ԿԱՐԵՆ ԲՈԹՈՅԱՆ (ԱԺ անկախ պատգամավոր)
Դեռ չէինք սկսել Բոթոյանի հետ բլիցը, երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցավ ու թե. «Բոթոյան, ոչ մի հարցի էլ մի պատասխանի, ասա` Շարմազանովը թույլ չի տալիս»: Այսուհետ Շարմազանո՞վն է Բոթոյանին «ասողը», հարցրինք փոխխոսնակին։ «Չէ, ինքն այսուհետ անկախ պատգամավոր է, դրա համար եմ ասում, համ էլ ես կատակ էի անում»,- ասաց փոխխոսնակը: «Բոլոր կատակների մեջ «доля правды» կա, պարոն Շարմազանով»։ «Դե հիմա»:
-Պարոն Բոթոյան, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է դասավորվելու Ձեր ապագա կարիերան ԱԺ-ում` ՕԵԿ-ից հետո:
-Պատգամավորական գործունեություն եմ ծավալելու:
-Բա մինչև հիմա ի՞նչ էիք «ծավալում»:
-Էլի պատգամավոր էի:
-Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ «ծավալումների» ընթացքում:
-Շատ լավ եմ զգում: Դե, մինչև հիմա ՕԵԿ ֆրակցիայի կազմում եմ եղել, հիմա դուրս եմ եկել, անկախ պատգամավոր եմ:
-Կարեն, ի՞նչն է Ձեզ համար ամենասրտամոտն էս կյանքում:
-Ինչը կապված է մեր ազգի հետ, սաղ էլ սրտամոտ է:
-Կոնկրե՛տ:
-Առանց կոնկրետանալու, առանց առանձնացնելու` բոլորը:
-«Ազգ», «խնդիրներ» հասկացություններն այնքա՜ն ընդարձակ են: Ի դեպ, մնալու եք անկախ պատգամավո՞ր:
-Այո:
-Ասում են` ներկա եք եղել Շարմազանովենց` ՀՀԿ-ի ֆրակցիայի ճաշ-հանդիպմանը, որ կազմակերպել էր Սերժ Սարգսյանը, տեղի էր ունեցել Ծաղկաձորում: Կարո՞ղ է անդամակցեք ՀՀԿ ֆրակցիային:
-Ոչ:
-Չե՛ք «գրվելու» ՀՀԿ:
-Չե՛մ գրվելու:
-Պարոն Բոթոյան, ազգի, հայության ո՞ր կուսակցությունն է Ձեզ ամենասրտամոտը` այս պահին:
-Սրտամոտ կուսակցություն չունեմ այս պահին:
-Իսկ ճի՞շտ է, որ նախկին «սրտամոտից»` ՕԵԿ-ից, Ձեր դուրս գալուն աջակցել են Շարմազանովը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Դուք գնացել եք` ասել եք, որ էլ չեք ուզում լինել ՕԵԿ «ծովերի թագավոր», այլ ուզում եք...
-Չէ, չի եղել նման բան:
-Բայց Շարմազանովը, Հովիկ Աբրահամյանն ասել են` հանդիպել եք, ո՞նց չի եղել:
-Հա, հանդիպել եմ, բայց ի՞նչ ծովերի թագավոր…
-Դե, պատկերավոր խոսքեր եմ օգտագործում Պուշկինից, պարոն Բոթոյան:
-Հանդիպել եմ, լրագրողների ներկայությամբ:
-Պուշկինի հե՞տ:
-Ոչ, Ձեր նշած անձանց, հանդիպել եմ հրապարակային, առանձին չեմ հանդիպել, հանդիպել եմ Ազգային ժողովի դահլիճում:
-Հասկացանք: Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Բոթոյան, Ձեր կուսակիցները նեղացա՞ծ են Ձեզնից:
-Էդ իմ հին ընկերներին հարցրեք, ես իրենցից նեղացած չեմ:
-Դուք սիրո՞ւմ եք նրանց, Բոթոյան:
-Հարգում եմ, որովհետև մենք իրար հետ ճանապարհ ենք անցել:
-Բա որ ճանապարհ եք անցել, ինչո՞ւ հավատարիմ չմնացիք «ճանապարհին»:
-Քաղաքական բան է փոխվել, իրենք իրենց ճանապարհով են գնում, ես` իմ:
-Վերջին անգամ եմ հարցնում, Բոթոյան, կարո՞ղ է՝ մի օր էլ Ձեզ տեսնենք ՀՀԿ-ում:
-Ոչինչ չեմ բացառում, բայց էս պահին էդպիսի բան չկա:
-Մինչ ե՞րբ «չկա»։
-Չկա՛… Վա՜յ, սխալ եմ եկել (պարոն Բոթոյանը տեսավ, որ իր սենյակ մտնելու փոխարեն, եկել, ինքնաբերաբար կանգնել է պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի սենյակի դռան մոտ- Կ. Դ.):
-Սիրտդ քաշում է, է՛լի, չի կտրվում ՕԵԿ-ից:
-Շփոթվեցի…
-Ամեն օ՞ր եք այդպես շփոթվում:
-Չէ, մենակ էսօր:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ