Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են Սահմանադրության փոփոխություններով՝ սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու և երկրի պատմական ու ազգային հիմքերը վերանայելու գործընթացով, Ալիևի Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քարոզչությունը՝ աշխարհին ներկայացնելով նորանոր «պատմական փաստեր»։
Ալիևը հետևողականորեն հրատարակում է գրքեր, կազմակերպում շնորհանդեսներ ու շրջանառության մեջ դնում կեղծ պատմական թեզեր։ Նա փորձում է յուրացնել հայկական պատմությունն ու մշակութային ժառանգությունը, հայերին զրկել սեփական պատմական հայրենիքից և միջազգային հանրության աչքում ձևավորել նոր, կեղծ իրականություն։
Մինչ մենք զբաղված ենք մեր պետության հիմքերի վերանայմամբ, Ադրբեջանը վերաշարադրում է մեր պատմությունը։ Սա Հայաստանի և հայ ժողովրդի պատմական հիշողության դեմ իրականացվող հետևողական պայքար է։ Իսկ ո՞վ է պաշտպանելու մեր պատմությունը, եթե մենք ինքներս զբաղված ենք այն հարցականի տակ դնելով:
Սոնա ԱՂԵԿՅԱՆ
Հ.Գ. Բաքվում կայացել է «Արևմտյան Ադրբեջանը՝ «Ադրբեջան» թերթում (1918 թ. սեպտեմբեր-1919 թ. հոկտեմբեր)» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ADA համալսարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, խորհրդարանում «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խմբի նախագահ Ազիզ Ալեքբերլին նշել է, թե 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հռչակումից հետո առաջացել էր երկրի գործունեությունը լուսաբանող տպագիր մամուլի օրգանի ստեղծման հրատապ անհրաժեշտություն։
«Այդ առաքելությունն առաջինը ստանձնեց «Ադրբեջան» թերթը։ Թերթում հրապարակվել են բազմաթիվ նյութեր՝ Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ (ըստ իրենց պնդման) անհիմն տարածքային հավակնությունների, Զանգեզուրում, Նախիջևանում և Ղարաբաղում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների, Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման և նրանց պատմական հողերից բռնի տեղահանման մասին։ Այսօրվա գրքում հավաքված են այդ բոլոր տեղեկությունները»,- հավելել է նա։
Հրատարակության հեղինակ Ազադ Աղաօղլուն ընդգծել է, որ 1918-1920 թվականներին ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով լույս տեսած «Ադրբեջան» թերթը կարելի է համարել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժամանակաշրջանի տարեգրությունը։
ADA համալսարանի պրոռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեն նշել է, որ գրքի հրատարակությունը համարում է շատ հաջողված։
Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հայերս...