ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀԿ-ական պատգամավորի հորը աշխատանքից ազատո՞ւմ են

ՀՀԿ-ական պատգամավորի հորը աշխատանքից ազատո՞ւմ են
14.03.2014 | 00:23

ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հայրը՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, աշխատանքից ազատվելու «սպառնալիքի տակ է»։ Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի մեր աղբյուրները, նշելով, որ դա նրան պարտադրել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ նրան նման «հրահանգ» է տվել Գագիկ Ծառուկյանը։ Պատճառն այն է, որ երբ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում «բարեգործական» հեռուստացույցներ է բաժանել, Արտաշես Կարապետյանը բեմ է բարձրացել ՀՀԿ կրծքանշանով, ինչը վրդովեցրել է ԲՀԿ ղեկավարին։
Ըստ նույն աղբյուրի, Բալասանյանը ստիպված է եղել իր մոտ կանչել մշակույթի բաժնի աշխատակիցներին, այդ թվում՝ Արտաշես Կարապետյանին, և ասել, որ չի ցանկանում շարունակել նրա հետ աշխատանքը, իսկ Կարապետյանի «լիազորությունները» բաշխել է աշխատակիցների միջև։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հարություն Սաֆարյանը։
Թեև Արտաշես Կարապետյանը դեռ դիմում չի գրել, սակայն իրավիճակը անգամ նրա պատգամավոր դուստրը ի վիճակի չէ փրկելու։ Ականատեսները պատմում են, որ երբ Բալասանյանը «նեղն է գցել» Կարապետյանին, վերջինս ձեռքը գրպանն է տարել՝ սպառնալով. «Հիմա կզանգեմ»։ Ասել է՝ զանգ պատգամավոր դստերը։
Հավելենք, որ Արտաշես Կարապետյանը եղել է ՀԿԿ անդամ, այնուհետև ՀԺԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար, սակայն, ինչպես մեր աղբյուրը փաստեց, հենց նրա «շնորհիվ» է Գյումրիում «փակվել» այդ կուսակցությունը։ Այժմ նա պատգամավոր դստեր կուսակիցն է՝ ՀՀԿ անդամ։ Լուրի իսկությունը ճշտելու համար, նախ, զանգահարեցինք պատգամավոր դստերը, որը «խիստ» զբաղվածության պատճառով հեռախոսը «շպրտեց»։ Տեղեկությունը պարզելու համար դիմեցինք նաև Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, որը փոխանցեց հետևյալը. «Պարոն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել, նա քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետն է։ Աշխատանքի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, որոշակի գործառույթներ սկսել են իրականացնել այլ մարդիկ։ Բայց բաժնի կոորդինացումը կատարում է ղեկավարը։ Տարօրինակ ոչինչ չկա»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ