ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Տենց էլ չհասկացա՝ աչքերս ինչ գույնի են

Տենց էլ չհասկացա՝ աչքերս ինչ գույնի են
30.01.2026 | 18:30

Մտել եմ կոշիկի խանութ՝ սապոգ առնելու։ Մի սիրուն աղջիկ, սիրուն ժպտալով, մոտեցավ.

- Վա՜յ, գիտե՞ք, երեկ սապոգ ենք ստացել, Ձեզ նե՛նց կսազի՜, նե՛նց կսազի՜։ Սպասե՛ք, բերեմ։

Գնաց։ Մի երկու րոպեից եկավ՝ տուփը ձեռին։ Բացեց՝ փայլուն, դարչնագույն սապոգներ։

- Տեսե՛ք, ինչ լավն են, իսկական կաշի ա։ Ձեր աչքերի գույնի հետ էլ բռնում են։

Ես չգիտեի, որ իմ աչքերը դարչնագույն են, բայց, դե, որ սիրուն աղջիկը սիրուն ժպտալով ասում ա, ուրեմն՝ տենց ա, հո չի՞ խաբի։

- Փորձե՛ք, չե՛ք փոշմանի։

Ոտս մտցրի մեջը, թաթի ծերը մտավ, էլ առաջ չի գնում։

- Ոչինչ,- ասում ա,- սկզբում մի քիչ դժվար ա ոտը մտնում, բայց հետո բացվում ա։

Կռացավ, ճիտքերից բռնեց, սկսեց վերև քաշել։ Քաշում ա, քաշում, ոտս առաջ չի գնում։ Մի ուրիշ սիրուն աղջիկ մոտեցավ, կռացավ, սկսեց օգնել։ Երկուսով բռնել են ճիտքերից ու վերև են քաշում։ Չէ՛, ոտս չի մտնում ու չի մտնում։ Մի քիչ հետո մի լուրջ տղամարդ մոտեցավ, երևի մենեջերն էր, ասեց.

- Սպասեք՝ օգնեմ ձեզ։

Սկսեց քացով խփել կրունկիս, իսկ աղջիկները ճիտքերից վեր են քաշում։ Վերջը ոտս մի կերպ մտավ։

- Վա՜յ, էս ի՜նչ սիրուն ա, էս ո՜նց ա սազու՜մ,- հալվեց առաջին սիրուն աղջիկը։

- Հա՜, ոնց որ իսկը Ձեր համար կարած լինի,- շարունակեց երկրորդ սիրուն աղջիկը։

- Բախտներդ բերեց, որ էսօր մեր խանութ մտաք, վաղն արդեն տարած կլինեին,- ասում ա մենեջերը։

- Դե, լավ,- ասում եմ,- ձախ ոտն էլ փորձեմ։

- Չէ՛, պետք չի՛,- ճչաց մենեջերը՝ քրտինքը սրբելով։- Ձախ ոտը վատ նշան ա, գործերը ձախ կգնան։

Հետո երեքով սկսեցին պապն-ու-շաղգամի նման սապոգը քաշել, որ ոտիցս հանեն։ Մի քանի անհաջող փորձից հետո, վերջը՝ հաջողվեց, գուլպաս էլ հետը դուրս եկավ։

- Տեսնում ե՞ք, էնքան լավ ա գրկում Ձեր ոտը, որ գուլպան էլ հետը դուրս եկավ,- հենց նոր հրաշք տեսած մարդու նվաղած ձայնով երգեց երկրորդ սիրուն աղջիկը։

- Բա, լա՜վ,- ասում եմ,- տանը ո՞նց պիտի հագնեմ։

- Դե, սկզբում կօգնեն, հետո կբացվի, մաքուր կաշի ա, շուտ կբացվի։

Է՜հ, ի՞նչ անեմ, էդքան տանջվել են, հո չէի թողնի-գնա։ Սապոգներն առա, եկա տուն։ Հիմա սպասում եմ՝ հարևանս աշխատանքից տուն գա։ Բազմանդամ ընտանիք են, կօգնեն, կհագնեմ, թե չէ ծխախոտս վերջացել ա, պետք ա խանութ իջնեմ։ Բայց որոշել եմ՝ ծխախոտ առնելիս աչքերս կփակեմ, որ չասեն, թե քսան հազար դրամանոց սիգարն աչքերիս գույնին բռնում ա։

Հա, հայելու մեջ երկար նայեցի, տենց էլ չհասկացա՝ աչքերս ինչ գույնի են, տարբեր լույսերի տակ տարբեր գույնի են, բայց ոնց որ դարչնագույն չեն։ Իսկ ակնոցիս ապակիները դարչնագույն են, էդ հաստատ։ Հիշում եմ, երբ անցյալ տարի ապակիները պատվիրում էի, օպտիկայի աշխատողն ասեց, որ շալվարիս գույնի հետ բռնում են, չնայած, ինչքան հիշում եմ, ջինսերով էի։ Բայց դա արդեն էական չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ