Հունիսի 27-ին` ՈՒկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկը ստորագրելուն ընդառաջ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում բոլոր ուղղություններով: Ռուսաստանը հետ է քաշում ՈՒկրաինայի սահմանին դիրքավորված իր զորքը, խոսվում է հաշտության մասին, պաշտոնական Մոսկվան բարձրաձայնում է, որ չի խոչընդոտելու Վրաստանի ասոցացմանը, և այդպես շարունակ: Այս «հրադադարը» Արևմուտքի հետ «գորգի տա՞կ», թե՞ իրական պայմանավորվածության արդյունք է, դեռ վաղ է ասել, այնուհանդերձ, նույնքան հետաքրքիր են զարգացումները մեր պարագայում: Առ այս պահը, ընդ որում, ռուս էմիսարների դեպ Բաքու և Հայաստան բուռն «արշավների» արդյունքում, դեռ հստակ չէ` ստորագրելո՞ւ է ի վերջո Հայաստանը Եվրասիական միության անդամակցության պայմանագիրը գոնե հուլիսի երեքին, թե՞ ոչ: Որևէ մեկը հստակ պատասխան չունի: Ընդ որում, այս նույն ֆոնին չեղարկվում է հակամարտող երկրների նախագահների` Փարիզում տեղի ունենալիք հանդիպումը Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև, որը պետք է կազմակերպեր Ֆրանսուա Օլանդը:
Արդյո՞ք սա Արևմուտք-Ռուսաստան պայմանավորվածությունների արդյունքում է տեղի ունեցել, որպես զիջում ուկրաինական ֆրոնտում դրսևորած «խաղաղարարության», թե՞ այլ գործոններ են աշխատել:
Այս հարցում նույնպես հստակություն չկա:
Հստակ է մեկ բան. ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժան է կրկին Հայաստանում. ընդ որում՝ բավականին «սուրբ» առաքելությամբ. ՀԱՊԿ-ը ցայս չի խառնվել Նախիջևանից Հայաստանի վրա արձակվող կրակոցներին, սակայն պատրաստվում է խաղաղապահ ուժեր ստեղծելու… ըստ ամենայնի` Ղարաբաղի համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ