Մակերեսայիններին լռեցնելու հետ կապված հիմնական պնդում՝ անկախ, ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ կյանքն այն լավագույնն է, որին կարող է ձգտել մարդ կոչվելու իրավունք ունեցող որևէ մեկը։
Ուժային սկզբունքներով կառավարվող աշխարհում այդ նպատակին հասնելու համար պետք է բոլոր հնարավոր միջոցներով դառնալ հնարավորինս ուժեղ, որն էլ առանց ժամանակակից խելք բանեցնելու անհնարին է։
Խելք բանեցնելն էլ, իր հերթին, հնարավոր է միայն երկրում ունենալով բարձր մակարդակի մտավոր մթնոլորտ, այսինքն, կրթություն և գիտություն ու, հատկապես, վերջինիս կիրառական թևը։
Բազմաթիվ պատճառներով նման ցանկալի կյանքը ամեն մեկի խելքի բանը չէ, քանի որ բոլորն են ձգտում դրան, բայց ոչ բոլորն ունեն դրա համար անհրաժեշտ ուժ, խելք, ռեսուրս ու մեկ էլ՝ բախտ, և դրանցից մեկն էլ մենք ենք։
Թե դա ինչպես է եղել, որ այդպես է ստացվել, ներկայի համար այնքան էլ կարևոր չէ, այլ կարևորն այն է, որ մենք բոլորի նման ապրել ենք ուզում, բայց նաև արդեն պարզել ենք, որ դրա լավագույնին ձգտելը մեր խելքի բանը չէ։
Նման պայմաններում ո՞րն է մեր հաջորդ տրամաբանական քայլը. ճիշտ եք՝ գտնել որևէ ապրելու տարբերակ, որը նաև ստեղծված պայմաններում ամենից ձեռնտուն կլինի մեզ համար։
Մյուս կողմից էլ, ինչպիսին էլ լինի մեր ապրելը շարունակելու հնարավոր տարբերակը, այն ենթադրելու է գտնվելը որևէ մեկի ազդեցության զոնայում, քանի որ աշխարհում որևէ թույլի ապրելը ենթադրում է նրա գտնվելը ավելի ուժեղ մեկի ազդեցության ոլորտում։
Եթե որևէ տգետ կամ էլ մտասևեռված մեկը սրան համաձայն չի, թող բոլոր դեպքերում իմանա, որ սա 2x2=4-ի նման պարզ ու հաստատ բան է։
Կասկածողները թող նայեն նախկինում հզոր Եվրոպայի, Ճապոնիայի և այլ ավելի թույլերի օրինակներին, որոնք բոլորը շատ երկար տարիներ եղել են ԱՄՆ-ի ազդեցության և պաշտպանության տակ։
Կամ էլ՝ մեզ ու վրացիներին, որ մի քանի հարյուր տարի եղել ենք ռուսների հովանավորության տակ։
Մի խոսքով, մեր ապրելը ներկա պայմաններում հնարավոր է միայն որևէ ուժեղի հովանու տակ, և դրա համար պետք է քննել այդ բանն անելու բոլոր հնարավոր տարբերակները։
Վերջին հաշվով, ամեն ինչ ուժով է որոշվելու, իսկ մենք ուժ չունենք, և այս հարցում նաև օգնել չի կարող ջայլամի քաղաքականությունը։
Մենք իրականությունը ուզում ենք տեսնել, թե չենք ուզում, միևնույն է, քանի որ մեր հարցերը լուծվելու են ուրիշների բախման արդյունքում։
Թե այդ ուժեղներից ո՞վ կհաղթի և ո՞վ կլինի մեր տարածաշրջանում իրավիճակի տերը, նույնպես անհայտ է, բայց դրա մասին կարելի է գալ որոշակի եզրակացությունների, որը հնարավոր է միայն գիտական կանխատեսումների մեթոդով, որի հնարավոր արդյունքը որևէ կապ չունի, թե այս հարցում ով ինչ է ցանկանում։
Պետք է նաև զգուշանալ սեփական ինչ-ինչ նկատառումների վրա հիմնված ունեցած ցանկությունը գիտական կանխատեսման հետ խառնելուց, քանի որ ցանկությունները շատ են, իսկ վերջնական լուծումը՝ մեկը։
Իսկ ինչ վերաբերում է նման հարցում կանխատեսումներ անելու ամենապարզ մեթոդին, ապա այն ունի հետևյալ պատկերը։
Կազմվում է մեր տարածաշրջանում հնարավոր դոմինանտ ուժի տերերի անունները վերից վար ցուցակի տեսքով, որտեղ ամեն մեկի դիմաց գրվում է նրա կողմից մինչև հիմա մեզ արված լավությունների ու վատությունների ցուցակը: Օրինակ.
ԵՄ - 1․Լ (լավությունների ցուցակ)
2․Վ (վատությունների ցուցակ)
3․ Լ-Վ։
Եվ այսպես՝ բոլոր հնարավոր թեկնածուների համար։
Ում համար այս Լ-Վ մեծությունը կստացվի ամենամեծը, նա էլ կլինի մեր ամենահավանական «զոն նայողը»։
Իհարկե, մի քիչ ավելի հիմնավոր լուծումների համար պետք է հաշվի առնել նաև աշխարհի ներկա վիճակը, բայց դա շատ դժվար է և պահանջում է լուրջ գիտելիք ու նաև գիտական օբյեկտիվություն, ինչն էլ շատ հեռու է մեզնից։
Պավել Բարսեղյան