ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Եթե որևէ մեկը կամ որևէ պետություն ինչ-որ կերպ չկանգնեցնի համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփին, ապա նա կարող է աշխարհը հրդեհել

Եթե որևէ մեկը կամ որևէ պետություն ինչ-որ կերպ չկանգնեցնի համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփին, ապա նա կարող է աշխարհը հրդեհել
30.01.2026 | 11:30

ԱՄՆ-ի նախագահը, որն իրեն զգում է միաժամանակ Լենկթեմուրի, Հիտլերի և Նապոլեոնի դերում, մերօրյա իրականությունը շպրտել է քարե դար

Իսրայելի սիոնիստական վարչակարգի և համաշխարհային սիոնիզմի կամակատար այս սրիկան՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը, պարզվեց, ավելի մեծ և ահավոր ճիվաղ է, քան նույնիսկ տվյալ պաշտոնում իր նախորդը՝ Ջո Բայդենը, Վենեսուելայում ունեցած գլխապտույտ հաջողությունից (անպատիժ մնացած ոճրագործությունից) հետո պատրաստվում է հարվածել մեր հարևան ու բարեկամ Իրանին: Այս անգամ խոսքը, որքան կարելի է ենթադրել առկա հրապարակումներից, նախորդի նման սոսկ սահմանափակ հարվածի մասին չէ:

Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, Թրամփը դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու նոր տարբերակները: Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ-ի նախագահն ուսումնասիրում է Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և անվտանգության ոլորտի պաշտոնյաներին ավիահարվածներ հասցնելու հնարավորությունները, որոնք, իբր, պատասխանատու են ցույցերի մասնակիցների սպանությունների համար:

Մեկ այլ տարբերակ, որը քննարկվում է Թրամփի կողմից, ենթադրում է հարվածներ միջուկային օբյեկտներին և Իսլամական Հանրապետության կառավարական հաստատություններին: ԱՄՆ-ի առաջնորդը գործողությունների ծրագրի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել, սակայն կարծում է, որ մեծ տարբերակներ ունի Մերձավորարևելյան տարածաշրջան ավիակիր հարվածային խմբի ժամանման շնորհիվ:

Ըստ CNN-ի, Թրամփը ձեռնամուխ է եղել հարված հասցնելու նոր առաջարկների քննարկմանը, քանի որ «Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի սահմանափակման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի նախնական բանակցությունները» հաջողությամբ չեն պսակվել:

Հեռուստաընկերության աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ Թրամփն ԱՄՆ-ի համար իդեալական սցենար է համարում Իրանին հզոր հարված հասցնելը, որը Թեհրանին կստիպի ընդունել Վաշինգտոնի պայմաններն ու համաձայնել հրադադարին: Նրա տեղեկություններով՝ Իսլամական Հանրապետության դեմ հարձակման դեպքում Թրամփը «կցանկանա արագ հայտարարել հաղթանակի մասին»:

CNN-ը վերոնշյալի հետ մեկտեղ նշել է, որ Իրանի ռազմական զինանոցը՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերը, բալիստիկ հրթիռները, դրոններն ու կործանիչները, կարող են լրջորեն բարդացնել վճռական հարված հասցնելու Վաշինգտոնի ծրագրերը: Բացի այդ, եթե Վենեսուելա ներխուժելուց առաջ ամերիկյան վարչակազմը Բոլիվարյան Հանրապետությունում հող էր նախապատրաստում իշխանափոխության համար, Իրանի նկատմամբ նման մոտեցում չէր կիրառվում, հավելում է հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունը հավանաբար նկատի ունի Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական ղեկավարության շրջանում դավաճանության ունակ անձանց գտնելն ու նրանց հավաքագրելը X ժամի համար:

Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություն կգնահատի որպես լայնամասշտաբ պատերազմի սկիզբ, և պատասխանը չի ուշանա:

ԱՄՆ-ը խափանել է Իրանի հետ բանակցությունները՝ ներկայացնելով առավելապաշտական, ծայրահեղական և անիրագործելի պահանջներ

«The New York Times»-ի տեղեկացմամբ, Իրանի հետ բանակցություններն ամբողջությամբ խափանվել են, քանի որ երկիրը կտրականապես հրաժարվում է կատարել Թրամփի և եվրոպական երկրների պահանջները: Պարբերականի տվյալներով՝ Թեհրանին երեք պայման է առաջադրվել, որոնց կատարումը կարող էր կանխել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական միջամտությունը (իրականում՝ ագրեսիան): Դրանք են երկրի ողջ տարածքում ուրանի հարստացումից լիակատար և վերջնական հրաժարումը, հեռահար բալիստիկ հրթիռների քանակի սահմանափակումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում պրոքսի խմբերին աջակցության դադարեցումը:

Ինչպես դժվար չէ նկատել, ԱՄՆ-ի և նրա եվրոպական ոհմակի համար այլևս կարևոր չէ, թե Իրանն ինչ նպատակով է հարստացնում ուրանը՝ ռազմակա՞ն, ինչի իրավունքը նույնպես ունի, թե քաղաքացիական՝ ատոմային էլեկտրակայաններում և գիտահետազոտական ռեակտորներում օգտագործելու համար: Նրանց համար կարևոր չէ նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի կամ որևէ պետության կողմից չի ապացուցվել, որ Իրանը զբաղված է միջուկային զենքի ստեղծմամբ:

Մենք արդեն ապրում ենք քարե դարում, երբ մարդիկ միմյանց հետ հարաբերվում էին ուժի իրավունքով

Երևի քչերն են գիտակցում, որ խելագար Թրամփը, որն իրեն զգում է միաժամանակ Լենկթեմուրի (Թամերլանի), Հիտլերի և Նապոլեոնի դերում, մերօրյա իրականությունը հազարամյակներով հետ է շպրտել, շպրտել է քարե դար, երբ մարդկանց և ցեղախմբերի միջև հարաբերությունները բացառապես ուժի իրավունքով էին: Եթե որևէ մեկը կամ որևէ պետություն ինչ-որ կերպ չկանգնեցնի համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփին, ապա նա կարող է աշխարհը հրդեհել:

Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած ոճրագործությամբ առավել հաստատվեց, որ հզորների համար աշխարհում գոյություն չունի միջազգային իրավունք, կա ուժի իրավունք, որով առաջնորդվում և առաջնորդվելու են նաև այսուհետ՝ լեգիտիմացնելով իրենց նկատմամբ միջազգային ահաբեկչությունը և սրբազան վրեժը: Սա է մերօրյա դաժան իրականությունը:

ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների վերոնշյալ պահանջը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ոտնահարմամբ ինքնիշխան պետության ներքին գործերին կոպտագույն միջամտության ակնառու օրինակ է: Թրամփը և եվրոպական երկրները թող գնան, վերոնշյալ պահանջներն Իսրայելին ներկայացնեն, որը վաղուց ստեղծել իր միջուկային զենքը և այժմ էլ ուրանի հարստացմամբ, զինական ուրան և պլուտոնիում ստանալով, շարունակում է հարստացնել միջուկային զենքի իր զինանոցը՝ նշված ռադիոակտիվ նյութերի պաշարի, միջուկային մարտագլխիկների և ռումբերի քանակի մասին հաշվետու չլինելով որևէ պետության կամ համապատասխան միջազգային կազմակերպության, դրանց վերաբերյալ տվյալները պահելով գաղտնի: Հրթիռները նույնպես արտադրում է, որքան ցանկանում է, առանց որևէ սահմանափակման: Սա է երկակի ստանդարտներով առաջնորդվող պոռնիկ Արևմուտքը, լավ ճանաչեք:

Պատկերացրեք, որ մի օր Ռուսաստանի և Չինաստանի նախագահները միասին զանգահարեն Թրամփին, նրանից պահանջեն, որ ԱՄՆ-ն ընդհանրապես ու վերջնականորեն դադարեցնի ուրանի հարստացումը, էապես սահմանափակի իր հեռահար բալիստիկ հրթիռների քանակը, ինչպես նաև դադարեցնի, օրինակ, Ուկրաինային թե ռազմական, թե ֆինանսական աջակցությունը, նշված պահանջների կաարման համար տան 48 ժամ, և ԱՄՆ-ին սպառնան պահանջների չկատարման դեպքում հրթիռառմբային հուժկու հարվածով: Ինչպիսին կլինի Թրամփի արձագանքը դրանից հետո, ինչ կանի ԱՄՆ-ը…

Իրանը հիմա իր թշնամիների նկատմամբ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած քայլի, այդ թվում նաև՝ կանխարգելիչ հարվածի իրավունք ունի, ինչը նրան առավելություն կապահովեր ԱՄՆ-ի և, հատկապես, Իսրայելի նկատմամբ, եթե իր թշնամիների կողմից հարվածի ենթարկվելը, միևնույն է, անխուսափելի է: Ունի այդ իրավունքը, սակայն չի օգտագործի, մինչդեռ Միացյալ Նահանգներն է՝ իր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շուրթերով, հայտնել Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու ԱՄՆ-ի իրավունքի մասին:

Տարածաշրջանում կենտրոնացած են ամերիկյան, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերն ու ավիացիան։ Իրանը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում, բայց միաժամանակ զգուշացնում է հարձակման դեպքում կոշտ պատասխանի մասին։

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը

Իսլամական Հանրապետությանն ԱՄՆ-ի հարվածի վերաբերյալ կանխատեսումները տարբեր են։ Համաշխարհային մամուլում նշվում են հարձակման անցկացման ժամկետները՝ մինչև շաբաթվա վերջ։ Մեկնաբանները, քաղաքագետներն ու ռազմական փորձագետները խոստովանում են, որ իրենց ենթադրությունները կարող են սխալ լինել, քանի որ հարվածի մասին որոշումը կայացնում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն աչքի է ընկնում իր անկանխատեսելիությամբ:

Ամերիկացի առաջնորդը նոր տարվա առաջին օրերից սպառնում Է Իրանի իշխանություններին: Սպիտակ տան ղեկավարը սոցկայքերում օգնություն է խոստացել Իսլամական Հանրապետության ցուցարարներին (իրականում՝ զանվածային անկարգությունների և պետական հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպիչներն ու մասնակիցներին), և զգուշացրել, որ նրանց սպանության դեպքում կհարվածի երկրի ղեկավարությանը:

Իրանագետ քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Անաստասիա Կիսլիցինայի կարծիքով, Թրամփը կարող է հրաման տալ Իրանին հարվածելու, ներառյալ՝ թիրախ ընտրելով նաև Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներին:

«Հակամարտության սրումը միանգամայն հավանական է ինչպես Իրան- ԱՄՆ, այնպես էլ Իրան- Իսրայել գծով,- ասել է նա «Лента.ру»– ին:- Սակայն հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կտեսնենք գարնանը, այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ակնհայտ է, որ ճնշումը կուժեղանա։ Կարող են առաջին դեմքերի դեմ մահափորձեր ձեռնարկվել, հրամանատարության վերացում»:

Ռազմական և քաղաքական փորձագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Տիխանսկին «Sputnik Беларусь»-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Abraham Lincoln» ավիակրի և հարվածային խմբի մյուս նավերի ժամանման հետ զգալիորեն աճել է ԱՄՆ-ի առաջին համազարկի հզորությունը։

«Այսօրվա դրությամբ այդ հզորությունը կազմում է ավելի քան հազար միավոր։ Այսինքն՝ միանգամից կարող են 1000 հրթիռ արձակել՝ թևավոր, բալիստիկ, հականավային և այլն։ Ընդհանուր առմամբ, ամբողջ զինանոցը, որն առկա է սպառազինության մեջ, և որը պահանջվում է Իրանի տարածքում թիրախների պարտության համար, կարող է լինել միանգամից հազար միավոր»։

Եվ դա, ըստ փորձագետի, բնականաբար, ծայրահեղ վիճակում կդնի իրանական ՀՕՊ-ը, որը դեռ 2025-ի հունիսից չի վերականգնվել: Տիխանսկին հավելել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունների ոչնչացման մասին Թրամփի սպառնալիքների և Պարսից ծոց ԱՄՆ-ի ավիակիր խմբավորման ժամանման ֆոնին Իրանում պաշտոնյաներին նախապատրաստում են գործողություններին այն պայմաններում, երբ Իրանի բարձրագույն ղեկավարությունը չի լինի, կամ այն պատճառով, որ նրանց վրա հարձակվում են, կամ կապի հետ կապված խնդիրների պատճառով, կամ այլ պատճառներով:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ