Անցյալում Աստծուն հայհոյելը՝ Աստվածանարգությունը համարվել է ամենածանր հանցանքը և պատժվել ամենախիստ պատժով՝ մահապատժով: Մեր խոսույթում ամենամեծ հայհոյանքը համարվել է «Անաստվածը»:
Գոշի դատաստանագրքում Աստվածանարգություն է համարվել նաև քահանայի, դատավորի, ծնողի նկատմամբ անհնազանդությունը և անարգանքը:
Ընդ որում, մահապատիժը նախատեսվել է առանց դավանական խտրության:
Սմբատ սպարապետի դատաստանագրքում բոլոր դասերից ամենապատկառելին համարվում էր Վարդապետաց դասը, իսկ նրանց նկատմամբ ոտնձգությունը և անարգանքը դիտվում՝ որպես աստվածանարգություն, որը պատժվում էր քարկոծմամբ:
Շահամիրյանի «Որոգայթ Փառաց»-ում ցանկացած պետական պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ էր լինել ազգությամբ հայ, առաքելադավան, օժտված բարոյական բարձր հատկանիշներով: Քրիստոնեությունը այնպիսի արժեք էր, որ դրա ուրացումը հայ մարդու կողմից պատժվում էր ոչ ավելի ոչ պակաս, քան մահապատժով։
Ինչ խոսք՝ դաժան է:
Հավատքի դաշտը և Եկեղեցին մշտապես եղել են այն անձեռնմխելի տիրույթները, որտեղ ցանկացած միջամտություն առավել ևս՝ բացասական ներգործություն, դիտվել է անթույլատրելի՝ քրեորեն դատապարտելի և բարոյապես պարսավելի:
Այդ պատճառով են մեր հայ օրենսգետները հոգևոր ոլորտը անխաթար պահելու նկատառումով ձևավորել եկեղեցու և պետության գործառութային տարանջատումը, միմյանց գործերին չմիջամտելու անհրաժեշտությունը՝ առաջինին վերապահել մարդու հոգու նորոգումը, մյուսին մարմնական պետքերը, այս առումով երբեմն նաև սահմանել եկեղեցու գերակայությունը պետության նկատմամբ:
Իսկ հոգևոր- աստվածային օրենքը համարվել է բարձրագույնը բոլոր օրենքներից:
Մենք ցավոք չունենք ո՛չ հոգևոր անվտանգության հայեցակարգ, ո՛չ պատշաճ կրթական ծրագրեր, որոնք կապահովեին պետության և եկեղեցու հարաբերությունների ճիշտ ըմբռնումը, իրավական հիմքերի սահմանումը, հոգևոր իրավունքի և անվտանգության երաշխավորումը:
«Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, բոլոր իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում» (Հռ. 13։12)։
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ
Հ.Գ.
Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների միաձայն որոշմամբ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։