Աստվածաշունչը սովորեցնում է, որ պահեցողությունն ու ծոմապահությունն առանց հոգևոր բովանդակության անարժեք է։ Եվ այսպես, Մեծ պահքը բացի կենդանական սննդի սահմանափակումից, նաև հոգևոր խորհուրդ ունի իր մեջ, քանի որ այն․
1. Ոչ թե ցուցադրություն է կամ ինքնանպատակ (Ես․ 58։3), այլ նորոգությամբ ներքին նվիրման միջոց է, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրեց. «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ» (Մատթ․ 6:17-19)։
2. Աղոթքի հետ մեկտեղ դևերին հալածելու միջոց է, հոգու սպեղանի է (Մատթ․ 77։20)։
3. Ողորմությամբ սիրտը փափկեցնելու միջոց է․ «Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր» (Ես․ 58։7)։
4. Ներելու լավ առիթ է և հոգևոր ողորմության միջոց է (Մատթ․ 18։22)։
5. Պարզապես սննդակարգի փոփոխություն կամ դիետայի նման մի բան չէ, այլ հոգու վերանորոգման, ինքնաքննության և առ Աստված վերադառնալու ճանապարհ և միջոց է (Բ Եզր․ 8։23, Նէեմ․ 9։1)։
6. Աղոթքի մեջ լինելու, զղջման ուղեկից և միջոց է (Յով․ 1։14)։
7. Զղջման ու խոստովանության ուղեկից և միջոց է (Երեմ․ 36։6, Ողբ․ 2։19)։
8. Մեղքերի քավության ուղեկից և միջոց է (Դան․ 10։3, Ա Թագ․ 7։6)։
9. Ապաշխարության ուղեկից և միջոց է (Յովն․ 3։5, Բ Թագ․ 12։16)։
10. Ըստ Եկեղեցու հայրերի՝ ոչ թե Աստծուն ինչ-որ բան ապացուցելու համար է, այլ մեր սեփական կրքերը սանձելու և Աստծուն ավելի մոտենալու միջոց է։
Սամվել դպիր Գրիգորյան