Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Խաղաղությունը ձեռք չի բերվում ստորագրություններով կամ նախաստորագրումներով

Խաղաղությունը ձեռք չի բերվում ստորագրություններով կամ նախաստորագրումներով
04.11.2025 | 12:23

Ալիևը կրկին խոսել է «Գյոյչա» լճի մասին՝ հայտարարելով, որ Սևանը հայկական չէ, և որ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը Հայաստանի տարածք «բնական գործընթաց» է։ Երևանում այս ամենը փորձում են ներկայացնել որպես հերթական հայտարարություն՝ ուղղված նրա «ներքին լսարանին»։ Սակայն իրականությունն այն է, որ Ալիևն ունի բացարձակ տարածքային ախորժակ, և օգոստոսի 8-ի նախաստորագրումը նրա համար ընդամենը նոր զիջումներ կորզելու միջոց էր, ոչ թե իրական խաղաղության հնարավորություն։

ԱԺ նախագահի աթոռին հայտնված անձը, օրինակ, Արցախի ժողովրդի վերադարձը համեմատեց ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հետ։ Այս ամենին խաղաղասիրական ինքնախաբեությամբ արձագանքելը միայն հաստատում է այն համոզմունքը, որ այս իշխանությունն իրականացնում է հակահայկական քաղաքականություն։ Խաղաղության ֆոնին շարունակվում են զիջումները. 300 000 ադրբեջանցու Հայաստան գալը, որը առաջին փուլն է լինելու հետագա գործողությունների, թույլ է տալու հաստատել ադրբեջանական ներկայություն և ազդեցություն՝ վարչական ու անվտանգային մեխանիզմներով, առանց ռազմական միջամտության. Երկրորդ փուլը արդեն կլինի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության քողի տակ ներխուժումը, և Նիկոլը դա շատ լավ գիտակցում է. ուղղակի վերընտրվելու համար պետք է բեմադրել «խաղաղություն» կոչվող ներկայացումը։

Բայց իրականում խաղաղություն չկա և այս պայմաններում չի կարող լինել։ Օգոստոսի 8-ի նախաստորագրումը, ինչպես և սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը, Ալիևի համար միայն իր ուզածին հասնելու միջոց են։ Նրա ախորժակը անսահման է, և մեր կողմից յուրաքանչյուր զիջում ընկալվում է ոչ թե որպես խաղաղասիրական քայլ, այլ որպես թուլության նշան։

Սա բնավ առաջին դեպքը չէ, երբ Ալիևը նման հայտարարություններ է անում։ Թե նրա, թե այլ ադրբեջանցի պաշտոնյաների նման հռետորաբանությունը նախաստորագրումից հետո միայն շատացել է. բավական է միայն հիշել գրեթե ամենօրյա խոսակցությունները Զանգեզուրի միջանցքի մասին կամ Ալիևի ելույթը ՄԱԿ ամբիոնից. սա վկայում է այն մասին, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները կրկին կատարվելու են միայն մեր կողմից, ինչպես նոյեմբերի իննինը։ Սթափ մտածող բոլոր քաղաքացիների համար ակնհայտ է, որ իրականում սա նոր զիջումների և/կամ նոր պատերազմի նախերգանքն է։

Խաղաղությունը ձեռք չի բերվում ստորագրություններով կամ առավել ևս նախաստորագրումներով. այն հնարավոր է միայն պատրաստակամությամբ պաշտպանելու սեփական հողն ու պատիվը, ապահովելով ռազմական հավասարակշռություն և ունենալով պետական ռացիոնալ մտածողություն. հենց վերջինիս բացակայության պատճառով է, որ Արցախն այլևս չկա։

Նման քաղաքականության շարունակությունը ստեղծում է իրական վտանգ. Եթե ՔՊ կոչվող այս ապազգային թիմը վերընտրվի, «վերադարձի» գործընթացը կմտնի գործնական փուլ՝ մեծացնելով ռիսկը, որ այն կհանգեցնի նոր պատերազմի։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ