Իտալիայի Ջենովա քաղաքում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցել է 30 երկիր: Հայաստանից մասնակցել են Արմենուհի Սիսյանը, Էդուարդ Հարենցը, Արուսյակ Օհանյանը և Հերմինե Նավասարդյանը: Հոբելյանական փառատոնի կազմակերպիչը հայտնի բանաստեղծ, արձակագիր Կլաուդիո Պոցցանին է: Փառատոնին Հայաստանից մասնակցել են նաև հայկական էթնոջազ ներկայացնող երաժիշտ-կատարողներ Միքայել Ոսկանյանը (թառ) և Ռաֆայել Ավագյանը (բլուլ): Զրուցակիցս բանաստեղծուհի, արձակագիր ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆՆ է:
-Ինչո՞վ էր առանձնանում այս փառատոնը, ինչպիսի՞ն էր հանրության, պոեզիայի սիրահարների արձագանքը:
-Փառատոնը նշանակալից էր նրանով, որ կարծես հյուրախաղերի մեկնած լինեինք: Մթնոլորտն աշխատանքային էր: Ելույթներ ունեցել ենք ոչ միայն Ջենովայում, այլև մերձակա քաղաքներ Ռապալլոյում, Սպեցիայում, Լավանիայում: Ամենուրեք բեմ և հրաշալի հանդիսատես: Իտալացի ունկնդիրը շատ ջերմ է. եթե հավանում է ստեղծագործությունը, բուռն արտահայտում է իր վերաբերմունքը թե՛ ծափահարություններով, թե՛ բարձրաձայն «բռավո», «բռավիսիմոներով»: Նրա ռեակցիան կարելի էր ընդունել որպես բոլոր բանաստեղծների ընթերցումների ընկալման բարոմետր, քանի որ հեղինակի ընթերցմանն անմիջապես հաջորդում էր իտալերեն թարգմանության ընթերցումը (թարգմանությունը՝ Սուրեն Ենոքյան-Իսրայելյանի): Այս ձևով ստեղծվում էր անմիջական կապ հեղինակի և ունկնդրի միջև, ինչը հրաշալի է: Պատկերացրեք՝ արձագանքներ լինում էին: Անչափ հաճելի էր, երբ Ջենովայում ու Ռապալլոյում ելույթից հետո մոտեցան ինձ երկու կանայք, մեկն ասաց, թե հրեշտակների մասին բանաստեղծությունը կարծես ինքը գրած լիներ ու խնդրեց ուղարկել իրեն էլեկտրոնային հասցեով, մյուսը շնորհակալություն էր հայտնում, շնորհավորում: Այսինքն՝ գոյություն ունի հեղինակի և ունկնդրի կենդանի, անմիջական կապ, ինչն էլ հենց հանգեցնում է գրականության հանդեպ հետաքրքրության: Կուզեի մեզ մոտ էլ նման կապ ձևավորվեր:
-Իսկ ի՞նչն է խանգարում:
-Ցավով եմ ասում, բայց մենք մեռելապաշտ ազգ ենք. չենք ուզում ճանաչել ապրող հեղինակներին: Բա գրված չլինի՞` ծնվել է այսինչ թվին, մահացել այսինչին, կամ գրողը օտարազգի չլինի՞: Սա, իհարկե, ունի իր պատճառը, ավելի ճիշտ, պատճառները, պարզապես դա ուրիշ թեմա է և երկար ժամանակ կպահանջի վերլուծության համար:
-Կա ձևավորված կարծիք, որ ընթերցանության ճգնաժամ է ամենուր: Օտարազգի գրողները չէի՞ն դժգոհում ընթերցանության պակասից:
-Փառատոնի կազմակերպիչ Կլաուդիո Պոցցանին բողոքում էր, որ հիմա քիչ են կարդում, բայց պոեզիայի հետ հենց այսպիսի հաղորդակցումը, իմ կարծիքով, հանգեցնում է ընթերցանության հետ մերձեցման: Պարզ մեխանիզմ է. ունկնդիրը սկզբում լսում, ճանաչում, հավանում է կամ չի հավանում, որից հետո, բնականաբար, գալիս կամ չի գալիս կարդալու ցանկությունը: Համենայն դեպս, ընտրության հնարավորություն ունենում է:
-Մեզ մոտ մշակութային իրադարձություններն ինչպես հարկն է՝ չեն գովազդվում, քիչ է հետաքրքրությունը լրատվամիջոցների, հանրության շրջանում: Ի՞նչ արձագանք էր գտնում փառատոնն այս առումով:
-Քաղաքում ամենուրեք կարելի էր տեսնել փառատոնը գովազդող տարբեր պաստառներ: ՈՒրեմն, ելույթի գնացած քաղաքից վերադառնալիս շփոթել էինք գնացքը նույն երթուղու արագընթաց գնացքի հետ ու ստիպված էինք վճարել տարբերությունը, բայց երբ ուղեկցորդուհին իմացավ, որ Ջենովայի պոեզիայի փառատոնի հայ մասնակիցներ ենք, ոգևորվեց ու «ներեց» մեզ:
-Հայաստանում էլ են անցկացվում հեղինակային ընթերցումներ, պոեզիայի փառատոն էլ ունենք: Այնուհանդերձ, բացերը շա՞տ են:
-Սա մեզանում նոր ձևավորվող մշակույթ է, որ վերջերս հաճախացել է, բարեբախտաբար: Առաջ ինքս էլ անբարեհաճ էի վերաբերվում դրան՝ համարելով մի տեսակ անհամեստություն հեղինակի կողմից, թե` լսեք ինձ, ահա՛, կարդում եմ իմ գործերը: Բայց, լսելով նմանօրինակ ընթերցումներ Ֆրանսիայում, Ավստրիայում, հիմա նաև՝ Իտալիայում, կասեմ, որ դա շատ ավելի նորմալ է, քան հեղինակի խորասուզվելը բազկաթոռի մեջ՝ բեմի կենտրոնում և սպասելը, որ գրականագետներն ու գործընկերները մոտենան, երկարաշունչ, պաթետիկ ճառեր կարդան ու գովեստի ամպագոռգոռ ելույթներ հնչեցնեն իր հասցեին: Ա՛յ, սա ամոթ է, ինչ-որ տեղ նաև` ծիծաղելի:
-Հայաստանյան պատվիրակությունն ինչպե՞ս ներկայացավ: Գո՞հ եք արդյունքներից:
-Կարելի է պատիվ համարել, որ Ջենովայի կենտրոնում գտնվող Պալացցո Դուկալեում, որն իրականում հին դղյակ է, եզրափակիչ օրը հայաստանյան պատվիրակությանը ելույթի հնարավորություն էր տրվել: Մեր երաժիշտները հանդես եկան Կոմիտասի ու Սայաթ-Նովայի ինքնատիպ մշակումներով, ինչպես նաև gam session նվագեցին իրենց մոտ հայտնի Ֆաբիո Վեռնիցիի ջազային տրիոյի հետ, իսկ մենք ընթերցեցինք մեր բանաստեղծությունները՝ մեր երաժիշտների նվագակցությամբ:
-Ի՞նչ տվեց փառատոնը, եթե հետադարձ հայացքով նայեք:
-Շատ բան՝ նոր մշակույթի հետ շփում, ծանոթություն ժամանակակից այլազգի հեղինակների հետ, փորձառություն, վերջապես, ինքնավստահություն՝ բեմից ելույթ ունենալու և հանդիսատեսի հետ անմիջական կապն զգալու, ինչ-որ չափով այն կառավարելու: Իսկ ամենակարևորը՝ Հայաստանը ճանաչելի դարձնելու խիստ պատասխանատու գործի գիտակցումն էր: Չէ՞ որ թե՛ հանդիսատեսը, թե՛ այլազգի հեղինակները, թե՛ փառատոնը կազմակերպող ողջ անձնակազմն այդ պահին Հայաստանի մասին տպավորություն են կազմում հենց քեզնով՝ քո բանաստեղծությամբ, կեցվածքդ, կենդանի խոսքով, անգամ ձայնովդ կամ ժպիտովդ: Այդպես է, մենք էլ նույն կերպ տպավորություն չե՞նք ստանում այլազգիների հետ անմիջական շփումից: Իսկ մեր երաժիշտների եզրափակիչ կատարման ժամանակ դահլիճը նրանց հետ երգում էր «Զոմա-զոմա, քոմա-քոմա» ու ռիթմիկ ծափ տալիս: Այնպես որ, բոլորիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մշակույթի նախարարությանը և «Ալիտալիային», առանց որոնց հոգածության չէր իրականանա այս ճամփորդությունը, նաև «Գրական տապանի» համակարգող, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանին և Festival Internazionale di Poezia di Genova-ին, որը հրավիրեց ու ապահովեց փառատոնին մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմանները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ