Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապույրն ու վտանգները

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապույրն ու վտանգները
26.10.2018 | 01:47

Որն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների դերը Փաշինյանի կառավարության հնարավոր ձեռքբերումների և կորուստների տեսանկյունից:
Ըստ իշխանության տեսակետի` երկրում տնտեսական զարգացում չի կայանում այն պատճառով, որ կառավարությունը ժամանակավոր է, խորհրդարանը չի արտահայտում ուժերի իրական փոխհարաբերությունը և վտանգում է հեղափոխական արժեքները: Սա դիտարկվում է որպես երկիր ներդրումներ բերելու հիմնական խոչընդոտ:


Իհարկե այս վիճակը այդպիսի վտանգներ չի պարունակում: Դրանք ուռճացված են: Ոչ ոք չի ժխտի, որ այսօր, անգամ եթե Փաշինյանն ինքը այդ վտանգի չափազանցման ներկայացումներ չբեմականացնի, ժողովուրդն ինքը ոչ ոքի թույլ չի տա հետ դառնալ: Այժմ, երբ քաղաքական դաշտում Փաշինյանին այլընտրանք չկա, հետդարձի ամեն մի նախաձեռնություն միարժեքորեն ընկալվում է որպես հանրապետականների ռևանշի փորձ: Իսկ որ հանրապետականներին երբեք դա անել թույլ չի տա ժողովուրդն ինքը, դա բոլորս գիտենք: Փաշինյանը վարպետորեն սադրում է այդպիսի իրավիճակներ, որպեսզի հասարակական գիտակցությունը վերբեռնի հեղափոխական արժեքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Իսկ այդպիսի յուրաքանչյուր վերբեռնում մարդկանց ուղեղներն անջատում է իրենց հանապազoրյա խնդիրներից ու հոգսերից: Ժամանակավորապես: Բայց անջատում է:


Իսկ ինչու՞ է պահանջ դրվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան ոչ թե եկող տարվա մայիս-հունիսին, այլ այս տարվա դեկտեմբերին:
Անցած հինգ ամիսները ցույց տվեցին, որ այս իշխանությունները ոչ մի պատկերացում չունեն, թե ինչ պետք է արվի տնտեսությունում (մյուս ոլորտներին գուցե կանդրադառնանք, գուցե՝ ոչ, բայց իրավունք ունենք գրանցելու, որ դրանցում էլ արժանահիշատակ բան չի արված):
Մարդը խոստացել էր, որ իր վարչապետության հաջորդ օրն իսկ ներդրումները հոսելու են երկիր, և մենք ականատեսն ենք լինելու երկրի թռիչքային զարգացման: Չեղավ: Իշխանության մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ մենք արդեն գիտենք:


Մեր կարծիքով, եթե անգամ այդպիսի խոստումներ և ծրագրեր էլ կային, ապա դրանք իրականություն չէին դառնա, քանի դեռ մեր երկրում շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի բեմականացումը: Բացի այն, որ այդ ամենը կատարվում է մասնագիտական շատ ցածր մակարդակով, այդ գործողությունների ծրագիրն ու սցենարն էլ սիրողականից ցածր մակարդակի են: Ակնհայտ էր անելիքի անհասկանալիությունը, իսկ գործողությունների կառուցման ճանապարհների փլուզումները ցույց էին տալիս պատասխանատու մարդկանց ոչ կոմպետենտությունը: Եվ դա՝ ամենաբարձր մակարդակներում: Այդ գործընթացներում ԱԱԾ-ի ներգրավումով կարծես թե պիտի ընդգծվեր դրանց կարևորությունը, բայց ստացվում էր այնպես, որ այդ կառույցն ավելի կարևոր առաքելություն չունի և, ըստ էության, նսեմացվում էր դրա դերը երկրի կյանքում:


Մյուս հանգամանքը, որ այդ ճանապարհին ոչ պակաս կարևոր խոչընդոտ է, մենաշնորհների առկայությունն է մեր երկրում: Այն իրողությունը, որ «բոլոր ցանկացողները կարող են բանան ներկրել», բոլորովին էլ չի նշանակում, որ մենաշնորհները վերացված են: Դա ընդամենը նշանակում և ցույց է տալիս, թե ինչ մակարդակով են ընկալում այդ կարևորագույն տնտեսական խնդիրը մեր իշխանությունները: Ընկալման մակարդակի հաստատումն է նաև իշխանության ձեռքին եղած միակ հակամենաշնորհային գործիքի (ՏՄՊՊՀ) պարապուրդը, երբ գյուղնախարարը (թեկուզ և արդեն նախկին) կաթ արտադրողներին կաթ մթերողների դեմպինգային գործարքից պաշտպանելու միջոց չէր տեսնում՝ «մենք նրանց վրա ազդելու լծակներ չունենք» մեկնաբանությամբ:
Իշխանության հայտարարությունները, թե մեր երկրում մենաշնորհները վերացված են, իրականությանը չեն համապատասխանում: Դրանք ինչպես եղել են, այնպես էլ կան: Որպես դրա հետևանք նույնությամբ պաշտպանվում է երկրում հաստատված օլիգարխիական համակարգը՝ իր բոլոր հնարավոր ազդեցություններով: Իշխանությունների մեկնաբանությունը, թե իրենք չեն ուզում վնասել ձևավորված և գործող բիզնեսներին, նույնպես խոսում է իրենց անելիքների վերաբերյալ պատկերացումների մակարդակի և անճարակության մասին:


Դա նույնպես դրսից լավ տեսանելի է, որքան էլ մենք չուզենանք:
Այս ժամանակավոր կառավարության տնտեսական անհաջողությունների ուրիշ պատճառներ էլ կան, բայց դրանց մասին՝ իրենց տեղում:
Վերջապես՝ անցած հինգ ամիսների ընթացքում կառավարությունը չկարողացավ հանրությանը ներկայացնել հարկային-մաքսային օրենսդրության իր տեսլականը: Կարծում ենք` սա լուրջ է:
Ի՞նչ հետևություն կարող ենք անել այստեղից:
Անելիքը չիմանալով հանդերձ` իշխանությունն զգում է, որ մինչև 2019 թ. կեսերը իր կառավարությունը բազմաթիվ անուղղելի իրավիճակների մեջ է հայտնվելու երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Վատագույնը կատարվելու է տնտեսության հետ և տնտեսության մեջ: Դրանք շատ թանկ են նստելու թե՛ Փաշինյանի անձնական վարկանիշի, թե՛ նրա կուսակցության ՝ որպես իշխանություն վերարտադրվելու կարողությունների վրա:
Այսինքն, կա իրական մտավախություն իշխանությունը կորցնելու, և դա ստիպում է Փաշինյանին արտահերթը 2019-ի մայիս-հունիսից տեղափոխել այս տարվա դեկտեմբեր: Որ արտահերթն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու դեպքում ներկա իշխանությունը արժանի հակառակորդ չի ունենա և կտոնի իր գրեթե միանձնյա հաղթանակը, փաստ է: Եվ դա իրական սպառնալիք է երկրի քաղաքական միջավայրի կենսունակության համար:
Իսկ ինչ կլինի նրա ու իր կուսակցության հետ, եթե 2018-ի դեկտեմբերի արտահերթով նրանք մնան իշխանություն և հետագա հինգ տարիների ընթացքում, այլևս առանց հակահեղափոխության հույսի, ձախողեն երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը: Եվ մենք ականատես կլինենք դեռևս չձևակերպված ուղերձներով ներկայացումների, որոնք կոչված կլինեն փոխարինելու ժողովրդին տված խոստումները: Եվ արդյո՞ք մենք նորից չենք հայտնվի քաղաքական ցնցումների շեմին (կամ էլ հորձանուտում): Արդյոք այդ դեպքում նրա վիճակն ավելի նախանձելի՞ է լինելու, քան, ասենք, եթե մինչև մայիս չկարողանար պահել իր և իր կուսակցության վարկանիշը և խորհրդարանական ընտրություններում տանուլ տար մի նոր քաղաքական ուժի, որը կարող էր իր ծրագրերով և աշխատելու կարողությամբ գերազանցել նրան, շահել ժողովրդի համակրանքն ու ձայները: Չէ՞ որ բնակչության մի ստվար զանգված կանգնեց նրա թիկունքին ոչ թե այն պատճառով, որ սիրում է հեղափոխություն անել, այլ որովհետև ապրելու հնարավորություն և նպատակ է ակնկալում այդ ուժից: Իսկ այդ ամենը խոստանալ և չտալ հնարավոր է մի քանի անգամ, բայց ոչ միշտ և անընդհատ:
Հաջորդ խնդիրը, որ առաջանում է դեկտեմբերին ընտրությունների անցկացման պարագայում: Այս մի քանի ամիսների ընթացքում երկրում ստեղծվել և ստեղծվում են քաղաքական նոր կուսակցություններ, որոնք կարող են ունենալ երկրի զարգացման իրենց տեսլականը, հասարակության կյանքի կարևորագույն հիմնախնդիրների լուծման իրենց ճանապարհները, որոնցով կարող են մրցակցել ներկայիս իշխանությունների ծրագրերի հետ և հասարակությանը տալ ընտրության լուրջ հնարավորություններ: Իսկ այս դեպքում դրանք գրեթե բոլորը դուրս են մնում այդ գործընթացից: Նախ, որովհետև նրանք զրկվում են այն անհրաժեշտ ժամանակից, որը պահանջվում է սեփական ծրագրերի ներկայացման, քաղաքական դաշտում իրենց տեղը գտնելու համար: Իսկ այդ կուսակցությունների թիկունքում, որքան էլ նրանք նորաստեղծ լինեն, հազարավոր մարդիկ են, մտածող մարդիկ: Իշխանություններն իրենց այդ քայլով այս մարդկանց դուրս են դնում ընտրական գործընթացից: ՈՒղղակիորեն դուրս են դնում, որովհետև անգամ եթե նրանք մասնակցեն ընտրություններին և իրենց ձայնը տան ընտրություններում ներկայացված կուսակցություններից կամ դաշինքներից մեկին, ապա ակնհայտ է, որ դա նրանց ընտրությունը չէ:


Ընտրարշավին մասնակցելու հնարավորություն են ունենում այն կուսակցությունները, որոնք մինչ այդ էլ կային քաղաքական դաշտում և բազմաթիվ տարիներ, եթե չասենք տասնամյակներ, այնտեղ են, բայց այժմ նրանք ոչ ասելիք ունեն, ոչ անելիք: Բայց ունեն հնարավորություն այս ընտրություններին ևս մասնակցելու, քննադատելու, պաշտպանվելու, այս կամ այն ուժին սատարելու կամ դաշինքներ կազմելու և այլն: Կարճ՝ այս ընտրությունները ևս զարդարելու: Եվ սա ի՞նչ կտա մեր քաղաքական միջավայրին:
Մյուս խնդիրն առնչվում է նախընտրական գրավին: Քանի որ ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխություններով դեռևս պահպանվում է ընտրագրավ հասկացությունը, դա ևս մեկ էական խոչընդոտ է նորաստեղծ կուսակցությունների ճանապարհին: Դա ոչ միայն կարող է փակել իրոք գաղափարական բովանդակություն ունեցող կուսակցությունների ճանապարհը հատկապես այս գերկարճ վազքատարածության պարագայում, այլև լավագույն պայմաններ կստեղծի օլիգարխների հովանիների տակ բուծված կուսակցական տնտեսությունների համար, որոնց նպատակներն իշխանությունում բոլորիս են հայտնի:
Արդյունքում մենք տեսնում ենք, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունները եկող տարվա մայիս-հունիսից այս տարվա դեկտեմբեր տեղափոխելը բովանդակային առումով ոչ մի դրական բան տալ չի կարող: Այն կունենա բազմաթիվ բացասական հետևանքներ, որոնց ազդեցությունը կզգացվի արդեն ընտրություններից ոչ շատ անց:


Իրականում այն լուծում է միայն այսօրվա իշխանությունների խնդիրը՝ մնալ իշխանությունում:
Նույնպիսի նպատակաուղղվածությամբ Ս. Սարգսյանի իշխանությունը ոչ վաղ անցյալում «հիմնավորեց» և անցկացրեց կառավարման նախագահական ձևից խորհրդարանականին անցնելու հանրաքվեն (սրա բացասական հետևանքների մասին ես իմ կարծիքը հայտնել եմ «Իրատեսի» էջերում` նախքան այդ հանրաքվեի անցկացումը), որը, ըստ էության, իշխանություն մնալու նրա համար ձևված տարբերակն էր: Եվ այսօրվա իշխանությունները, որ այն ժամանակվա ընդդիմությունն էին, իրավացիորեն քննադատում էին այն ժամանակվա իշխանություններին:
Հիմա ի՞նչ է ստացվում: Իշխանությունն այնքան քաղցր պտուղ է, որ այն վերցնողն այլևս չի ուզում բաց թողնել ձեռքից: Եթե այդպես է, ուրեմն այսօրվա իշխանությունները չեն դիմացել գայթակղությանը կամ, որ նույնն է, «հեղափոխական արժեքները վտանգված են»:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3153

Մեկնաբանություններ