Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կաղանդ պապից մինչև Սանտա Կլաուս

Կաղանդ պապից մինչև Սանտա Կլաուս
19.12.2017 | 10:19

Մարդկության պատմությունը շատ մութ ծալքեր ունի: Եվ երբ մեկի վրա լույս է բացվում, անմիջապես էլ աշխարհում գտնվում են մութ ուժեր` նորից թաղելու դա խավարի մեջ: Այդպիսով, նյութականի հետ նաև հոգևոր արժեքների յուրացման համար ստեղծվում է պարարտ հող, հակաարարչական հարատև հակոտնյա մտավարժանքների մրցապայքար, որի բացասական ելքի դեպքում երիցս խորանում է պատմիչ-դպիրների գերակշիռ մասի վկայությունների հանդեպ անվստահությունը:


Ստորև փորձ է արվում հիշեցնելու` «ծալքեր թաղելու» սիրահարներին տարեփոխման խորհուրդը կրող Կաղանդ պապի հնադարից եկող էվոլյուցիոն մետամորֆոզի ժամանակային ընթացքը: Բայց առաջաբանս արդիականությամբ երկրորդ պլան է մղում այս տոնական օրերի հոգեհարազատ թեման` տարին լիարժեք դիմավորելուց առաջ պե՛տք է հետ նայել, սակայն ինչու միայն հետ, եթե ոչ` նայել բարդ և ամբարիշտ ներկային մեկ անգամ էլ եղած-չեղածը «ականջներիս օղ անելու» համար:
«Մի՛ նեղացրեք երեխաներին. նրանք Իմն են»,- ասում է Աստված:
Մեծահասակ «խելացիներիս» ավերածությունների պատճառով մեկ երեխայի լացն անգամ, իմաստունի խոսքի հանգույն, չի ամոքվում հազար ուրախություններով: Կյանքի արատավոր ուղիով շարժվող չափահասները, չանսալով Աստծո խոսքին, աշխարհավերման մոլորությամբ, կարծելով, թե արդեն հասուն ու գիտակից են, ուրեմն այլևս Աստծո երեխաները չեն, Նրա հսկողության տակ չեն և ինչ ուզեն, կարող են անե՞լ: Մինչդեռ նրանք, հոգով և էությամբ, վերջապես նախասահմանությամբ (ի սկզբանե` սաղմի մեջ) մնում են Գերագույն ծնողի զավակները, բայց, ցավոք, մինչ «Անառակ որդու (այն է` իրենց) վերադարձը», լիացած տարբեր չարագործություններով:


«Որդու վերադարձի» Հոր սպասումը չարդարացնելով` աշխարհն այսօր հասել է անմխիթար այնպիսի մի նկարագրի, երբ նույնիսկ երդվյալ լավատեսներն են ընկնում աշխարհավերջյան զառանցանքներ արձակողների ծուղակը, առանց մի պահ խորհելու, որ ամենայնի Ստեղծողը համբերող է իր սպասման մեջ, որը և մարդու փրկության ուղին է` ապաշխարանքի հնարավորությամբ: Աստծո կամոք ինչ որ լինի, կլինի Իր սահմանած ժամանակին` մարդու հանդեպ ծնողական սիրով և հայրական հավատով, որ ի վերջո բանական մարդը կվերադառնա Իր գիրկը:
Իսկ մարդուն ոչինչ չի մնում անելու, քան բարեպաշտորեն կատարել զավակի իր պարտքը: Բա՞յց…
Եվ այսպես, անկախ մեր տարիքից, դիրքից, շնորհի աստիճանից, բոլորս առաջին հերթին Երկնային մեր Հոր և հետո նոր Մայր հայրենիքի զավակներն ենք, իսկ վերջում` մեզ լույս աշխարհ բերած ծնողների:


Այս գաղափարն է ընկած զորավար և իմաստագետ Գարեգին Նժդեհի մի ասույթում. «Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և Հայրենիք»:
Կարճատև շրջագայություն կատարելով պատմության խորքը` արժե վեր հանել Հին Հայաստանում տարեփոխման` տոնակատարության պատկերագիրը։ Նոր տարվա առաջին գիշերը, երբ գլուխներս դնում ենք բարձին, Ձմեռ պապի, Սանտա Կլաուսի, նաև այլ անվանումներով Նոր տարին կառավարողների նախատիպ Կաղանդ պապի ձեռամբ և հայոց բազմաստվածության շրջանի Վանատուր աստծո պատվիրանով երկրաբնակի բարձի տակ է դրվում բարության, արդարության, խաղաղասիրության աստվածային սիրով արարված և անանց կենսալիցքով սնուցված ամանորյա անակնկալ` անխտիր բոլորին շնորհվող ընծա: Դա հրաշափառ օրհնությամբ մի պտղունց նշխար-մասունք է մարդ արարածի բոլոր ցավերին, մոլորություն-ձախորդություններին` իբրև համադարման, ողջ տարվա համար:

Ըստ հայոց ավանդապատումների` Կաղանդ պապը, խորապես երկրպագելով հայոց դիցաբանության աստղաբույլում հյուրընկալության և հյուրասիրության Վանատուր աստծուն, կատարել է նրա առաքելության խորհուրդը` նվերներով շրջել տնետուն և շնորհավորել անխտիր բոլորին` տարին փոխվելու կապակցությամբ: Ի դեպ, այն ժամանակներում հայերիս ընդարձակ երկրում Նոր տարին ամենուր նշվել է օգոստոսի 11-ին և կոչվել է Նավասարդյան օրերի տոն, որը հնամենի ծեսերի վերականգնման նախանձախնդիր մի շարք կազմակերպություններ տոնում են նաև այսօր:


Ամենայն հավանականությամբ, Ձմեռ պապի հեքիաթը, երեխաների անմիջական ներըմբռնողությամբ, իրական է, իսկ մեծերիս համար հավաքական Ձմեռ պապի կերպարը ավելի շատ պետք է դիտարկել գաղտնախորհուրդ հարթության մեջ: Այսինքն` Ամանորյա տոների ամենասիրելի անձ-էությունները՝ Ձմեռ պապը և Սանտա Կլաուսը, Վանատուր աստծո և նրա գլխավոր օգնական Կաղանդ անունով մահկանացուի շառավիղներն են: Նրանք ևս նվերներով այցի են գալիս մանուկներին, բայց արդեն ցուրտ հեռուներից` ձյունառատ Լապլանդիայից համապատասխան հագուկապով` սահնակ-փոխադրամիջոցում բեռնված նվերներով, մշտադալար եղևնի-տոնածառով:

Մի շարք ազգագրագետների համոզմամբ` Ամանորյա տոներին ծառ զարդարելու սովորույթը սկիզբ է առել պատմական Հայաստանում։ Հնում կոչել են Կենաց ծառ: Կաղանդ պապի (մարդկանց անակնկալ նվերներ բաժանելիս անճանաչելի լինելու նպատակով) վրան գցած, ոչխարի փարթամ մորթուց պատրաստված կիսամուշտակի վրա պատկերված էր խորհրդանշական Կենաց ծառի հավաքական «դիմանկարը»։ Այն թզենու և խնկենու (հայոց պատմության յոթհատորյա հանրագիտարանի հեղինակ` գրող, դրամատուրգ և դերասան Աննա Պետրոսյանի վկայությամբ` նաև Մեծ Հայքում տարածված սոսու) պատկերի հիման վրա ստեղծված հայկական հին զարդանախշերի համադրությունն էր:
Ի նշանավորում նախնյաց հնամենի ծիսակարգի վերականգնման` 2013-ի` Նոր տարվա տոնական հանդիսությունների մեկնարկը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ առաջին անգամ ազդարարվեց Կաղանդ պապի և հայոց Աստղիկ դիցուհու շքեղ կառքի մուտքով մայրաքաղաքի գլխավոր հրապարակ:


Տարբեր ժողովուրդներ իրենց հոգեկերտվածքին հարազատ և կլիմային էլ հարիր էակներ են ներդրել Ամանորյա տոների անցկացման համամարդկային մշակույթում: Զորօրինակ, հյուսիսային երկրներում ընդունված է երկար ձնածածկ ճանապարհ կտրող նույն սահնակում բազմեցնել չքնաղ դեռատի Ձյունանուշին, իբրև Ձմեռ պապի գլխավոր օգնականի: Ձմեռ պապի, Սանտա Կլաուսի և այլ անվանումներով նույն, բայց ընդհանրացված կերպարով ձմեռային տոների թագադիրների ծագումնաբանության մասին տեղեկույթներ բազմիցս են գրառվում համացանցում և դժվար է գլուխ հանել այդ ծով լրահոսից: Թերևս պետք էլ չէ, քանի որ ձմեռպապերը երեխաների ուրախությունն են ամենուր:
Այսպիսով, սա համաշխարհային ցնծությամբ նշվող տոն է, որը «միշտ մեզ հետ է»: Բայց լավ կլիներ այդ առիթով հնչած միլիոնավոր բարի խոսքերի արձագանքը չմարեր մեր ունկերում` ուղեկցելով երկրաբնակներիս մեր հակասական ու բարդ անձնական կյանքի ողջ ընթացքում: ՈՒրեմն տարվա ընթացքում մտապահենք ամանօրյա շնորհավորական բարեմաղթանքները` դրանց իրականացման իղձերի, ցանկությունների պարբերական իրականացման տեսլականով:


Այս նվիրական օրերին, Հայաստանի, Արցախի, Ջավախքի, ինչպես նաև աշխարհասփյուռ ողջ հայության, այդ թվում՝ մասնավորապես «Իրատեսի» բոլոր ընթերցողներին՝ երախտիքի, գոհունակության ջերմ զգացումներով լի մաղթանքներ հղելով, ցանկանում ենք, որպեսզի 2018-ը լինի փորձություններից զերծ, խաղաղության և համայն մարդկության հավաքական հոգու, մարմնի, մտքի, առողջության տարի: Աստված բոլորիս պահապան:
Շնորհավո՛ր Ամանոր և
Սուրբ ծնունդ:

Սամվել ՍՄԲԱՏՅԱՆ
Ռեժիսոր, հրապարակագիր

Դիտվել է՝ 3882

Մեկնաբանություններ

ւ ներքո