«Մարս Մեդիա» կինոընկերության նախագահ, ռուսաստանաբնակ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը և ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանի հետ համատեղ պատրաստվում են խոշորածավալ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի ողբերգական իրադարձությունների մասին. Սպիտակի երկրաշարժի արդյունքում Ռոբերտ Մելքոնյանի ծնողները մնում են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Սակայն, կարեկցանքը, ի վերջո, հաղթահարում է վրեժի զգացումը:
Ֆիլմը մարտահրավերի պես է ընդունել մեր ընթերցողը` մասնագիտությամբ շինարար-ինժեներ, ով չցանկացավ ներկայանալ:
Որ Սպիտակի երկաշարժն արհեստածին էր, այս և նման խոսակցություները չեն դադարում մինչ օրս: Նաև հաճախ է քննարկվում շինարարների անբարեխիղճ աշխատանքը:
«Եթե շենքը կառուցելիս բետոնի փոխարեն հող լցնեին, ինչպես շատերն են պնդում, մարդիկ չէին հասցնի անգամ մեկ օր ապրել այդպիսի շենքերում,-վստահեցրեց մեր ընթերցողը:- Մասնագետները նշում էին, որ Սպիտակի երկրաշարժն իր հզորությամբ աննախադեպ էր, ԽՍՀՄ-ի շատ քաղաքներ կկործանվեին նման երկրաշարժից: Հայաստանյան սեյսմոլոգների պնդմամբ` եթե նման երկրաշարժ տեղի ունենար Երևանում, բնակչության 30-40 տոկոսը կկործանվեր»:
Գյումրիում 20-ականներին կառուցված չորսհարկանի տները կանգուն են մնացել երկրաշարժից հետո, իսկ խորհրդային շրջանում կառուցված նույն հարկանի տները փլվել են: Սա չի՞ խոսում կառուցման տեխնիկայի ու շինարարների անբարեխղճության մասին:
«Տարբեր վայրերում նախապատրաստական աշխատանքներ կատարելիս` հաշվի են առնում երկրաշարժի ուժգնությունը, Գյումրիում 8 բալ էր նախատեսվում, հետո իջեցրին 7 բալի, իսկ երկրաշարժը 10 բալից ավելին էր: Ամեն տարի նախատեսված էր հինգ տոկոսով իջեցնել ծախսերը, շենքերը չորս հարկից չէին անցնում, պատերն ունեին 50 սմ հաստություն, դարձրին` 40 սմ: Մետլախները, մանրահատակը հանեցին, առաստաղի բարձրությունը իջեցրին, բետոնի մարկան 200-ից իջեցրին 150-ի, կցամասերը (արմատուրա), 18-ի փոխարեն դարձրին 14»:
«Շինարարները գուցե անթերի չեն աշխատել, բայց եթե նույնիսկ գերազանց կառուցեին շենքերը, միևնույն է, չէին դիմանա երկրաշարժի հզորությանը»,- ասաց շինարար-ինժեները, նշելով, որ խոսքը երկրաշարժի մասին չէր, այլ արհեստածին երևույթի: Ամենասեյսմիկ գոտին Ճապոնիան է, Հրե օղակը անցում է Մալայզիայով, Ինդոնեզիայով, Կալիֆոռնիայով: Բայց ես չեմ լսել, որ 10 բալից ավելի երկրաշարժ լինի: Ճապոնիայի հզոր երկրաշարժը, որ այդքան ավերածությունների պատճառ դարձավ, 9-ը բալ էր»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ