ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

«Հոգեհացից» դեպի «խորոված-փարթի»

«Հոգեհացից» դեպի «խորոված-փարթի»
23.04.2026 | 21:51

(բարոյական կապիտուլյացիայի գինը)

Արձակագիր Լևոն Ջավախյանն իր՝ «Հատուկ ընտրողների համար» քաղաքական պամֆլետ-ախտորոշումով՝ կերտված բարձրակարգ հրապարակախոսության սուր ու անզիջում ոճով, վիրահատական ճշգրտությամբ մերկացրել է մերօրյա իրականության բարոյական հոգեվարքը։

Պոկելով խնդիրը սովորական կենցաղային դժգոհությունների մակարդակից՝ բարձրացրել է այն իսկական ազգային ողբերգության և գրական վավերագրության աստիճանի։

Ջավախյանի գիրն ընդամենը քննադատություն չէ, այլ արձանագրված վկայություն բարոյական այն անդունդի մասին, որտեղ հիշողությունը զոհաբերվում է ստամոքսի վայրկենական հաճույքին։

Գրողի խոսքը պատմության առջև դրված դառնագույն արձանագրություն է՝ մեր ժամանակների «մնեմոցիդի» և հոգևոր այն կուրության մասին, որով փորձում են խեղդել ազգային դիմագիծը։

Նրա գիրն անհրաժեշտ է մեջբերել ամբողջությամբ՝ հասկանալու համար այն անդունդը, որի եզրին մեզ կանգնեցրել են.

«Ապրիլի 24-ին համայն հայությունը խոր սգով կնշի իր պատմության մեջ Չարյաց մեծագույնը՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ։ Իսկ ոչ ավելի, ոչ պակաս, ՔՊ-ական երիտհայերը մեծագույն խանդավառությամբ, զուռնա-դհոլով, խորոված-քյաբաբով և տոնական այլ գործիքներով կնշեն քաղաքացու օրը... Մարդն իր անմիջական ծնողից զատ ունի նաև մեկ այլ ծնող՝ ՄԵԾ ԾՆՈՂ։ Դա Հայրենիքն է։ Կապիտուլյանտի ձեռնարկած քեֆ-ուրախությունը նույնն է, թե ծնողիդ թաղես և հաջորդ օրն իսկ, հոգեհանգստի փոխարեն, հայտարարես տոնական հանդիսություն... Կապիտուլյանտը ջանք ու եռանդ չի խնայում ոտնատակ տալու ազգային սրբությունները, որպեսզի պետական բյուջեն դատարկի օխլոսի առջև... Ընտրակաշառքն էլ հո պոզով-պոչով չի՞ լինում...»:

Այս տողերի մեջ խտացված է այն դաժան իրականությունը, որն այսօր հետևողականորեն փորձում են մատուցել որպես «նորմա»։

Երբ բացահայտ սրբապղծությունը՝ Ցեղասպանության հիշատակի նախաշեմին հնչող զուռնա-դհոլը, սոցցանցային սպանող գովազդներով ու «վարչաբենդի» խզված ֆալցետային Reels-երով հրամցվում է որպես պետական տոն, նպատակը մեկն է՝ զանգվածներին վարժեցնել առանց բարոյական արգելակների ապրելուն։ Սա հոգեբանական դիվերսիա է՝ ուղղված ազգային իմունիտետի դեմ։

Եթե նախկինում ընտրակաշառքը թաքուն տրվող «տասհազարանոցն» էր, ապա այսօր այն դարձել է բացահայտ ու լկտի։

Սա ընտրակաշառքի նոր՝ «ֆիզիոլոգիական» տեսակն է․ «հերոս հարկատուների» գրպանից խլված փողերով գնվում է հենց նույն «հերոսների» լռությունն ու հավատարմությունը։ Այն նույն մարդկանց, որոնց կենացը «հացելիս» այնքա՜ն է սիրում խմել երկրի կապիտուլյանտ ղեկավարը՝ մինչ հաջորդ պահին նրանց կերակրատաշտի առջև կանգնեցնելը։

Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը պատմության մեջ կմնա որպես ամենանողկալի գործարքը․ ցածրակարգ ինստինկտների բավարարում՝ բանականության և հիշողության հաշվին։

Այո՛, սա «խորովածային ընտրակաշառք» է՝ պետական բյուջեից։

Համաշխարհային քաղաքականության պատմության մեջ սա կգրանցվի որպես նոր «նվաճում»․ ընտրակաշառք ոչ թե թղթադրամով, այլ սեփական արժանապատվության և նախնիների հիշատակի աճուրդով։

Երբ իշխանությունը «օխլոսին» առաջարկում է չալաղաջի կտորը՝ որպես փոխհատուցում կորսված հայրենիքի, նա իրականում գույքագրում և իր հաշվեկշռին է անցկացնում սեփականաշնորհված հոգիներին։

Սա այն դեպքն է, երբ աստվածաբանական փարիսեցիությունը վերածվում է պետական գործիքի։ Ոմանք ճիգ ու ջանք չեն խնայում բացահայտ սրբապղծությունը քողարկելու Ավետարանական պատգամների կամայական մեջբերումներով՝ քարոզելով կեղծ «ներողամտություն» և հաշտվողականություն։

Բայց հիշեցնենք. Քրիստոսը տաճարից մտրակելով վռնդեց առևտրականներին ու լումայափոխներին, այլ ոչ թե հանդուրժողաբար աղոթեց նրանց համար։ Նա չհաշտվեց սրբության պղծման հետ։

Այսօր մեր հավաքական «Տաճարը»՝ ազգային հիշողությունն ու պետականությունը, ոմանց թեթև ձեռքով վերածվել է «խորովածանոցի»։ Մի վայրի, որտեղ մեր տեսակի մարգարիտները՝ արժանապատվությունն ու նախնիների սուրբ ավանդը, փոխանակվում են մանղալի ծխի ու պետական բյուջեի հաշվին կազմակերպված էժանագին «ֆեյերվերկներով»։

Ստացվում է արժեքների աճուրդ, որտեղ մուրճի հարվածի փոխարեն հնչում է զուռնա-դհոլը

Թերևս կոպիտ հնչի, այնուամենայնիվ՝ ականատեսն ենք բժշկագիտությանը դեռևս անհայտ ախտաբանական ֆենոմենի, երբ աղիների գալարները փոխարինել են ուղեղի գալարներին և ստանձնել երկրի ղեկը։

Ստացվել է զավեշտալի «ինտելեկտուալ» շղթա. երբ աղիները կծկվում են՝ «նախիրը» սոված բառաչով վազում է հրապարակ, իսկ երբ նույն աղիները տռզում են՝ սկսում են «թռչկոտել» զուռնա-դհոլի տակ։

Սա ողբերգական այն դեպքն է, երբ մարդու ողջ կյանքի հետագիծը, արժեհամակարգն ու «քաղաքացիական առաքինությունը» տեղավորվում են բերանի խոռոչից մինչև հետանցք ընկած կարճ երթուղու մեջ։

«Քաղաքացու օրը» զուռնա-դհոլով նշելն այն պահին, երբ ազգային ցավը դեռ աղաղակում է, նշանակում է պետական մակարդակով հաստատել, որ ստամոքսի հունը գերակա է արյան կանչից։ Սա հենց մնեմոցիդն է կամ հիշողության սպանդը՝ համեմված մանղալի ծխով և կեղծ խնդության շղարշով։

Պատմությունը, ի տարբերություն «օխլոսի», ամնեզիա չունի և չի ներում։ Որևէ բյուջե, որքան էլ շռայլորեն դատարկվի «տոնական» հրավառությունների վրա, չի կարող լուսավորել այն անդնդային մթությունը, որը տիրում է սեփական Մեծ Ծնողին՝ Հայրենիքին ուրացողի հոգում։

Իսկ «ստամոքսային» ընտրակաշառքը մարսվելու է չափազանց ծանր, որովհետև դրա հետևում ոչ թե խոստացված «ապագան» է, այլ վերջնական ու անդառնալի բարոյական կապիտուլյացիան։

Լևոն Ջավախյանն իր այս գրառմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ իսկական մտավորականը չի կարող լինել լոկ դիտորդ, երբ վտանգված է հայրենիքի բարոյական հիմքը։ Նրա խոսքը, որը միշտ աչքի է ընկել իր կոպիտ, բայց անխառն անկեղծությամբ, այսօր դարձել է այն հայելին, որի մեջ նայելը ցավոտ է, բայց և անհրաժեշտ։

Ջավախյանը չի խորշում իրականությանը տալ իր անունը, նույնիսկ եթե դա հնչում է որպես դատավճիռ։

Նա մեզ հիշեցնում է ամենակարևորը. Գրականությունն ու արվեստը միայն գեղեցիկ բառեր ու պատկերներ չեն, այլ նախ և առաջ պատասխանատվություն՝ սեփական ժողովրդի հիշողության և ապագայի առջև։

Այս պամֆլետը ոչ միայն քննադատություն էր, այլև զգոնության կոչ՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր դեռ չեն կորցրել «Մեծ Ծնողին» զգալու ունակությունը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ