ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցույթից Հայաստանը վերադարձել է ութ մրցանակով: Ընդ որում` հինգ գիրք արժանացել է Առաջին մրցանակի:
«Իրատես de facto»-ն հետաքրքրվեց` ներկայացվե՞լ են մրցույթին ցեղասպանության թեմայով գրքեր: «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ ասաց, որ մտածել են հատուկ անվանակարգի մասին. «Պետք է նկատի ունենալ, որ մրցանակաբաշխությանը շքեղ հրատարակություններ են ներկայացվում: Ցեղասպանության թեմայով գրքերը բովանդակությամբ և արտաքին ձևավորմամբ մի քիչ այլ են: Իհարկե, կարելի է լուսանկարներով ալբոմներ հրատարակել` տպագրական առումով ներկայանալի: Որովհետև այստեղ ավելի շատ գիրքն է կարևորվում: Մենք 100-ամյակի տարելիցը ամեն ձևով, ամեն առումով պետք է ներկայացնենք: Սա ևս ճանապարհ է մեր ցավը, կորուստները, մեր պատմությունը քարոզելու»:
Մշակույթի նախարարի տեղակալ ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հավելեց, որ 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրականության առանձին շարք է լինելու. «ՈՒնենալու ենք երեք տեսակի հրատարակություն. հայերենից այլ լեզուներ թարգմանություններ, պետությունը հատկապես օժանդակելու է արտերկրների հրատարակություններին: Երկրորդ` այլ լեզուներից հայերեն թարգմանությունները, այս դեպքում շեշտը կդրվի գեղարվեստական գրականության վրա, երրորդ ` ժամանակի փորձությունն անցած և պամանականորեն դասական դարձած գրականության վերահրատարակությունն է»:
Հավելենք, որ գրքարվեստի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ է մի երկիրը հինգ Առաջին մրցանակ ստանում: Կազմակերպիչները վստահեցնում են, որ հայ գիրքը առանձնանում է բովանդակությամբ, արտաքին տեսքով և բազմազանությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ