Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-5

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-5
02.07.2026 | 22:13

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

«Որտեղ թուրքի գերեզմանաքար կա, այդ տարածքը մեր հայրենիքն է» («Türk’ün mezar taşının olduğu yer bizim vatanımızdır!»),- հակառակորդի արյունը հեղելով, բեմականացված պաթոսով փիլիսոփայում է ձիուն նստած Օսմանը։

Երբ ATV -ի՝ «Հիմնադրում. Օսման» սերիալում գլխավոր հերոսի շուրթերով հնչում է էպիկական այդ նախադասությունը (հղումը՝ Հ․Գ․1-ում)՝ ժամանակակից սպառողը տպավորվում է, իսկ պատմաբանը՝ ժպտում։

Թուրքական կինոպրոպագանդան միտումնավոր սրբացնում է «գերեզմանաքարի» գաղափարը։ Իրականում, պատմական Օսմանյան կայսրությունը և դրան նախորդած սելջուկյան շրջանը հայտնի են տեղաբնիկների՝ հատկապես հայկական, հունական, ասորական, մշակութային կոթողներն ու գերեզմանները ոչնչացնելով կամ սեփականաշնորհելով։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ այսօր թուրքական գերեզման կա, հաճախ հենց հայկական կամ բյուզանդական քաղաքակրթության հետքերն են ջնջված։

Այս վտանգավոր բանաձևը պարզապես գեղարվեստական հնարք չէ, այլ Անկարայի՝ «Միջագետքից մինչև Բալկաններ, Կասպից ծովից մինչև Ադրիատիկ» ձգվող նեոօսմանյան ու պանթուրքիստական հավակնությունների ուղիղ արտացոլանքը։ Սերիալը կլանող միլիոնավոր հանդիսատեսների ուղեղում մեթոդաբար գծվում է այնպիսի քարտեզ, որտեղ «հայրենիքի» սահմանները որոշվում են ոչ թե միջազգային իրավունքով, այլ բացառապես նվաճումների աշխարհագրությամբ

21-րդ դարի մտածողությամբ, մոդելի արտաքինով և 1,84 հասակով էկրանային՝ ինքնասիրահարված Օսմանի նվաճողական այս արտահայտությունից առանձնացնենք «թուրք» բառն ու փաստենք՝ գործ ունենք պատմության ակնհայտ ու նենգ կեղծման հետ։

Ինչու։

Որովհետև 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին, երբ Օսման Առաջինը հիմնադրում էր իր փոքրիկ բեկությունը (իշխանությունը), Անատոլիայի քոչվոր ցեղերի միջավայրում «թուրք» ինքնանվանումն ու հավաքական ինքնագիտակցությունը գոյություն չունեին այն իմաստով, ինչպես այսօր դա փորձում է հրամցնել ATV -ն։

Ավելին՝ օսմանյան էլիտայի համար դարեր շարունակ «թուրք» բառը համարվել է գրեթե վիրավորական հոմանիշ՝ անկիրթ, կոպիտ ու տգետ գյուղացուն կամ քոչվորին բնորոշելու համար։ Նրանք իրենց կոչում էին բացառապես օսմանցիներ (Ottomans)։

Իսկ էկրանային Օսմանը, 2026 թվականի թուրքական պաշտոնական նացիոնալիզմի դասագրքերից տեքստեր անգիր արած, խոսում է մի էթնիկ գիտակցության անունից, որը ձևավորվել է դրանից միայն 600 տարի անց՝ Մուստաֆա Քեմալի ջանքերով։

Պատմական Օսմանն ու իր հեծելախումբը ոչ թե «հայրենիքի սահմաններ գծող» ռոմանտիկ հերոսներ էին, այլ սովորական ռազմատենչ քոչվորներ, որոնք առաջ էին շարժվում ոչ թե գաղափարախոսությամբ, այլ թալանի, ավարի և տեղաբնիկ քրիստոնյաների՝ հայերի, հույների, ասորիների հարստությունը խլելու բնազդով։

Բայց ATV -ի էկրաններին այդ կեղտոտ ու արյունոտ իրականությունը սրբագրվում է։

Մեր առջև հառնում է ֆիզիկական կատարելության հասնող, բարոյական բարձր արժեքներով օժտված մի «սուրբ», որը սպանում է «հանուն արդարության»։

Սա է հենց պատմության նենգափոխումը. հանդիսատեսի ենթագիտակցության մեջ ներարկել թեզը, որ իրենց նախնիները ոչ թե քանդող ու մորթող են եղել, այլ քաղաքակրթություն ու արդարություն բերողներ, իսկ նրանց այսօրվա ժառանգները՝ նույնքան «սուրբ» իրավունքներ ունեն ուրիշի հողերի հանդեպ։

Ըստ էության, «Հիմնադրում. Օսման»-ում և ATV-ի ու TRT-ի «պատմական» մյուս նախագծերում նմանատիպ արտահայտությունները, կարգախոսներն ու տեսարանները կրում են համակարգված, խիստ մշակված բնույթ։ Սցենարիստները դրանք օգտագործում են որպես ինքնատիպ «գաղափարախոսական կոդեր»։

Ամենասարսափելին այն է, որ այդ կոդերը մեթոդաբար ներարկվում են միլիոնավոր հանդիսատեսների, և հատկապես՝ հայ սպառողի ենթագիտակցության մեջ՝ սերմանելով նեոօսմանիզմ, պանթյուրքիզմ և սեփական ոչնչացումը հանդուրժող կրավորականություն։

Եկե՛ք իրերն իրենց անուններով կոչենք. սա ո՛չ թե կինոարվեստ է, այլ պետականորեն կառավարվող մեդիա-ինժեներիա, որի նպատակը պատմությունը վերաձևելն ու զանգվածային գիտակցությունը հնազանդեցնելն է

Էկրանից հնչող յուրաքանչյուր կոչ, պատմական փաստի յուրաքանչյուր նենգափոխում ունի հստակ նպատակ՝ հանդիսատեսին հոգեբանորեն նախապատրաստել թուրքական նոր աշխարհաքաղաքական էքսպանսիային։

Եվ երբ հայ սպառողը, տրվելով էպիկական տեսարանների հմայքին, հիացական մեջբերումներով կիսվում է սոցցանցերում, նա ակամա դառնում է իր իսկ պետականության դեմ ուղղված այդ գաղափարախոսական ականների տարածողը։

Դերասանի շքեղ արտաքինով ու բեմական էսթետիկայով կուրացած հանդիսատեսը, որն այսօր պատրաստ է սոցցանցային տիրույթում «կրծել» սեփական հայրենակցի կոկորդը՝ հանուն էկրանային թուրք կուռքի, պարզապես անընդունակ է ընկալելու մանրուք թվացող այդ արտահայտությունների իրական, կործանարար հարվածները

Նա չի՛ ընկալում, որ դա հենց այն առանցքային ռազմավարությունն է, որի համար նկարահանվում ու ամբողջ աշխարհով մեկ տարածվում են հարյուրավոր միլիոններ արժեցող այդ «պատմական» սերիալները:

«Որտեղ թուրքի գերեզմանաքար կա, այդ տարածքը մեր հայրենիքն է»․ սա՛ է 21-րդ դարի Թուրքիայի պետական քաղաքականության և ծավալապաշտական հավակնությունների իրական բանաձևը, որն այսօր մեթոդաբար ու բացահայտ հնչում է էկրանային պատմական կերպարի շուրթերից

ATV-ի ևTRT-ի «պատմական» նախագծերում հնչող գաղափարախոսական կոդերը պատահական դրվագներ կամ սցենարական զեղումներ չեն. դրանք կրում են համակարգված, խիստ ագրեսիվ բնույթ։

Օրինակ՝ «Մեր պայքարը չի ավարտվի, քանի դեռ ողջ աշխարհը չի հնազանդվել իսլամի դրոշին» թեզը՝ համաշխարհային տիրապետության կրոնա-քաղաքական միֆը, կենտրոնական առանցք է թուրքական գրեթե բոլոր էկրանային «պատումներում»։

Գլխավոր հերոսներն անդադար կրկնում են, որ իրենց նպատակը պարզապես սեփական տիրույթները պաշտպանելը չէ, այլ համաշխարհային նոր կարգ և գերիշխանություն հաստատելը։

Սա բաց տեքստով հնչող հայտարարություն է այն մասին, որ Անկարայի ծավալապաշտական նկրտումները սահմաններ չեն ճանաչում։ Սա նաև ուղիղ ապացույց է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական թոհուբոհում նրանց կողմից հրամցվող ցանկացած «խաղաղասիրական» հռետորաբանություն ու «խաղաղության դարաշրջանի» պատրանք ընդամենը մարտավարական քող է

Էլ ավելի սոսկալի է պետական տեռորի ու դաժանության բացահայտ էսթետիկացումը՝ գեղեցկացումը։

«Դավաճանների գլուխը կտրելը մեր պետության գոյության առաջին պայմանն է» կարգախոսը թուրքական այս ֆիլմերում անընդհատ հաստատվում է գործով։

Օսմանն ու Էրթուղրուլը հրապարակայնորեն, սեփական ձեռքերով ու ցուցադրական սառնասրտությամբ կտրում են այն ցեղակիցների կամ հարևանների գլուխները, ովքեր համարձակվել են համագործակցել արտաքին ուժերի՝ բյուզանդացիների կամ մոնղոլների հետ, կամ պարզապես փնտրել են խաղաղության ու դիվանագիտության այլընտրանքներ։

ՈՒշադրություն դարձրե՛ք, թե ինչպե՛ս է սա մատուցվում հանդիսատեսին. արյունալի այդ տեսարաններն ուղեկցվում են դանդաղեցված կադրերով, հերոսականացնող վիզուալ էֆեկտներով և հուզիչ, էպիկական երաժշտությամբ։ Սա հոգեբանական նենգ ու հաշվարկված հնարք է, որի նպատակն է սպառողի ենթագիտակցության մեջ բարբարոսությունն ու անհանդուրժողականությունը վերածել բարձրագույն «սրբազան արդարության»։

Լսարանին մեթոդաբար վարժեցնում են այն մտքին, որ բացարձակ ուժն ու արյունն են պետության միակ և անփոխարինելի լեզուն։ Եվ երբ այս թունավոր արտադրանքը ներթափանցում է հայկական տեղեկատվական տիրույթ, այն կամաց-կամաց բթացնում է թշնամու հանդեպ մեր բնական զգուշավորությունն ու զգոնությունը՝ պատմական դաժանությունը փաթեթավորելով որպես էկրանային «վեհություն» և «տղամարդկություն»։

Այս գաղափարախոսական մեքենայի վտանգն ունի մեկ այլ, ոչ պակաս կործանարար երես ևս, որն ուղղված է հենց Թուրքիայի ներքին լսարանին։ Էկրանից հորդող այդ անողոք դաժանությունն ու «դավաճանների» մշտական որսը Թուրքիայի ներկայիս ներքաղաքական բռնաճնշումների բացահայտ, հոգեբանական արդարացումն են։

Էրդողանի վարչակարգը պատմական հերոսների վարքագծի միջոցով սեփական ժողովրդին տասնամյակներ շարունակ սովորեցնում է, որ պետության ներսում ցանկացած այլախոհություն, ազատ միտք, ընդդիմադիր հայացք կամ քննադատություն հավասարազոր է «հայրենիքի դավաճանությանը», որի միակ պատիժը գլխատումն է՝ թե՛ ուղղակի, թե՛ քաղաքական իմաստով։

Եթե պատմական սերիալում պետության գոյության համար բնական ու անհրաժեշտ քայլ է հռչակվում սեփական ցեղակիցների գլխատումը, ապա այսօրվա թուրք հեռուստադիտողի ենթագիտակցության մեջ լեգիտիմացվում-օրինականացվում է ցանկացած ընդդիմադիր կամ այլախոհ մտավորականի, լրագրողի ու քաղաքական գործչի հանդեպ իրականացվող պետական հաշվեհարդարը։

Այս տոտալ մեդիա-էքսպանսիան ներքին լսարանի մոտ հետևողականորեն սպանում է ժողովրդավարական, մարդասիրական և քաղաքացիական ցանկացած արժեք՝ հասարակությանը վերածելով ռազմականացված, կույր ու հնազանդ մի զանգվածի։

Սա ևս մեկ ահազանգ ու սթափեցնող ազդակ է հայ սպառողի համար, որպեսզի վերջապես հասկանա՝ էկրանի այն կողմում ոչ թե «առաջադեմ, եվրոպականացող ու ժողովրդավարական» հարևանն է, այլ մի պետություն, որն իր սեփական հանրությանը համակարգված կերպով, օր ու գիշեր պատրաստում է բացարձակ ագրեսիայի, նվաճումների և արյունալի բռնության։

Թուրքական մեդիա-մանիպուլյացիաների հոգեբանական վտանգն իր գագաթնակետին է հասնում այնտեղ, որտեղ սկսվում է պատմական տեղաբնիկության բացահայտ նենգափոխումն ու էթնիկ զտումների գաղափարական արդարացումը։

Դրա վառ օրինակն է TRT-ի՝ «Ալփ Արսլան. Մեծ Սելջուկներ» աղմկահարույց սերիալը։ Էկրանից հնչող՝ «Անատոլիան թուրքական սրբազան արյամբ է ներկված, այստեղ ոչ մի օտար ուժ տեղ չունի» կարգախոսն ուղղակի պատմական, տիեզերական չափերի հասնող կեղծիք է։

Սելջուկյան արշավանքների մասին պատմող դրվագներում, երբ քոչվոր հորդաները հրով ու սրով նվաճում են հայկական և բյուզանդական ծաղկուն քաղաքները, օրինակ՝ մեր պատմական հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք Անին կամ Մանազկերտը, հնչում են պաթետիկ ճառեր այն մասին, թե ինչպես են այս հողերը «մաքրվում անհավատներից» և դառնում թուրքական հավերժական բնօրրան։ Սա պատմական իրականության կատարյալ ու նենգ շրջում է։

Սերիալը «օտար ուժ» է անվանում հենց տեղաբնիկ հայերին, ովքեր այդ հողի վրա քաղաքակրթություն էին ստեղծում այն ժամանակ, երբ սելջուկ-թուրքերի նախնիները Ալթայի տափաստաններում էին։

Սա հոգեբանական այն նույն հնարքն է, որով այսօր Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են հայերին ներկայացնել որպես «եկվորներ» Արցախում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում։

Պատմական աղբյուրները, օրինակ՝ Արիստակես Լաստիվերցին, նկարագրում են Անիի գրավումը որպես սոսկալի սպանդ, որտեղ քաղաքի փողոցները ողողված էին հայերի արյամբ, տաճարները պղծվում էին։ Իսկ TRT-ն այդ արյունալի նախճիրը մատուցում է որպես «սրբազան ազատագրում» և «քաղաքակրթական առաքելություն»։

TRT-ն այստեղ կիրառում է հոգեբանական ու պատմագիտական ամենանենգ հնարքը. դարավոր տեղաբնիկ քրիստոնյաները՝ հայերը, հույները, ասորիները, պատկերվում են որպես «ժամանակավոր, անօրեն ու դաժան զավթիչներ», իսկ Ալթայից եկած նվաճողները՝ որպես այդ հողի «իրական, բնիկ ու արդարամիտ տերեր»։

Մանիպուլյացիայի այս մեթոդը հետևողականորեն սնում է կուրորեն մոլեգնող հակահայկականությունը և հեռուստադիտողի ենթագիտակցության մեջ լեգիտիմացնում ու արդարացնում պատմական հայրենիքից հայերի պարբերական տեղահանումները, ջարդերն ու 1915 թվականի Մեծ Եղեռնը։

Տրամաբանությունը պարզունակ է, բայց մահաբեր. եթե հողի միակ տերը թուրքն է, իսկ հայը՝ «օտար ու դավաճան տարր», ուրեմն հայերի բնաջնջումն ու հայրենազրկումը ոչ թե ցեղասպանություն է, այլ ընդամենը պատմական «արդարության վերականգնում»։

Սա՛ է այն թույնը, որը մաքուր հայերենով, էսթետիկ կադրերով ու հերոսական երաժշտությամբ այսօր անարգել ներթափանցում է հայ սպառողի տուն՝ ստիպելով նրան անգիտակցաբար հիանալ սեփական հայրենիքի կործանման ու սեփական պապերի սպանդի հերոսականացված էկրանավորմամբ։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․1

Տեսանյութի հղումը՝

https://www.facebook.com/watch/?v=607207389891380

Հ․Գ․2

Տեղեկություններ համացանցից՝

«Հիմնադրում. Օսման» (թուրքերեն՝ Kuruluş: Osman) հեռուստասերիալը բաղկացած է 6 եթերաշրջանից և ընդհանուր 194 սերիայից (բնօրինակ թուրքական ֆորմատով՝ յուրաքանչյուր սերիան՝ 2,5 ժամ)։

Սերիալի ստույգ ընդհանուր բյուջեն միլիոն դոլարներով պաշտոնապես հրապարակված չէ, քանի որ արտադրող ընկերությունը (Bozdağ Film) և ATV հեռուստաալիքը ինֆորմացիան պահում են որպես առևտրային գաղտնիք։

Օսման Բեյի դերակատար Բուրակ Օզչիվիտը յուրաքանչյուր սերիայի համար ստացել է ավելի քան

40 000 եվրո (իսկ վերջին շրջանում պայմանագրային քննարկումների ժամանակ նրա պահանջը հասել էր մինչև 4 միլիոն թուրքական լիրայի՝ մոտ 115 000 դոլար մեկ սերիայի համար:

Սերիալի ցուցադրման իրավունքները վաճառվել են աշխարհի ավելի քան 100 երկրներում (այդ թվում՝ Մերձավոր Արևելք, Հարավային Ասիա, Լատինական Ամերիկա, Բալկաններ և Կենտրոնական Ասիա)։

Թուրքական մեգա-նախագծերի միջազգային վաճառքի գինը կարող է տատանվել 300 000-ից մինչև 500 000 դոլար՝ յուրաքանչյուր սերիայի համար, ինչը 194 սերիա ունեցող այս նախագծի դեպքում ընդհանուր առմամբ ապահովել է տասնյակ միլիոնավոր դոլարների ուղղակի հասույթ միայն հեռուստաիրավունքներից:

Սերիալի պաշտոնական YouTube-յան ալիքները (տարբեր լեզուներով, հատկապես՝ ուրդու, արաբերեն և անգլերեն) հատել են 6 միլիարդ դիտման սահմանագիծը։

Միայն YouTube-ի գովազդային դրամայնացումից (monetization) արտադրող ընկերությունը՝ Bozdağ Film-ը, ամսական ստանում է տասնյակ հազարավոր դոլարների կայուն եկամուտ։

Դիտվել է՝ 130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ