ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
28.05.2026 | 10:23

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Կաթողիկոսը։ Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը: Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։

Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը։

Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի և հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս այսօր և միշտ. ամեն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ