Եվրոպայի ու, հատկապես, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի այն հույսը, որ ներկա վիճակը ժամանակավոր է, ու Թրամփը երեք տարի հետո իր հետ տանելու է նաև տրանսատլանտյան հարաբերություններում ստեղծված ներկա վիճակը, պարզապես թյուրիմացություն է և ցանկալին իրականության տեղ ընդունելու նման մի բան։
Թրամփի քաղաքականությունը, աշխարհի գործերի հետ կապված, այդ թվում նաև Եվրոպայի հետ կապված, օբյեկտիվորեն բխում է գլոբալ ուժերի ներկա դասավորությունից ու դրանց դինամիկայից, հնարավոր է՝ որոշ ծայրահեղություններով։
Դրանից բացի, ապագային ու պատմական հեռանկարին միտված ներկայի մասշտաբային որոշումներն ու գլոբալ բնույթի գործունեությունը դրանց ժամանակակիցների կողմից օբյեկտիվորեն գնահատելը շատ դժվար խնդիր է, քանի որ դրանց դժվար կանխատեսվող հետևանքները ապագայում են, որոնք էլ հետագայում կլինեն նրանց համեմատաբար ռացիոնալ, գնահատականներ տալու իրական հիմքը։
Իսկ ինչ վերաբերում է երեք տարի հետո ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին, ապա եթե նույնիսկ դրանցում հաղթեն դեմոկրատները, դրանով շատ բան չի փոխվի, քանի որ ուժերի գլոբալ դասավորությունը մոտավորապես կլինի նույնը, հետևաբար, նույնը կլինեն նաև դրանից օբյեկտիվորեն բխող հետևանքները։
Իհարկե, այդ առումով, ներկան պարունակում է նաև շատ մեծ անորոշություններ, բայց նաև փաստ է, որ քանի գնում, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ ներկա պայմաններում որոշողը հակամարտ կողմերի բիրտ ուժերի իրական չափերն են։
Այս իմաստով Եվրոպան ներկայում կայացվող որոշումների վրա կարող է մինիմալ ազդեցություն ունենալ, քանի որ լիբերալ էյֆորիան նրան հունից հանել ու զրկել է իրական ուժից։
Այսինքն, գլոբալ բնույթի որոշումներ կայացնողներից մեկը դառնալու համար Եվրոպայի, ինչպես նաև շատ ուրիշների համար՝ ամեն մեկին իր մասշտաբով, միակ ճանապարհը ուժեղանալն է։
ԵՄ-ի ու նրա առանձին երկրների համար էլ ուժեղանալու միակ ճանապարհը տնտեսության և, հատկապես, արդյունաբերության վերականգնումն է՝ այն նորից դարձնելով մրցունակ։
Մի բան, որը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելով, որն էլ, չնայած դրա հետ կապված շատ մեծ դժվարություններին, կդառնա մոտ ապագայի հիմնական գործերից մեկը ԵՄ-ի համար։
ԵՄ-ի ուժեղանալու մյուս ճանապարհը նրա մեջ մտնող երկրների միջև հակասությունների մեղմացումն է, որը շատ ավելի բարդ խնդիր է, քանի որ ունի շատ հզոր ու պատմության խորքերը գնացող արմատներ։
Մենք դեռ շատ բաների ականատես կլինենք այս, հիրավի, եզակի պատմական տրանսֆորմացիայի ժամանակակիցները լինելով։
Ի՞նչ է ասել Տյուտչևը այս առիթով, այո՝
Блажен, кто посетил сей мир
В его минуты роковые!
Պավել Բարսեղյան