթում) (Խրուշչովի շրջանի 2-րդ կես-Բրեժնևի շրջանի 1-ին կես): Համակարգը զրկվում է սոցիալական հենարանից: Այս ընթացքում զուգահեռաբար ոչնչացվում է գաղափարական այլընտրանքը (եկեղեցին (խորհրդային համակարգում էլ սա կար, բայց հակառակ ֆունկցիայով, բոլորը գործակալներ էին)), քանի որ այն արդեն վտանգավոր էր անգամ կամակատարի կարգավիճակում: Հավատից, սիրուց, նախանձախնդիր վերնախավից և սոցիալական հենարանից զրկված համակարգի համար որևէ այլընտրանք հավասար է մահվան:

Հինգերորդ հատկանիշ-բաղադրիչը, որ զոհաբերվում է, նյութական հարստությունն է: Համակարգի նյութական սկիզբը (բռնապետի կինը՝ Լետիսիա Նասարենոն (Լետիսիա-ուրախություն, երջանկություն բերող, ինչը պետք է հասկանալ հակառակ իմաստով) թալանում և վատնում է երկրի նյութական հարստությունը) (Բրեժնևի շրջանի 2-րդ կեսից մինչև Ելցինի շրջան): Լետիսիան կիսագործակալ է, ծառայում է օտարին, նրա միջոցով քայքայում են համակարգը, հետո նրան ու զավակին զոհաբերում և արդեն օտար կառավարում մտցնում ու սկսում գաղութացնել երկիրը (Ելցինի ամբողջ շրջանը): Հին էլիտայի մնացորդները ոչնչացվում (հեռացվում –չեզոքացվում) են:

Վեցերորդ հատկանիշ-բաղադրիչը, որ զոհաբերվում է, ժողովրդի և երկրի ապագայի ընտրության հնարավորությունն է՝ հանուն իշխանությունն ամեն գնով պահելու ձգտող բանդայի կառավարման երկարաձգման, ինչը զարմանալիորեն արտահայտվում է ռևանշի փորձով (Պուտին): Ռևանշ՝ ապագայի գնով: Հարկավ, ամեն ինչ զուր է, համակարգը մահանում է:

Այս վեց փուլերը կարելի է համեմատել Արարչի վեց արարումների հակոտնյաների հետ: Հակառակ արարման, սրանք վատնման և քայքայման ակտեր են:

Պետք է նաև նկատել, որ Մարկեսը կիրառել է «մասն ամբողջի հատկություն ունի» սկզբունքը՝ յուրաքանչյուր փուլում ցույց տալով մյուս փուլերի հիմնական հատկանիշները:

ՈՒշագրավ է, որ համակարգն օրապակաս է, խեղված ու արատավոր, նրա ծնած զավակները նույնպես օրապակաս են, այսինքն՝ համակարգն ու նրա ստեղծած համակարգերն ունակ չեն կենսունակ վերարտադրության: Սա ևս խոսում է այն մասին, որ բռնապետությունը կյանք չունի:

Թարգմանության մասին

Թարգմանության նոր ոճ և լեզու է օգտագործվել: Համարձակ է և կենդանի: Առհասարակ հայերենն ազատագրելու խնդիր կա: Առանց դրա չենք կարող ազատագրվել, ազատ ազգ դառնալ: Բայց սա առանձին թեմա է:

Միով բանիվ՝ շատ հաճելի էր և ուսուցողական:

Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13337

Մեկնաբանություններ