ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աշխարհի ամենատխուր գովազդը. «Արցախից` վերջին նուռը»

Աշխարհի ամենատխուր գովազդը. «Արցախից` վերջին նուռը»
07.11.2026 | 15:43


Աշխարհի ամենատխուր գովազդը ես տեսա մի օր։ Ծուռումուռ պատռված ստվարաթղթին գրված էր.

-Արցախից` վերջին նուռը...

Նոյեմբերն էր էն ցուրտ։ Պաղ քամին մեր քրքրված պատմության դուռ ու լուսամուտներն էր փշրում։ Հող ու փոշի լցնում մեր աչքերի մեջ։ Էլի՞։

- էս Նուռը չուտեք, երեխեք, սա վերջին նուռն է։

Երկնքից անձրև չէր թափվածը, ոչ էլ կարկուտի նման էր։ Դլե յաման ողբ էր` սև հեղեղի պես։

-Ո՞նց վերջինն է, էլ նուռ չի՞ լինելու, մա՛մ։

Վերջին ու Արցախ բառերը մենք որտե՞ղ գրենք բա։ Աշխարհի խղճի՞ն։ Մե՞ր, թե՞ մեր բաժին երկնքի ճակատին։ Թե՞ մեր արյան բոլոր վերուվար ճամփեքին գրենք։ Որ մեղվի պես ամեն օր բզզա ու շարունակի ապրել մեր տաք երակների մեջ։

Ես կուզեի`գրեմ, բայց ես ո՞վ եմ։

Մեկը լիներ, ինձ գրեր. գրեր նորից, նոր տողից, չանցներ էդ անտեր լուսանցքները։ Չհատեր գծեր ու սահման։

-Նու՞ռը. էլի կլինի, երեխեք, անպայման կլինի, եթե ես չհավատամ դրան, աշխարհում էլ ոչնչի չեմ կարողանա հավատալ, բայց սա վերջինն է...

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 103

Մեկնաբանություններ