Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հայաստանում «խաղաղ ատոմի» ոլորտում չկա հստակ ռազմավարական քաղաքականություն

Հայաստանում «խաղաղ ատոմի» ոլորտում չկա հստակ ռազմավարական քաղաքականություն
12.08.2026 | 23:53

Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքում նոր էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով, ամբողջությամբ տեղավորվում է TRIPP անվանումով արկածախնդրության տրամաբանության մեջ։

Ընդ որում այս նախաձեռնությունն արկածախնդրություն է բացառապես Հայաստանի համար։

Ադրբեջանի շահերը պարզ են՝ ելք դեպի Նախիջևան, գազի մատակարարումների դիվերսիֆիկացում և այլն։

Թուրքիայի շահերը՝ ոչ պակաս ակնհայտ։ Ադրբեջանի տրանսպորտային ցանցին անարգել միացում և Կասպից ծովում ներկայության ընդլայնում։

Իսկ գլոբալ շահառուների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, շահերը նախագծի ճակատին գրված են մեծ տառերով։ Խոսքը, մասնավորապես, ԵՄ-ի՝ Կենտրոնական Ասիա ինքնուրույն մուտքի հնարավորությունների սահմանափակման մասին է։

Իսկ ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը։

Պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից։

Կարդացեք՝ էներգետիկ ինքնիշխանության կորուստ։

Այն ինքնիշխանությունը, որը Հայաստանը դեռևս ունի։ Եվ առաջին հերթին՝ ատոմակայանի շնորհիվ։

Ալիևի հայտարարության մեջ ասվում է. «Այսօր Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, որի կառավարումը հայկական կողմի ձեռքում չէ»։

Նախ՝ Ալիևի օգնականներին խորհուրդ կտայի ավելի մանրամասն ուսումնասիրել հարցը՝ նախքան թեզեր պատրաստելը։

2013 թ.-ից՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի հեռանալուց հետո, Հայկական ԱԷԿ-ն ամբողջությամբ գտնվում է հայկական կողմի կառավարման ներքո։

Երկրորդը՝ ատոմակայանի նշանակությունը Հայաստանի համար չի սահմանափակվում զուտ նրանով, որ այն էլեկտրաէներգիայի աղբյուր է: Ընդ որում, հիմնական աղբյուրը ՋԷԿ-երն են՝ էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 40%-ը՝ ԱԷԿ-ի մոտ 30%-ի համեմատ։

ԱԷԿ-ի նշանակությունը շատ ավելի լայն է։

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը զարգացնում է միջուկային էներգետիկայի ոլորտը։

Եվ դա խնդիր է Բաքվի համար։

Այնուհետև՝ կրկին հին թեզը. «Կայանը հնացած է և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։

Այս՝ արդեն բավական անհամ երգը պտտվում է դեռևս 1994 թ.-ից։

Մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ն՝ ոլորտի գլխավոր միջազգային ինստիտուտը, բազմիցս դրական է գնահատել ՀԱԷԿ-ի շահագործումը, ինչպես նաև ներկայումս երկրորդ էներգաբլոկում իրականացվող արդիականացման աշխատանքները։ Բլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2036 թ. նույնպես համաձայնեցված է ՄԱԳԱՏԷ-ի հետ։

Ավելին՝ համապատասխան աշխատանքների իրականացման դեպքում էներգաբլոկը տեխնիկական ներուժ ունի շահագործումը ևս տասը տարով երկարացնելու համար։ Այսինքն՝ մինչև 2046 թ։

Եվ սա, ճիշտ էներգետիկ քաղաքականության և դիվանագիտության իրականացման դեպքում, լիովին իրատեսական հեռանկար է։

Ալիևի հարձակումները Հայկական ԱԷԿ-ի վրա և TRIPP-ի միջոցով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու խոստումները պետք է դիտարկել առաջին հերթին քաղաքական հարթության վրա։

Առաջին։ Հայկական «խաղաղ ատոմի» ապամոնտաժումը Հայաստանին կզրկի ոչ միայն կայուն էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրից, այլև միջուկային տեխնոլոգիաների հասանելիությունից, որոնք վաղուց դուրս են եկել զուտ էներգետիկայի սահմաններից։

Երկրորդ։ Արցախյան ուղղությամբ ունեցած հաջողություններով ոգևորված Ալիևը ատոմակայանը դիտարկում է Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն հենասյուներից մեկը։ Հենասյուն, որը պետք է ապամոնտաժել։

Երրորդ։ Ադրբեջանում ատոմակայանի կառուցումը ժամանակի հարց է։ Բաքվում արդեն պաշտոնական մակարդակով հայտարարել են ատոմային էներգետիկան երկրի էներգետիկ հաշվեկշռում ներառելու հնարավորության մասին։ Ադրբեջանի համար դա աստիճանաբար դառնում է անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա արտահանելու հավակնությունները՝ Սևծովյան մալուխի միջոցով։ Նշենք, որ ԵՄ-ի տաքսոնոմիայի համաձայն՝ ատոմային էներգետիկան դասվում է ցածր ածխածնային, անցումային էներգետիկ լուծումների շարքին։

Մի խոսքով՝ Ալիևի մոտիվները հասկանալի են։

Իսկ ի՞նչ է անում Երևանը։

Առաջին հերթին զարմացնում է համարժեք պատասխանի բացակայությունը։

Օրինակ՝ պարզ և հստակ. «Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում իր էներգետիկ հաշվեկշռի կառուցվածքը»։

Բայց այստեղ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի լուրջ խնդիր։

Հայկական ԱԷԿ-ի շուրջ վերջին տարիներին ձևավորված իրավիճակն ինքնին նպաստում է Բաքվի նման հռետորաբանությանը։

Այո՛, մինչև 2040 թ. Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում «խաղաղ ատոմի» վերաբերյալ դրույթ կա։ Սակայն գործնականում ոլորտում իրավիճակը մոտենում է փակուղու։

Ոչ թե օպերացիոն։

Ռազմավարական։

Պաշտոնական Երևանը հայտարարում է փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու որոշման մասին։ Վաշինգտոնի հետ ստորագրում է համապատասխան համաձայնագիր։ Նույնիսկ կեղծում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը՝ Հայաստանում ատոմային էներգետիկայում սպասվող 9 մլրդ դոլարի ամերիկյան ներդրումների մասին։

Սակայն Վենսի պաշտոնական այցից ընդամենը մի քանի օր անց Փաշինյանը հայտարարում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2046 թ. երկարաձգելու հնարավորության մասին։

Եթե սա դառնար հետևողական քաղաքական գծի հիմք, հայտարարությունն ինքնին ռազմավարական առումով ճիշտ կլիներ։

Բայց նման բան չկա։

Այնուհետև ՝ կրկին մոդուլային ռեակտորի կառուցման մասին հայտարարություններ։ Կրկին՝ գործընկերների որոնում։ Ֆրանսիայից մինչև Հարավային Կորեա։

Ի՞նչ ենք ստանում արդյունքում։

Ճիշտ է՝

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ:

Մինչդեռ, եթե գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգված է մինչև 2036 թ., ապա այսօր առնվազն պետք է ընտրված լիներ կոնկրետ տեխնոլոգիան, որոշված լինեին հիմնական գործընկերները և մշակված լիներ տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական շրջանակը։

Քանի որ նախագծումից մինչև լիցենզավորում, համաձայնեցումներ, շինարարություն և գործարկում՝ ամբողջ գործընթացը կարող է տևել 7–10 տարի։

Եվս մեկ կարևոր հանգամանք։

Էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը հնարավորություն է տալիս կառավարության կողմից լիցենզավորված մասնավոր թրեյդերներին ներմուծել էլեկտրաէներգիա և այն իրացնել ներքին շուկայում։

Այս ամենը միասին ցույց է տալիս մեկ բան.

Հայաստանում «խաղաղ ատոմի» ոլորտում չկա հստակ ռազմավարական քաղաքականություն:

Եվ հենց դա է Բաքվին տալիս էներգետիկ-էքսպանսիոնիստական հռետորաբանության բանեցման լայն հնարավորություններ։

Ուստի խնդիրը միայն այն չէ, թե ով է կառուցելու հաջորդ էլեկտրահաղորդման գիծը։

Խնդիրը շատ ավելի խորն է։

Ո՞վ է որոշելու Հայաստանի էներգետիկ համակարգի ապագա կառուցվածքը։

Երևա՞նը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ

class="footer-right"> .