ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Րաֆֆու մշուշոտ հեռանկարը

Րաֆֆու մշուշոտ հեռանկարը
24.11.2014 | 17:37

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե չի կարծում, որ նույն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունից հետո ինչ-որ նոր, արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Երկրի համար իսկապես ոչ մի նոր, արտակարգ իրավիճակ չի ստեղծվել և առհասարակ կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչներն այնքան կանխատեսելի են, որ հազիվ թե շրջադարձային հայտարարություններ անելու պոտենցիալ ունենան: Այս առումով Մարտիրոսյանի հետ համաձայն եմ:
Թեև վախենամ, որ Արմենը նկատի ունի, որ Րաֆֆու հայտարարությունը նոր ոչինչ չի ստեղծել անգամ եռյակի համար: Այստեղ համաձայն չեմ, ավելին, եթե կուսակցության փոխնախագահն այդպես է կարծում, ուրեմն՝ թերագնահատում է իր կուսակցապետին կամ համարում է, որ նրա խոսքը վաղուց չունի լրջություն:
Իսկ խոսքի մակարդակով գոնե «Ժառանգություն» կուսակցության նախագահը հստակ տարանջատվել է եռյակից՝ հանրությանը իրազեկելով, որ ոչիշխանականները չունեն միասնական օրակարգ, ու նաև տեղեկացնելով իր քաղաքական ուժի ինքնուրույն ակցիաների մասին:
Ընդունենք, որ Րաֆֆու հայտարարությունները լուրջ են ու փորձենք հասկանալ, թե ինքնուրույն գործունեության ի՞նչ ռեսուրսների է տիրապետում նա:
Ցավոք, կանխատեսումները հուսադրող չեն:
Նախ, Հայաստանի պատմության մեջ չկան դեպքեր, երբ նախագահական ընտրությունները ձախողած (ընտրությունների կեղծման, թե այլ բանի պատճառով՝ կարևոր չէ) ընդդիմադիր թեկնածուն հետո կարողանա հաջողություն ունենալ: Դա են հուշում Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակները: Մեր հասարակությունը տևական պայքարի պատրաստ չէ, և երբ «կայծակնային» փոփոխություններ չեն լինում, արագ հիասթափվում է առաջնորդից:
Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում՝ սրան գումարվում են նաև հակասական վարքագիծը, քաղաքականության անհարկի ծիսականացումը, թիմի բացակայությունը, անհետևողականությունը:
Տեսականորեն «Ժառանգություն» կուսակցությունը կարող էր դառնալ եվրաինտեգրացիայի կողմնակիցներին միավորողը՝ խորհրդարանում լինելով միակը, որ դեմ է ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Այդ փոքր շանսը, սակայն, նույնպես կորսված է, որովհետև եռյակի վերջին հանրահավաքում Րաֆֆին ի լուր ամենքի հայտարարեց, որ իր կուսակցությունը վերանայել է մոտեցումները ու արդեն դեմ է ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլև Եվրամիությանն ինտեգրվելուն:
Այնպես որ, դեկտեմբերի 5-ին Րաֆֆուն Ազատության հրապարակում լսելու կգան նրա ընտանիքի անդամները, մեկ-երկու կուսակցական, հա, մեկ էլ այդ պահին հրապարակով անցնող մեկ-երկու անցորդ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ