Լիովին համակարծիք եմ Կարեն Արիստակեսյանի այս հնչեցված մտքերի առանցքային ուղերձի հետ (հղումը՝ https://www.youtube.com/watch?v=ho5D2U0EY1s)։
2018-ին տեղի ունեցածը ոչ թե պատմական վերջնակետ էր, այլ փորձություն՝ մեր ժողովրդի քաղաքական հասունության համար։ Այդ փորձությունը, ցավոք, այսօր վճռականորեն ցույց է տալիս, որ զգացմունքայնությունը առանց ռազմավարության միշտ բերում է հիասթափության։
Ճիշտ է ասված՝ այլևս ժամանակ չունենք դրսում փրկիչներ որոնելու։ Հայաստանի փրկության միակ աղբյուրը հենց հայ ժողովուրդն է՝ իր միավորած կամքով, իրատեսական ծրագրով և պատասխանատու առաջնորդությամբ։ Առանց հստակ ծրագրի ցանկացած ընդդիմություն դատապարտված է մնալ լուսանցքում՝ որքան էլ բարձր ու ճշմարիտ խոսքեր հնչեցնի։
Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե հերթական «վարչապետի անուն» առաջարկել, այլ պետություն փրկելու ճանապարհային քարտեզ ներկայացնել։ Իշխանությունը գործում է դրսից թելադրված օրակարգով, իսկ մեր պարտքն է ձևավորել ազգային օրակարգ՝ հիմնված պետական շահի, անվտանգության և ինքնիշխանության վրա։
Ես նույնպես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը։ Այն ժողովրդին, որը Սարդարապատում պետականություն փրկեց, Մուսալեռում՝ գոյություն, Արցախում՝ արժանապատվություն։ Այդ ուժը դեռ կա։ ՈՒղղակի ժամանակն է այն հավաքել մեկ կետի շուրջ՝ ծրագրով, ոչ սպասումով։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ