Համոզված եմ՝ Ադրբեջանում ուշադիր հետևում եք հայաստանյան զարգացումներին։ Կարծում եմ նաև, որ նամակիս ասելիքը կհասնի Ձեզ՝ խորհրդատուների և վերլուծաբանների միջոցով։
Պարոն Ալիև, Դուք շատ լավ գիտեք՝ սպորտում չեն կազմակերպվում մենամարտեր՝ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև։ Դա ոչ միայն անարդար, այլև անպատվաբեր հաղթանակի ճանապարհ է։ Հիմա նայենք Ձեր և Նիկոլ Փաշինյանի «քաշային» կարգերի տարբերությանը։
Դուք ձևավորվել եք պետական կառավարման համակարգում, ստացել եք բարձր կրթություն, անցել եք դիվանագիտական և քաղաքական դպրոց։ Ձեր հայրը ղեկավարել է երկիր, ձևավորել է իշխանություն, ապահովել Ձեր ճանապարհը դեպի պետական բարձր կաբինետներ։
Իսկ Նիկոլ Փաշինյանը ծնվել է ուսուցչի ընտանիքում, չունի պետական կառավարման կրթություն, անգամ լիարժեք բուհ չի ավարտել, փողոցային պայքարում է հասունացել՝ չունի ինստիտուցիոնալ մտածողություն և պետություն կառավարելու հմտություններ։
Դուք պետության կառավարման ղեկը Ձեր հորից եք ժառանգել՝ Ձեր պատկերացմամբ ուժեղացրել եք պետությունը՝ «հաղթելով» պատերազմում և զավթելով Արցախը։
Նա թուլացրել է բանակը, խարխլել տնտեսությունը, անտեսել անվտանգության համակարգը, պառակտել հասարակությունը, պարտվել պատերազմում։
Հիմա ասում է, որ պատրաստվել է... գիտակցված պարտության գնացել, որ ձեռք բերի ինքնիշխանություն: Դուք հզոր դաշնակիցներ եք ձեռք բերել։
Նա կորցրել է եղած դաշնակիցներին, նոր դաշնակիցներն էլ Ձեզ հետ ավելի շատ են դաշնակցում, քան՝ նրա հետ։ Արդյունքում՝ այն, ինչ ներկայացվում է որպես Ձեր «հաղթանակ», իրականում տեղի է ունեցել մի պարզ պատճառով՝ Ձեր դիմաց կանգնած է եղել թույլ ղեկավար։ Սա է ճշմարտությունը։
Դուք այսօր փաստացի պաշտպանում եք, որ Նիկոլ Փաշինյանը մնա Հայաստանի վարչապետ, և դա չեք թաքցնում, բայց դա նշանակում է՝ խառնվում եք այլ պետության ներքին գործերին։ Սա քաղաքական սխալ է և չի համապատասխանում ուժեղ ղեկավարի, հաղթողի կերպարին։ Չինացի իմաստուն Սուն Ցզին ասում էր․ «Թույլ հակառակորդի նկատմամբ հաղթանակը հաղթանակ չէ», թույլ հակառակորդի նկատմամբ տարած հաղթանակը նսեմացնում է ուժեղի հեղինակությունը: Այնպես որ, Դուք կասկածի տակ եք դնում ուժեղ առաջնորդի իմիջը:
Պարոն Իլհամ Ալիեւ, Հայաստանում հաճախ հնչում է «դավաճան» բառը՝ կապված Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց իրականությունն այլ է, քան նույնիսկ այդ ծանր գնահատականը։ Դավաճանը դավաճանում է իր ազգին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պետական մտածողության ու պատասխանատվության լիակատար բացակայության, ռազմավարական կուրության, հակառակորդին անվերապահ ծառայելու և հանձնվելու պատրաստակամության պատճառով զրկվել է հայ ազգի շահերը պաշտպանող ներկայացուցիչ լինելու առաքելությունից։
Եվ հենց այդ պատճառով է, որ նրա կառավարման արդյունքում հնարավոր դարձավ այն, ինչ այլ ղեկավարի դեպքում անհնար կլիներ։ Դուք դա գիտեք և օգտվել եք դրանից։ Դուք ընտրել եք հեշտ ու մերժելի ճանապարհը։ Համեմատեք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կընդունի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Դուք կարո՞ղ եք նույնը ասել։
Իսկ հիմա կարևոր մի կանխատեսում՝ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու։ Եվ այստեղ Ձեր հաշվարկը սխալ է։ Գուցե նրան Ձեր երկիր ընդունեք գրկաբաց, գուցե չընդունեք, քանի որ նա Ձեզ տված իր բոլոր խոստումները երևի չհասցրեց կատարել: Ամեն դեպքում, Ձեր երկրում էլ այն կարծիքը կա, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար արել է այնքան բան, որ չի կարողացել իր երկրի համար անել և ոչ մի հայրենասեր ադրբեջանցի:
Ով էլ ընտրվի Հայաստանի վարչապետ, լինելու է այլ իրավիճակ, անտարակույս՝ լինելու է իր պետության շահերի պաշտպանը, և պարտությունների խորհրդանիշ ղեկավարը մնալու է պատմության մեջ։
Դա կարող է լինել Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Արման Թաթոյանը, որոնց անունները Ձեզ քաջ հայտնի են: Դուք պատրա՞ստ եք նստել բանակցությունների սեղանի շուրջ նրանց հետ։ Նրանց հետ, ովքեր գալու են պաշտպանելու իրենց պետության շահերը։ Այդ ժամանակ արդեն կլինի իրական պայքար՝ խելքի, դիվանագիտության, կամքի և արժանապատվության։ Այդ ժամանակ «քաշային կարգերը» կհավասարվեն։ Եվ միայն այդ դեպքում, եթե հաղթեք, ձեր հաղթանակը կլինի արժանապատիվ։ Այսօր՝ ոչ։ Այսօր Դուք օգտվում եք մի իրավիճակից, որը երկար չի տևելու։ ՈՒստի ճիշտ կանեք, եթե հայտարարեք, որ հարգում եք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն և չեք խառնվի Հայաստանի ներքին գործերին՝ ով ուզում է ընտրվի։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Հ․Գ.
Եթե ընդունեք այս մոտեցումը, հաջորդ նամակս կսկսեմ «Հարգելի Իլհամ Ալիև» բառերով։