Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Եթե շարունակվելու է «և՛ այստեղ, և՛ այնտեղ» քաղաքականությունը, ապա մոսկովյան այցի քաղաքական անհրաժեշտությունը գրեթե վերանում է

Եթե շարունակվելու է «և՛ այստեղ, և՛ այնտեղ» քաղաքականությունը, ապա մոսկովյան այցի քաղաքական անհրաժեշտությունը գրեթե վերանում է
03.09.2026 | 16:39

Բիշքեկում Պուտին–Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածը, իսկ առավել ևս դրան հաջորդած ռուսական տեղեկատվական արձագանքը, բավական հստակ քաղաքական ուղերձ են պարունակում։

Ըստ էության, Փաշինյանին Մոսկվա հրավիրելը սովորական դիվանագիտական հրավեր չէր։ Դա ավելի շատ վերջնագրի տրամաբանություն ուներ՝ եթե գալիս ես Մոսկվա, պետք է գաս Բիշքեկից տարբերվող օրակարգով։

Բիշքեկում Փաշինյանը փորձեց պահպանել վերջին տարիների իրեն բնորոշ երկիմաստությունը՝ մի կողմից շարունակել խոսել եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից չհրաժարվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից և հնարավորինս երկար հետաձգել վերջնական ընտրությունը։

Սակայն այս անգամ Մոսկվայի պատասխանը բավական պարզ էր. ընտրությունը Հայաստանի իրավունքն է, բայց այդ ընտրությունը պետք է կատարել։ Ավելին՝ Պուտինը հրապարակայնորեն առաջարկեց հարցը հանձնել Հայաստանի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով և «փակել թեման»։

Իսկ արդեն հաջորդ քայլը՝ Փաշինյանին Մոսկվա հրավիրելը, ըստ էության, կարելի է կարդալ այսպես. Մոսկվայում այլևս քննարկելու իմաստ ունի ոչ թե Բիշքեկում հնչած նույն բացատրությունները, այլ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական և ինտեգրացիոն ուղեգծի վերաբերյալ կոնկրետ պատասխանները։

Այլ կերպ ասած՝ եթե Մոսկվա գնալու համար նոր օրակարգ չկա, եթե Փաշինյանը պատրաստվում է կրկնել Բիշքեկի նույն թեզերը և շարունակել «և՛ այստեղ, և՛ այնտեղ» քաղաքականությունը, ապա այդ այցի քաղաքական անհրաժեշտությունն էլ գրեթե վերանում է։

Սա, թերևս, Բիշքեկի հանդիպման ամենակարևոր արդյունքն էր։

Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում։ Սպասում է որոշման։

Եվ հիմա հարցն այն է, թե Փաշինյանը Մոսկվա գնալու է որոշո՞ւմ ներկայացնելու, թե՞ հերթական անգամ ժամանակ շահելու։ Ամեն դեպքում, եթե ասելիք չկա, դիվանագիտական լեզվով ասած` մոսկովյան այցը կարող է նաև հետաձգվել:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ