Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հանրահայտ հեղինակի անհայտ գրականությունը

Հանրահայտ հեղինակի անհայտ գրականությունը
12.08.2026 | 16:15

Գուրգեն Յանիկյանի գրական ժառանգությունը վերադառնում է ընթերցողին․ լույս են տեսել վեցհատորյա ժողովածուի առաջին երկու հատորները

Գուրգեն Յանիկյանի անունը հայ իրականության մեջ առավել հաճախ հիշատակվում է 1973 թ. հունվարի 27-ի ԱՄՆ-ի Սանտա Բարբարայի դեպքերի կապակցությամբ։ Այդ իրադարձությունը նրան դարձրել է 20-րդ դարի հայ ազգային-քաղաքական պատմության ամենաքննարկվող դեմքերից մեկը։ Սակայն Յանիկյանի կյանքն ու գործունեությունը դրանով չեն սահմանափակվում։ Նա ինժեներ էր, գրող, հրապարակախոս, մտածող, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդի։ 1915-ի ողբերգական իրադարձությունները խոր հետք են թողել նրա աշխարհայացքի վրա, իսկ գրական ժառանգության մեջ նա անդրադարձել է ազգային հիշողության, արժանապատվության, արդարության, մարդկային պատասխանատվության, հավատքի ու բարոյականության խնդիրներին։

Այսօր կարևոր էր բացել հենց Յանիկյան գրողի ու մտածողի կերպարը։ Այդ նպատակին է ծառայում նրա ստեղծագործությունների վեցհատորյա ժողովածուի հրատարակությունը։ Գուրգեն Յանիկյանի գրական ժառանգությունը մեկ ամբողջության մեջ ներկայացնելու նախաձեռնությունը ստանձնել է «Հայաստանի Ժողովրդական Շարժում» ՀԿ-ն, իսկ նյութերի որոնման, նախապատրաստման և հրատարակության դժվարին աշխատանքն իրականացրել է Լիբանանի «Սփիւռք» շաբաթաթերթի հանրույթը՝ խմբագիր Սագօ Օգնայեանի գլխավորությամբ։Արդեն լույս են տեսել Ա և Բ հատորները՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանի ներածական խոսքով։

Հատորներում ընդգրկված են Յանիկյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, պատկերներ, բանաստեղծություններ, հրապարակագրություններ, պատմվածքներ, նամակներ և խոշորածավալ գրական գործեր։ Բ հատորում ներկայացված են «Հուդա Իսկարիովտացու հաղթանակը», «Քրիստոսն, ով հարություն առավ» վեպերը և «Մեր մեսիան» թատերգությունը։ Այս հրատարակությունը հնարավորություն է տալիս Յանիկյանին ճանաչել ոչ միայն որպես պատմական ու քաղաքական դեմք, այլև որպես ինքնատիպ մտածող ու ստեղծագործող հեղինակ։

«Հուդա Իսկարիովտացու հաղթանակը». Յանիկյանի գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Հուդա Իսկարիովտացու հաղթանակը» վեպը։ Նրա ընտրած թեման ինքնին համարձակ է․ հեղինակը քրիստոնեական ավանդության ամենավիճահարույց կերպարներից մեկին՝ Հուդային, ներկայացնում է այլ դիտանկյունից՝ կասկածի տակ դնելով դարերով հաստատված որոշ ընկալումներ։ Վեպը նախ հրատարակվել է ֆրանսերեն՝ Փարիզում, ապա թարգմանվել անգլերեն և լայն հետաքրքրության ու բանավեճերի առիթ դարձել։ Ստեղծագործությունը ընթերցողին կանգնեցնում է բարոյական և փիլիսոփայական հարցերի առաջ՝ ո՞վ է դավաճանը, որտե՞ղ է մարդու պատասխանատվության սահմանը, և կարո՞ղ է պատմության մեջ դատապարտված կերպարը դիտարկվել բոլորովին այլ մեկնաբանությամբ։ Այս ամենը վկայում է, որ Յանիկյանը գրականության մեջ ևս ընտրում էր ոչ սովորական ճանապարհ՝ փորձելով վիճարկել հաստատված պատկերացումները և ընթերցողին մղել ինքնուրույն դատողության։

Դեռ չհրատարակված չորս հատոր. «Սփիւռք»-ի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ հատորները ևս ընդգրկելու են Յանիկյանի ժառանգության կարևոր բաժիններ։ Գ հատորը նվիրված է կանանց վերաբերյալ ստեղծագործություններին, Դ հատորը՝ համամարդկային և Ամերիկայի հետ առնչվող գործերին, իսկ Ե և Զ հատորներում ներկայացվելու են 1973 թ. գործողության վերաբերյալ նյութերը։ Այսպիսով, վեցհատորյակը հնարավորություն է տալու Յանիկյանի կյանքն ու ստեղծագործությունը դիտարկել առավել ամբողջական համատեքստում։

Յանիկյանի անունը հաճախ ստվերում է հենց նրա գրական ժառանգությունը։ Մինչդեռ նա գրել է վեպեր, թատերգություններ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշագրություններ, հրապարակախոսական և փիլիսոփայական աշխատություններ։ Նրա գործերում կարևոր տեղ ունեն Հայոց ցեղասպանության հիշողությունը, ազգային արժանապատվությունը, հայրենասիրությունը, արդարության և պատասխանատվության գաղափարները, մարդու բարոյական ընտրությունն ու հավատքի խնդիրները։ Նրա գրական արժեքի վերջնական գնահատականը, անշուշտ, մասնագիտական առանձին ուսումնասիրության խնդիր է։ Պատմական նշանակությունն ու գեղարվեստական արժեքը նույնական չեն։ Բայց անվիճելի է, որ այս ժառանգության ամբողջական հրատարակությունը հնարավորություն է ստեղծում այդ ուսումնասիրության համար։

Յանիկյանի անվան հետ կապվում է նաև ԱՍԱԼԱ-ի «հոգևոր հայր» բնորոշումը։ Սա պաշտոնական կոչում չէ, այլ հասարակական և պատմագիտական շրջաններում տարածված գնահատական, որը վերաբերում է 1973 թ. գործողության՝ հետագա զինյալ պայքարի գաղափարական միջավայրի վրա ունեցած ընկալվող ազդեցությանը։ Այն չի նշանակում, թե Յանիկյանը եղել է ԱՍԱԼԱ-ի ստեղծող կամ ղեկավար։

Անհայտությունից՝ դեպի ընթերցող. Երկու հատորների կարևորությունն առաջին հերթին այն է, որ Յանիկյանի բազմաթիվ ստեղծագործություններ ու նյութեր երկար ժամանակ ընթերցողի համար մնացել են դժվար հասանելի կամ գրեթե անհայտ։ Այժմ դրանք դուրս են գալիս այդ անհայտության մշուշից։ Ընթերցողը հնարավորություն է ստանում ոչ միայն լսելու Յանիկյան անունը և նրա շուրջ ձևավորված պատմական գնահատականները, այլև կարդալու հենց հեղինակին՝ ծանոթանալու նրա մտքերին, լեզվին, գրական աշխարհին ու գաղափարներին։ Այդ իմաստով վեցհատորյակի հրատարակությունը պարզապես գրահրատարակչական իրադարձություն չէ։ Ցրված ու դժվար հասանելի ժառանգությունը որոնել, հավաքել, դասակարգել և ամբողջական հրատարակության վերածելը մեծ ու շնորհակալ աշխատանք է, և արժանի է գնահատանքի նախաձեռնողների, կազմողների ու հրատարակիչների նվիրումը։ Գուրգեն Յանիկյանի պատմական կերպարի շուրջ կարելի է ունենալ տարբեր գնահատականներ, համաձայնել կամ չհամաձայնել նրա գաղափարների ու գործողությունների հետ։ Բայց նրա գրական ժառանգությունը ճանաչելու և ուսումնասիրելու անհրաժեշտությունը դրանից չի վերանում։

Այս երկու հատորները Յանիկյանին վերադարձնում են ընթերցողին՝ ոչ միայն որպես պատմական դեմքի, այլև որպես գրողի, հրապարակախոսի և մտածողի։

Մնում է մաղթել, որ նախաձեռնությունը շարունակվի նույն նվիրումով, և առաջիկա չորս հատորներն էլ հասնեն ընթերցողին՝ ամբողջացնելով Գուրգեն Յանիկյանի գրական ու մտավոր ժառանգության այս նշանակալի հավաքածուն։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ