ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Դժվար է ասել` բնության մասին գրող Մեծարե՞նցն է ավելի հայրենասեր հայ, թե՞ քաղաքական ակտիվությամբ հանդես եկող հեղինակը»

«Դժվար է ասել` բնության մասին գրող  Մեծարե՞նցն է ավելի հայրենասեր հայ, թե՞  քաղաքական ակտիվությամբ հանդես եկող հեղինակը»
06.06.2014 | 12:14

Օրերս «The Club» ակումբում կայացավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «Գրանիշ քաղաքացի» համարի շնորհանդեսը: Հանդեսը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ: «Իրատես de facto»-ն հարցեր ուղղեց «Գրանիշ» հանդեսի խմբագրակազմի անդամ, գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ և գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ։

ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


-Ինչո՞ւ «Գրանիշ քաղաքացի»:
-«Գրանիշի» հերթական համարը հասարակության մեջ շրջանառվող ամենատարածված թեմաներից մեկի` գրականության քաղաքացիական դիրքորոշման մասին է: Վերջին շրջանում շատ ենք հանդիպում մի հարցադրման, որ գրողը պետք է քաղաքացիական որոշակի դիրքորոշում ունենա: Մենք փորձեցինք հասկանալ, այդպե՞ս է, թե՞ ոչ, ունե՞ն գրողները որոշակի քաղաքացիական դիրքորոշում, ինչքանո՞վ են այդ դիրքորոշմանը համապատասխան ստեղծագործում, և հերթական թեման ներկայացնել` տարբեր դիտարկումների համապատկերում:
-Կա՞ն գրողների շրջանում քաղաքական ակտիվիստներ: «Գրանիշում» քաղաքակա՞ն թեմաների ենք հանդիպելու:
-Նոր համարում քաղաքական և սոցիալական խնդիրներ բարձրացնող թեմաները շատ են: Առհասարակ, քաղաքացիական դիրքորոշումը չի ենթադրում միայն քաղաքական հարցերի վերհանում, դրանք կարող են լինել սոցիալական հարցեր, բնապահպանական, գենդերային հավասարության և այլն: Այս համարում տպագրվել են, օրինակ, Արմեն Շեկոյանի, Համբարձում Համբարձումյանի պատմվածքները, որոնք սոցիալական ենթատեքստ ունեն, տպագրվել է հատված Արմեն Օհանյանի վեպից, որը պատմական էքսկուրս է համաշխարհային դիկտատուրաների պատմության ոլորաններում: Հայգի, Հուսիկ Արայի, Տիգրան Պասկևիչյանի բանաստեղծությունները Հայաստանի կերպարի, հայրենասիրության նորովի վերարժևորմամբ: Մհեր Արշակյանի էսսեն` գրված հատուկ «Գրանիշի» համար` գրողի քաղաքացիական դիրքորոշման մասին: Վահրամ Մարտիրոսյանի «Անկշռելիություն» անտիպ վեպից մի հատված` ազգային խտրականությունների, ռուսական իրականության մեջ այլազգիության գործոնի բացասական դիտարկումներով: Մարինե Պետրոսյանի՝ առաջին հայացքից քաղաքական տարրերով հագեցած, բայց խորքում` նոր պոստմոդեռնիստական իրականություն ու աշխարհ կառուցող բանաստեղծական շարքը:
Ներկայացված են նաև թարգմանություններ Էդուարդ Սաիդից` գրողի հասարակական դերի մասին, Ալբերտո Մորավիայի «Մարքսի և Դոստոևսկու մենամարտը», Մարիո Վարգաս Լյոսայի` «Հազար դեմքերի երկիրը» էսսեները: Առհասարակ, գրողից, որպես անհատից, կարող ես պահանջել քաղաքական ակտիվություն, նա կարող է հանրահավաքների մասնակցել, բայց պահանջել, որ գրողն անպայման գրի քաղաքական թեմայով, պարզապես անհնար է: Որովհետև շատ դժվար է ասել` բնության մասին գրող Մեծարե՞նցն է ավելի հայրենասեր հայ, թե՞ քաղաքական ակտիվությամբ հանդես եկող հեղինակը:
-«Գրանիշն» ավելի շատ ոլորտի մասնագետների՞ համար է, թե՞ հասարակ ընթերցողի:
-Թեմատիկ համարներ անելու նպատակը ավելի շատ հասարակական լայն շերտերին գրական որոշակի իրողությունների մասին համապարփակ գիտելիքներ հաղորդելն է, որովհետև մասնագետները որոշակի գաղափար ունեն այս հարցերի մասին: Նաև, կարծում եմ, մեծ օգնություն է ուսանողներին:
-Գնողունակության մասին ի՞նչ կասեք:
-Որոշակի չափով սպառվում է, երևի թե միակ գրական պարբերականն է, որ վաճառքի որոշակի չափաբաժին ունի: Բայց մեծ թվերի մասին այսօր խոսելը մեծամտություն կլինի:
-Հաջորդ համարը ի՞նչ խորագիր է ենթադրում:
-Դեռևս չենք հստակեցրել, հնարավոր է` եղեռնին նվիրված համար ունենանք, մանկական համար, գուցե երրորդ տարբերակ էլ լինի:

ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


-Գրական պարբերականները նախանձելի վիճակում չեն, շատերը գրական նորություններին նախընտրում են ծանոթանալ էլեկտրոնային հարթակների միջոցով, ու հանկարծ հայտնվում է «Գրանիշը»` տոնական եռուզեռով, շնորհանդեսով:
-Այսօր թվային իրականությունը կարծես թե նվաճում է ոչ թվային, օֆլայն իրականության համար նախատեսված տարածքները, գրական դաշտում էլ այդպիսի տեղաշարժ նկատվում է: Մարդկանց ավելի հարմար է թվային տարբերակով ընթերցելը` թե՛ գրականությունը, թե՛ գրական մամուլը: Բայց կարծում եմ, որ «Գրանիշը», սկսած առաջին համարից, առանձնանում է գրական մամուլի մյուս օրգաններից՝ թեմատիկ ուղղվածությամբ, մանրակրկիտ աշխատանքով, հետաքրքիր դիզայնով և, այդուհանդերձ, նույնիսկ մեր թվային դարաշրջանում անպայմանորեն գտնում է իր ընթերցողին և կգտնի: Նոր համարն անդրադառնում է մեր հասարակությանը, ժամանակակից մարդուն հետաքրքրող խնդիրներին, գրականության, այսպես ասած, քաղաքացիական կեցվածքին: Մենք դասագրքերից, հատկապես խորհրդային շրջանի, գիտենք, որ գրողը նաև քաղաքացի է, պետք է առաջնորդի մասսաներին: Հետանկախության շրջանում, իհարկե, գրականությունն իրեն ազատեց այդ գործառույթներից: Բայց այսօր տեսնում ենք, որ գրողը նաև քաղաքացի է, ունի իր կեցվածքը, իր ասելիքը քաղաքական իրականության վերաբերյալ: «Գրանիշում» կարող ենք այդպիսի անդրադարձեր, ակնարկներ գտնել:
Իհարկե, չեմ կարծում, թե ընթերցողը պետք է ակնկալի, որ գրողն այս կամ այն կողմը պետք է բռնի: Գրողն իսկապես ունի իր կեցվածքը, տեսակետը, որը առանձնանում է թե ընդդիմադիրներից, թե դիմադիրներից, և այս տեսանկյունից գնահատելի է:
-Գրողը և իր գրականությունը չե՞ն կարող դուրս մնալ ժամանակից, իրականությունից:
-Չեմ կարծում, որ ճշմարիտ գրողը կարող է ժամանակից հեռու լինել։ Գրողը միշտ էլ ժամանակի մեջ է, այլ հարց է, որ ժամանակի, օրվա հետ առնչվող խնդիրներին գրականությունը չի մասնակցում և չպետք է մասնակցի: Գրականությունը պետք է ավելի խորքային մոտեցում դրսևորի: Այսօր կարևոր են ոչ թե Միկոյանի արձանի տեղադրման, Մաքսային միության անդամակցության խնդիրները, այլ այն խնդիրները, որ խորքային են ու կապված են ժողովրդի մտածողության, աշխարհայացքի, մեր երկրի իրականության հետ:
-Ինքներդ տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային մամուլն եք նախընտրում:
-Գրական մամուլը կարդում են տպագիր տարբերակով, եթե «Գրանիշին» է վերաբերում, հազվադեպ հրատարակվող «Գարուն» ամսագրին, իսկ առհասարակ, ավելի հարմար է թվայինը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ