Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ժամանակավոր խուլիգանություն և հավերժական Սրբություն

Ժամանակավոր խուլիգանություն և հավերժական Սրբություն
07.10.2026 | 21:22


Սկիզբը՝ այստեղ

(Երբ փողոցային աղմուկը բախվում է դարավոր Հիշողությանը)

Այս հրապարակման նախորդ՝ «Ինչպես են Հերոստրատն ու Վերխովենսկին կառավարում Հայաստանը» վերտառությամբ հատվածում ներկայացված հրեշադեմ սինթեզը, լոկ գրական կամ վերացական մտահղացում չէ. այն ունի իր շոշափելի, քաղաքական և իրավական հետևանքները, որոնց դեմ ցանկացած ինքնիշխան ու առողջ հասարակություն վաղ թե ուշ տալիս է իր համարժեք գնահատականը։
Իրավական և ժողովրդավարական բարձր մշակույթ ունեցող երկրների պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պետությունների առաջին դեմքերը՝ նախագահներ, վարչապետներ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, կանգնել են անհապաղ հրաժարականի կամ դատական խիստ պատասխանատվության առաջ՝ անձնական կյանք ներխուժելու, զրպարտության, հանրային անբարո խոսքի կամ սադրանքների պատճառով։
Վկայակոչեմ համաշխարհային պատմության ամենահայտնի և բեկումնային օրինակները, երբ տարբեր երկրների առաջին դեմքերի «հերոստրատյան» կամ «վերխովենսկիական» վարքագիծը չեն հանդուրժել համակարգն ու հասարակությունը, և հետևել է համարժեք պատասխանը։
Ահա Google-ից քաղված համաշխարհային պատմության ամենահայտնի և բեկումնային օրինակները, երբ տարբեր երկրների առաջին դեմքերի «հերոստրատյան» կամ «վերխովենսկիական» վարքագիծը չեն հանդուրժել համակարգն ու հասարակությունը, և հետևել է համարժեք հատուցումը։
1. Ռիչարդ Նիքսոն (ԱՄՆ նախագահ) - Ուոթերգեյթյան սկանդալ (1974 թ.)
Սա պատմության մեջ առաջին դեմքի ամենահայտնի տապալումն է, որի հիմքում ընկած էր հենց քաղաքական ընդդիմախոսների անձնական ու տեղեկատվական տիրույթ ներխուժելու դիվային մեթոդաբանությունը։ Նիքսոնի թիմը գաղտնալսող սարքեր էր տեղադրել Դեմոկրատական կուսակցության շտաբում՝ «Ուոթերգեյթ» հյուրանոցում, և փորձում էր բանսարկությունների ու ստի միջոցով կազմաքանդել հակառակորդներին։
Երբ բացահայտվեց, որ նախագահը ոչ միայն տեղյակ է եղել այդ ապօրինություններից, այլև փորձել է օգտագործել պետական լծակները հանցանքը թաքցնելու համար, ԱՄՆ պատմության մեջ առաջին և միակ անգամ Գերագույն գլխավոր հրամանատարը ստիպված եղավ հրաժարական տալ՝ իմպիչմենտից ու դատարանի առաջ կանգնելուց խուսափելու համար։
2. Քրիստիան Վուլֆ (Գերմանիայի նախագահ) - Մամուլի թիրախավորում և սպառնալիք (2012 թ.)
Գերմանիայի նախագահը՝ երկրի առաջին դեմքը, ստիպված եղավ հրաժարական տալ ոչ թե մեծագույն քրեական հանցագործության, այլ էթիկական սահմաններն անցնելու և լրատվամիջոցին լռեցնելու փորձի պատճառով։
Երբ գերմանական «Bild» թերթը պատրաստվում էր նրա անձնական ֆինանսների վերաբերյալ նյութ հրապարակել, Վուլֆը զանգահարել էր թերթի գլխավոր խմբագրին և ձայնագրիչի վրա թողել սպառնալից հաղորդագրություն՝ խոստանալով «պատերազմ հայտարարել» թերթին, եթե նյութը տպագրվի։
Իրավական երկրում առաջին դեմքի նման «զոռբայության» դրսևորումը, անձնական սպառնալիքն ու մամուլի թիրախավորումը առաջացրին հանրային այնպիսի կատաղի դիմադրություն, որ դատախազությունը պահանջեց զրկել նախագահին անձեռնմխելիությունից։ Վուլֆն անհապաղ հրաժարական տվեց և կանգնեց դատարանի առաջ (թեև հետագայում արդարացվեց, բայց նրա քաղաքական կարիերան հավերժ ոչնչացավ)։
3. Սիլվիո Բեռլուսկոնի (Իտալիայի վարչապետ) - Բարոյական անկում և դատական մարաթոն
Բեռլուսկոնին տասնամյակներ շարունակ Իտալիայում կիրառում էր մաքուր «վերխովենսկիական» մեթոդներ. տիրապետելով հեռուստաալիքներին՝ նա եթերից սևացնում էր իր ընդդիմախոսներին, ներխուժում նրանց անձնական կյանք, իսկ իր սեփական անբարո վարքագիծն ու օրենքի խախտումները ներկայացնում որպես «նորմ»։
Հակառակ օրվա «ասողի» անպատիվ ճորտը դարձած հայաստանյան ուժային կառույցների՝ Իտալիայի անկախ դատական համակարգը տարիներ շարունակ անդադար պատերազմ մղեց վարչապետի դեմ։ Ի վերջո, Բեռլուսկոնին զրկվեց վարչապետի պաշտոնից, կորցրեց սենատորի մանդատը, դատապարտվեց ֆինանսական խարդախությունների և անչափահասների հետ կապված սկանդալների համար, ինչպես նաև ստիպված եղավ կատարել հասարակական կորեկցիոն աշխատանքներ։
4. Դոնալդ Թրամփ (ԱՄՆ նախագահ) - Դատական վճիռներ զրպարտության համար (2024 թ.)
Առաջին դեմքերի մակարդակով անձնական վիրավորանքի և զրպարտության համար դատական պատասխանատվության ամենաթարմ և աղմկահարույց օրինակը կապված է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լրագրող և գրող Էլիզաբեթ Ջին Քերոլը դատական հայց էր ներկայացրել Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով տարիներ առաջ տեղի ունեցած սեքսուալ ոտնձգության և հետագայում՝ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակ իրեն հանրայնորեն զրպարտելու ու անձնական կյանքը թիրախավորելու մեջ։
ԱՄՆ դատարանը պաշտպանեց քաղաքացու իրավունքներն ընդդեմ նախագահի։ 2024 թվականի սկզբին դատարանը պարտավորեցրեց Դոնալդ Թրամփին վճարել ավելի քան 83 միլիոն դոլար՝ Քերոլի հասցեին արված զրպարտչական և պատիվն արատավորող հայտարարությունների համար։
Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ նույնիսկ գերտերության ղեկավարը չի կարող եթերն ու ամբիոնն օգտագործել անհատների բարոյական տրորման համար։
Ներկայացված համաշխարհային նախադեպերի ֆոնին առավել ցցուն ու սարսափելի է դառնում հայաստանյան իրականությունը, որտեղ պետական ամբիոնը վերածվել է լուսանցքային խուլիգանության հարթակի:
ՈՒ՜ր հեռուստաեթերից անպատիժ կոչ է հնչում՝ «Գնացեք այդ մարդուն հարցրեք՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ»։
Կամ առաջին դեմքը բարձրախոսն առած ճղճղում է փողոցներում՝ «Ռոբին, Ծառուկյանին սատկցնելու եմ, կզցնելու եմ, չոքցնելու եմ», «ԱԱԾ պադվալներն եմ քցելու», «ասֆալտին եմ փռելու», «պատերին եմ ծեփելու», «սաղին շինելու եմ» և հազար ու մեկ այլ պոռնկական հայտարարություններ, ընդհուպ ի լուր միջազգային աչք ու ականջի բարձրագույն ամբիոնից հրավերք Հոգևոր Առաջնորդին, թե՝ «արի առնանդամս ցույց տամ»։
Նշված երկրներից ցանկացածում նման խուլիգանին ցույց կտային իր արժանի տեղը։ Ու նրան ո՛չ աստվածաշնչյան երանիները կօգնեին, ո՛չ էլ սաղմոսասացությունը։ Դրանով իսկ կապացուցեին, որ իրավական աշխարհում «առաջին դեմքի» կարգավիճակը ոչ թե անպատժելիության արտոնագիր է, այլ կրկնակի ու եռակի պատասխանատվություն։
Երբ ղեկավարն իրեն թույլ է տալիս իջնելու փողոցային բանսարկությունների ու անձնական կյանքի պղծման մակարդակի, ժողովրդավարական երկրների համապատասխան ինստիտուտները դա որակում են որպես պետության գլխատում և միացնում են ինքնապաշտպանության բնազդը։
Կենդանի Ձայնը, որն արթնացրեց իմ միտքը, միայն աղետի ահազանգ չէր: Դա նաև անխուսափելի հաղթանակի խորհրդավոր հավաստիացում էր:
Պատմությունն ունի իր անողոք արդարադատությունը, որն ուշանում է, բայց երբեք չի սխալվում:
Արտեմիսի տաճարը վերակառուցվեց իր նախկին շքեղությամբ, իսկ Հերոստրատի անունը դարձավ հավերժական նախատինք: Դոստոևսկիական դևերը կործանեցին իրենք իրենց՝ սեփական մոլուցքի ու քաոսի մեջ տարրալուծվելով, իսկ մարդկային հոգու լույսն ու բարոյականությունը մնացին անսասան:
Այսօր էլ, բիբլիական Արարատի երկնքի տակ, հերոստրատներն ու վերխովենսկիները կարող են ժամանակավորապես պղծել եթերն ու փողոցները, բայց նրանք անզոր են հայի հավատքի ու գենետիկ հիշողության դեմ:
Լուսավորչի հիմնադրած Մայր Աթոռն անցել է դարավոր արհավիրքների, կայսրությունների փլուզումների ու բազում բռնակալների վրայով՝ ամեն անգամ պատմության գիրկն ուղարկելով իրեն ծնկի բերել փորձողներին:
Սթափության ոգին արդեն արթնանում է:
Հայաստանյան իրականության մեջ ներարկված ատելության թույնը վաղ թե ուշ կորցնելու է իր ուժը, քանզի ոչ մի քանդիչ մեթոդաբանություն չի կարող հաղթել արարելու և ապրելու կամքին:
Դևերը կհեռանան չարագուշակ հռհռոցով, բառերը կմաքրվեն պղծությունից, իսկ Սուրբ Գահն ու Հայրենիքը կվերագտնեն իրենց խաղաղությունն ու հավերժական լույսը:
Ճիշտ է՝ ամենաբարձր կետից հնչող Ձայնը լռեց, բայց նրա թողած հույսն արդեն անմահ է:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ