Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լուկաշենկոյի թատրոնը

Լուկաշենկոյի թատրոնը
15.12.2018 | 12:49

Բազմաժամյա մամլո ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տասնյակ թեմաներ է խառնել ու իր համար սովորական էպատաժային տոնով իբր բացահայտումներ արել, իրականում նոր ոչինչ չասելով: Նա իրեն հիանալի է զգում մեկ դերասանի թատրոնում, նույնիսկ առանց հանդիսատեսի: Այդպիսին է Բատկան ու այդպես է պահում իշխանությունը: Նա մեղադրում է բոլորին ու տեղնուտեղը ներողություն խնդրում, որ նորից մեղադրի: Նույն ասուլիսում Բատկան ասել է` «Բելառուսի ինքնիշխանությունը սրբազան է», և դա միակ ճշմարտությունն է, որ ասել է Բելառուսի նախագահը:


Դեկտեմբերի 14-ին Լուկաշենկոն մամլո ասուլիս է տվել Մինսկում, բայց` ռուս լրագրողների համար, որ արդեն իսկ տարօրինակ ձևաչափ է: Ինչու՞ միայն ռուսների: Նա հերթական անգամ մեղադրել է Մոսկվային գազի բարձր գնի համար ու հիշեցրել, որ Բելառուսում ռուսական երկու ռազմաբազաներ կան ու Մոսկվան ոչինչ չի վճարում: Մեղադրել է լրագրողներին, որ օբյեկտիվ չեն լուսաբանում իրադարձությունները, օրինակ է բերել Սանկտ Պետերբուրգի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ամեն ինչ այնքան լարված է եղել, որ բոլորը բոլորից ներողություն են խնդրել: Լրագրողները ուղիղ եթեր են տվել Լուկաշենկոյի ու Պուտինի խոսքակռիվը ու հետո հայտարարել են, որ Լուկաշենկոն ներողություն է խնդրել: «Ես ներողություն խնդրեցի Նիկոլ Փաշինյանից՝ տարբեր առիթներով նրա հասցեին հայտարարություններիս համար: Պուտինը ներողություն խնդրեց բոլորից: Այնտեղ մի իսկական կաշա էր, մենք իսկապես մեկս մյուսից ներողություն էինք խնդրում», - պատմել է Լուկաշենկոն: Փաստելով, որ այդ օրը ընդունել է իր սխալը Փաշինյանի առջև, Լուկաշենկոն կրկնել է իր տեսակետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ և կոչ արել Հայաստանի իշխանություններին համաձայնել իր ներկայացուցչի նշանակմանը: «Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ՀԱՊԿ ղեկավար ընտրել, - ասել է Լուկաշենկոն,-խնդիրը ոչ թե մենք ենք ստեղծել, այլ՝ նա: Երբ ձերբակալում ես կազմակերպության նախկին ղեկավարին, իմաստուն եղիր և կամացուկ լուծիր այս հարցը, կընտրեինք նոր ղեկավարի, որ այդքան էլ մեծ դեր չի խաղում այնտեղ, և այս պրոբլեմն էլ չէր առաջանա: Բայց չէ, Նիկոլ Փաշինյանը մեզ ներքաշեց իր ներքին խնդիրների մեջ, հետո էլ ընտրություններ, ու` այդպես»:


Ալեքսանդր Լուկաշենկոն պնդել է, որ իրեն աջակցում են ՀԱՊԿ մյուս նախագահները, այդ թվում՝ ՌԴ նախագահը. «Տպավորություն էր, կարծես ես առաջ եմ նետվում, որ գլխավոր քարտուղարը մեր մարդը լինի: Ոչ, Նուրսուլթան Նազարբաևն էր, իսկ հետո նաև Վլադիմիր Պուտինն ու մյուսները պաշտպանեցին, որ նախագահությունը փոխանցվի Բելառուսին»: Լուկաշենկոն պնդել է, թե կառույցի բոլոր երկրները համաձայնության են եկել այս հարցի շուրջ, չթաքցնելով, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ է եղել: «Ես ձեզ տալիս եմ իմ երիտասարդ գեներալին, Ազգային անվտանգության խորհրդի գործող քարտուղարին», - խոսելով իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի մասին, ասել է Բելառուսի նախագահը, ընդգծելով, որ Զասը պատրաստ է այցելել կազմակերպության անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան: «Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց՝ խոսեք նրա հետ, - դիմելով Երևանին՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով,-գուցե նա ձեզ համար ցանկացած հայից էլ լավը լինի, ինչո՞ւ եք զգուշանում բելառուսներից, չէ՞ որ մենք էլ մերոնքական ենք»: ՀԱՊԿ-ով Հայաստանի թեման չի ավարտվել, նա արձագանքել է Ադրբեջանին զենք վաճառելու Փաշինյանի կշտամբանքներին ու անմեղ-անմեղ պատմել. «Ադրբեջանցիները խնդրում էին՝ վաճառեք մեզ, իսկ մեզ պետք էր փակել այն վարկը, որ վերցրել էինք դրանից առաջ: Եվ ես ասացի՝ կվաճառեմ ադրբեջանցիներին, ու նույնանման համալիր նաև Հայաստանին առաջարկեցի: Հայերը հրաժարվեցին՝ ասելով, թե ռուսական «Իսկանդեր» ունեն, որը շքերթի ժամանակ ցույց են տվել: Մենք էլ, ադրբեջանցիների խնդրանքով, համալիրը պատրաստեցինք այնպես, որ հասցնենք և ցուցադրվի շքերթում: Թերևս, դա է իմ մեղքը, որ շտապել եմ ռազմական շքերթին հասցնել»: Ընդամենը` վարկ էր վերցրել` փողի փոխարեն զենք է տվել, ինչ է արել որ: Մանավանդ` որ շատ լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին ու հայերին:


Այնքան լավ, որ Երևանում Պուտինի հետ «կոնսոլիդացված» համոզել է Սերժ Սարգսյանին 5 շրջան վերադարձնել Ալիևին. «Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացվել է 7 շրջան: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա տեղի է ունեցել Երևանում՝ ՀԱՊԿ հանդիպմանը)։ Սերժ, տուր այդ 5 շրջանը: Ինչ իմաստ ունի պահել, երբ դատարկ են: Նա ասաց, եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կշրջափակեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասել է. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»` պատմել Լուկաշենկոն ու շարունակել զարմանալ. «Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում և Ադրբեջանը, և Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչո՞ւ եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Դա Ղարաբաղի մասին չէ»: Լուկաշենկոյին ի՞նչ: Ասում է` ինչ եղել է, հետո ինչ, որ դա Լավրովի պլանն է…


Լուկաշենկոն առաջին անգամ պատմել է ևս մեկ չկայացած նախագծի մասին` Ադրբեջանից Հայաստանի տարածքով Վրաստան խողովակաշարի. «Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը», - ասել է Լուկաշենկոն ու պատմել, որ ինքը շփվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ու նա ասել է, որ խոսի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` Հայաստանի տարածքով տարանցիկ խողովակաշար կառուցելու համար, որ շահավետ կլինի երկու կողմերի համար: «Ես առաջարկել եմ, ասում է, պետք է այս հարցերը լուծել, ես այդ խողովակաշարը կգցեմ ու կօգնեմ վերականգնել Հայաստանը: Նրանք անհաշվելի փող կունենան: Դրանից հետո ես գնացի Սերժ Ազատիչի մոտ ու առաջարկեցի նրան: Հրաժարվեց: Բայց ի վերջո ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու»` անկեղծացել է Բելառուսի նախագահը: Ու եթե նույնիսկ հավատանք նրա անկեղծությանը, ինչպե՞ս հավատանք Իլհամ Ալիևի անկեղծությանը` Հայաստանը վերականգնելու ու անհաշվելի փող Հայաստանին նվիրելու: Իլհամ Ալիևը: Ու` ի՞նչ: Ոչինչ: Համարեք տարեմուտի հեքիաթ կամ տափակ անեկդոտ Բելառուսի նախագահից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իմունիտետ է պետք` այսօրինակ պատմություններին թեթև վերաբերվելու, մեղմ ասած, ոչինչ համարելու ու սեփական խնդիրները լուծելու: Շատ հնարավոր է, որ թե ԱՊՀ-ն, թե ՀԱՊԿ-ը, թե ԵԱՏՄ-ն լինեին հիանալի աշխատող կառույցներ ու լուծեին իրենց կանոնադրություններում երկար-բարակ շարադրված խնդիրները, եթե այլ նախագահներ ունենային այդ կառույցներին անդամակցող երկրները: Բայց նրանք այդպիսին են ու իրենց նման են դարձնում իրենց ղեկավարած կառույցները` անօգուտ ու անհեռանկար` շահերի բախման պատճառով: Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ը վերափոխելու ցանկությունը նման է դոն Կիխոտի հողմաղացներին հաղթելու պատմությանը:

Դիտվել է՝ 2941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ