Թեև հումանիտար հրադադարի մասին երկրորդ անգամ ձեռքբերված համաձայնությունն Ադրբեջանը կոպտորեն խախտում է, բայց պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրության ջանքերն, առաջին հերթին՝ եղբայրական Ռուսաստանի, ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը, դրական է գնահատում: Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն այն տեսակետին է, որ եթե հակառակորդն այս անգամ էլ չհարգի միջազգային հանրության ջանքերը և հրադադարի ռեժիմը կրկին չեղյալ համարի, երրորդ անգամ շատ ավելի կոշտ մեթոդներ են բանացվելու. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներն այլ՝ ավելի կոշտ մեթոդների են անցնելու, որովհետև առանց այդ էլ այս ամենը մարտահրավեր է միջազգային հանրությանը: Երրորդ անգամ, չեմ կարծում, որ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը: Արցախը պինդ է և կանգուն՝ անկախ ամեն ինչից: Նման մարտահրավերները ճակատագրական են: Մենք կանգնելու ենք մինչև վերջ, ու թող որևէ մեկը չկասկածի դրանում:
Բաբայանն այն համոզմանն է, որ եթե միջազգային հանրությունն ավելի վաղ կոշտ գործողություններ իրականացներ, ապա Արցախում իրավիճակն այսպիսին չէր լինի: Հավելում է՝ մի շարք միջազգային կազմակերպություններ պարտավոր էին ավելի օպերատիվ կերպով արձագանքել, որպեսզի այս պատերազմը մարդասիրական ճգնաժամի չվերածվեր. «Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ, այո, մենք պետք է շարունակենք գործակցել միջազգային կառույցների հետ, բայց խաղաղության և մեր անվտանգության ամենակարևոր գրավականը նաև եղբայրական երկրների հետ ճիշտ աշխարհաքաղաքական հարաբերությունը նոր որակի հասցնելն է: Մենք պարտավոր ենք սրանից հետո համապատասխան հետևություններ անել բոլոր մակարդակներով»: