ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դեռ չհասկացանք` ինչ է սուգը, բայց իմացանք, որ նստել-լռելու օրեր կան աշխարհի վրա

Դեռ չհասկացանք` ինչ է սուգը, բայց իմացանք, որ նստել-լռելու օրեր կան աշխարհի վրա
23.03.2026 | 17:00

Երևի հազիվ մի 6-7 տարեկան էի, երբ առաջին անգամ առնչվեցի մահվան դեպքի հետ։

Մեր հարևան մի տատիկ էր մահացել։ Մերոնք մեզ արգելեցին մի քանի օր դրսում խաղալ։ Մեր լվացքը մի քանի օր ներսում չորացրին մերոնք` մայրիկն ու իմ հորեղբոր կինը։ Մի քանի օր շարունակ մեր հեռուստացույցը չմիացավ։

֊Ինչո՞ւ,՝ հարցրինք մենք, սա էլ հո դրսում չենք, հո բարձր ձայներ չկան։ Որովհետև հարևանի տանը սուգ է, մեր թաղում սուգ է, գյուղում սուգ է, չի կարելի՝ ասացին մերոնք, մի քանի օր պիտի դիմանաք ու մի քիչ լուռ պիտի ապրեք։

Մենք երկար չդիմացանք, հորեղբորս տան մեծ հյուրասենյակում սկսեցինք աչքերկապոցի խաղալ ու իրար հրոցների ժամանակ հասցրինք հերթով ընկնել թթվի մեծ կաթսայի մեջ։ Մերոնք էլի սաստեցին մեզ.

-Ձեզ մի քիչ հավաք պահեք, չի կարելի անտեսել մարդկանց տխրությունը, նստեք, գիրք կարդացեք։

Էդպես ասացին, ու մենք էլ երևի վերջապես մի քիչ սսկվեցինք։

Մերոնք «էմպատիա» բառը չգիտեին, հիմա էլ հնարավոր է` չգիտեն, բայց կարևորը դրա բովանդակությունը լավ գիտեին ու փորձում էին իրենց իմացածը ներարկել նաև մեր մեջ։

Եվ գուցե մենք էդ օրը դեռ չհասկացանք` ինչ է սուգը, բայց իմացանք, որ նստել-լռելու օրեր կան աշխարհի վրա։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 8930

Մեկնաբանություններ