Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այս մարդիկ իրենց են սիրում արվեստի մեջ»

«Այս մարդիկ իրենց են սիրում արվեստի մեջ»
24.11.2017 | 07:52

Գրական աշխարհում փոփոխություններ են սպասվում: Փորձ է արվում ամրացնելու գրող-հրատարակիչ-ընթերցող կապը, առավել աչքի ընկնող գրողներին ներկայացնելու դրսում: Ամենակարևորը` այլևս չպետք է տպագրվեն գրքեր, որոնք մնում են գրապահոցներում: Այլ կերպ ասած` պետական աջակցության ծրագրից դուրս են մնում ժամանակակից գրողների գրքերը (բացառություն են անդրանիկ գրքերը): Խնդրի շուրջ կարծիքները բավականին տարբեր են: Մեր թերթի էջերում պարբերաբար ներկայացրել ենք հրատարակչության ներկայացուցիչների, գրողների, մշակույթի ոլորտի պատասխանատուների տեսակետները: Փորձեցինք պարզել, թե ինչպես է փոփոխություններին արձագանքում «Էդիթ պրինտ» հրատարակչությունը, ի՞նչ գրքեր են հրատարակվում այսօր, ի՞նչ խնդիրներ ունի գրաշուկան, գրողն ու հրատարակիչն ինչպե՞ս են գլուխ հանում ստեղծված իրավիճակից:
«Սեղանիս է «Կայարան» հանդեսը, որտեղ ժամանակակից գրողների գործերն են ընդգրկված,- ասում է «Էդիթ պրինտ» հրատարակչության նախագահ ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:- Վեց տարի է` տպագրում ենք: Արդեն դուրս է եկել աջակցության ծրագրից: Գրքերի վաճառքն աճել է, բայց դա պայմանավորված է գրքերի տեսականու ավելացմամբ: Իսկապես, ժամանակակիցների գրքերը չեն վաճառվում: Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ սխալ է պետական աջակցությունից գրողին զրկելը: Գրողին պետք է աջակցել: Այլ հարց է, որ կան և լավ, և վատ գրողներ, բայց չի կարելի ամբողջությամբ աջակցությունը կտրել-ուղղել թարգմանություններին և այլ ծրագրերին»:


Ավելի հետ գնալով` հրատարակիչը նկատում է, որ, ընդհանրապես, ամբողջ համակարգն է սխալ, առա՛ջ էլ էր սխալ: Ըստ նրա` պետք է լինի նորմալ հանձնաժողով` բաղկացած գրողներից, հրատարակիչներից, ոչ միայն նախարարության աշխատողներից, այսինքն` այն մարդկանցից, ովքեր անկաշառ են, գիտակ: ՈՒ հրատարակված գրքերն էլ պետք է գնեն գրադարանների համար: Հրատարակիչն ընդգծում է, որ մեր գրադարանները դատարկ են: Ասում եմ` որքան ինձ է հայտնի, նախարարությունը գրքեր գնում է գրադարանների համար: «Ես չգիտեմ` ինչ են գնում: «Էդիթ պրինտը» ամենամեծ հրատարակչություններից մեկն է, մեզնից ոչ մի գիրք չեն գնել, դա ո՞նց հասկանանք»,- հակադարձում է Մկրտիչ Կարապետյանը, ցույց տալով սեղանին շարված գրքերը։- Խնդրեմ` «Հայերենի պատմություններ», «Համազասպ Հարությունյան», «Քարի այգի»` թարգմանություն պարսկերենից, Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» գրքի բնագրային թարգմանությունը: «Աննա Ֆրանկի օրագիրը»՝ ամբողջական, թարգմանված բնագրից, շուտով լույս կտեսնի Ռեմարկի «Երեք ընկերը»՝ դարձյալ բնագրային թարգմանությամբ: Պե՞տք են այս գրքերը, թե՞ պետք չեն: Պարբերաբար հրատարակում ենք Էդվարդ Խաչիկյանի պատմավեպերը, շուտով նրա «Գրավաճառը» վիպակը լույս կտեսնի: Մենք մեր գործը, այսպես, թե այնպես, անում ենք, պետական աջակցությունն էլ այնքան չնչին է, որ ո՛չ հրատարակիչն է շահում, ո՛չ գրողը»:
«Էդիթ պրինտ» հրատարակչության նախագահն առաջարկում է խնդրի իր լուծումը, ըստ նրա՝ եթե 1000-1500 օրինակ գիրք գնեն հրատարակչից, և՛ հրատարակիչը գումար կունենա հաջորդ գրողին տպագրելու, և՛ գրողը հոնորար կստանա, և՛ գրադարանները կհամալրվեն. «Եթե գիրքը մտնի գրադարան, կտարածվի: Մարզերում մարդիկ գնում են գրադարան, որ կարդան, ոչ մի նոր բան չկա: Տպագրել եմ «Հասկեր» ժողովածուն, որտեղ տեղ են գտել մանկահասակ երեխաների պատմվածքները. արձակագիր Սուսաննա Հարությունյանն է կազմել, ընտրել: Մանկական գրադարաններում ինչու՞ պետք է մեկական օրինակ գոնե չլիներ»:
Գրադարանների օրվա առիթով «Էդիթ պրինտը» Չարենցի անվան դպրոցի գրադարանին մոտ 200 գիրք է նվիրել` դասական գրողների, ժամանակակիցների: «Զարմացել էին, որ դպրոցականներին անհրաժեշտ այսքան գրականություն կա,- ասում է հրատարակիչը:- Մեր հանրակրթական դպրոցների գրադարանները լրիվ զրոյական վիճակում են: Հայաստանում կա 1004 դպրոցական ու 900 համայնքային գրադարան, մենք այդքան գիրք չենք կարող տրամադրել: Մշակույթի, կրթության նախարարությունները պետք է այդ գործընթացը կազմակերպեն (չնայած կրթության նախարարությունը որոշ գրքեր գնել է դպրոցական գրադարանների համար): Նույնը վերաբերում է քաղաքապետարանին: Առաջ գրադարանները կարողանում էին գիրք գնել, հիմա կենտրոնացված է, քաղաքապետարանը ինչ-որ աբսուրդ գրքեր է հավաքում-ուղարկում գրադարաններ: Ամեն ինչ խառնված է, միայն մշակույթի նախարարության գործելաոճի խնդիրը չէ: Այս ամենը պետք է կարգավորվի: Պետք է մարդը սիրի իր գործը: Եթե չի սիրում, ոչ մի բան չի անի: Հայտնի ֆիլմում ասվում է. «Любите искусство в себе, а не себя в искусстве: Հիմա այս մարդիկ իրենց են սիրում արվեստի մեջ, ո՞նց կարող են մի բան անել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ