ՍԵԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «Մենք միայն ուզում էինք երջանիկ լինել» լիամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող, կինոքննադատ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ առաջարկեց ռեժիսորին ներկայացնել ֆիլմն ու այն, ինչ չի երևում ֆիլմում, նշելով որ բավական սուր թեմա է բարձրացվել, սակայն հարցուպատասխանը բնականոն հունից շեղվեց: Ֆիլմը հուզիչ է, մեր օրերի մասին է, բայց ռեժիսորն այն հանրային քննարկման առարկա դարձնել չի ուզում, ավելի շուտ, չեն ուզում ֆիլմի հերոսները: Կարճ ասած` ֆիլմի մասին ոչ մի խոսք, կամ հնարավորինս չափավոր անդրադարձ է ակնկալվում լրագրողներից: Հայտարարությունը միանշանակ չընդունվեց: Սեգ Կիրակոսյանի ֆիլմը ներկայացվում է փառատոնի շրջանակում, մամուլի համար արդեն ցուցադրվել է, ի վերջո, ասուլիս է հրավիրվել:
Հետաքրքրվեցի` «Եթե ֆիլմը նկարահանվել է, ուրեմն հանրայնացնելու, հանդիսատեսին հասցնելու խնդիր է եղել, կամ, հերոսներն ինչո՞ւ են համաձայնել ֆիլմի վերածել իրենց կյանքը, եթե հիմա նման խնդիրների առաջ են կանգնեցնում ռեժիսորին»:
«Հերոսների հետ պայմանավորվել եմ, որ ֆիլմը Հայաստանում չեմ ցուցադրի այնքան ժամանակ, մինչև իրենք թույլ տան,-ասաց Սեգ Կիրակոսյանը:- Հիմա ես բացառիկ թույլտվություն եմ վերցրել «Ոսկե ծիրանում» ներկայացնելու համար, որովհետև վերջիններս աջակցել են ֆիլմի ստեղծմանը` տրամադրելով տեխնիկա: Ֆիլմը ներկայացվելու է արտասահմանյան փառատոներում, մի քանի տարի հետո նաև Հայաստանում»:
Հարց հնչեց` ի՞նչ կլինի, եթե ֆիլմը գլխավոր մրցանակ ստանա: Ռեժիսորը չի ուզում, որ բանը դրան հասնի, բայց որ հասնի, մի բան կմտածի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ