ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մի մե՜ծ երկրից մնացած էս Մեծ երկրի փշրանքները գուրգուրողը

Մի մե՜ծ երկրից մնացած էս Մեծ երկրի փշրանքները գուրգուրողը
02.12.2014 | 09:56

Իմ Հովհաննես, դու էլ դարձար յոթանասուն։ Լավ էլ արեցիր: Հարյուր տարի հենց մեր աչքի մեջ ու աչքի առաջ, հենց հոգու ու սրտի մեջ ես ապրում, պատմությամբ հետ ու առաջ գնալն էլ չհաշված, Կարին-Ախալցխան էլ չհաշված, առաջին սերերն ու եկող սերերն էլ չհաշված, յոթանասունն ի՞նչ է, որ, իսկական սիրո հասակ: Զարմանալի բաներ են կատարվում այս տխուր-ուրախ աշխարհում: Չեղած բանն անգամ չի վերջանում: Էսքան սեր ու բարությո՞ւն կլինի, որ ախալցխացիները բերում-լցնում են Երևան, ո՛չ եզերքի սերն է մի աչքի չափ պակասում, ո՛չ էլ սիրո ու կարոտի պակաս Երևանն ու աշխարհն են լցվում: Մեկը հենց դու, Հովհաննես Ղուկասի Պապիկյան: Մի տեղ խոսում եմ, ավելի ճիշտ զարմանքս եմ հայտնում, որ էսպես ու էսպես` մի Գագիկ Գինոսյան է աշխարհ եկել, հենց` լույս տեսել, Հովիկ, դու ասում ես ծանոթացրու, նայում ես դեմքիս, ապա` լավ, միայն հեռախոսի համարն ասա։ Մի ուրիշ տեղ էլի մահապարտ Գագիկի մասին եմ խոսում, որ նաև «Կարին» ազգագրական խումբ է ստեղծել, Շահում Ղազարյանն է հիացմունքով բառեր ասում ու խնդրում հեռախոսի համարը։ Եվ Հովիկը մտերմացավ Գագիկի հետ, և Գագիկը Շահումից լավ դասեր քաղեց։ Եվ էնքան եմ ուզում՝ ցույց տաք մի ախալցխացու, որ բարի չլինի: Ով ումից ի՞նչ է սովորում: Տուն, ընտանիք, լեզու, հայրենիք: Եվ Հովհաննես Պապիկյանն ինչո՞ւ չհպարտանա, նա` լրագրողը, վավերագրողը, գրողը ամենուր որոնում է մարդկանց: ՈՒ գտնում է: Ասեմ, որ կարողացել է նախ իրեն գտնել: Լավ էլ գտել է: ՈՒնեցածն էլ ի՞նչ է` լիքըփեշ, լիաբուռն բարության, սիրո սերմեր: Շաղիր, տափանիր ու հունձքդ արա:
Կասեմ հպարտությամբ` Հովհաննես Պապիկյանն ավելի շատ տոհմաբան է, մարդաբան, հենց երկրաբան: Օրհնաբեր են նրա գրքերը: Երբեք բառախաղ չհամարենք` «Կարոտս կարոտիդ կարոտ»` նվիրված Հովհաննես Շիրազին: Էս հրաշալի վերնագիրը կարելի է կարոտով ու սիրով վերադարձնել Հովհաննեսին, հիշելով մեր մարգարեին` քո տվածն եմ քեզ տալիս: Էպոսային սիրերգություն ու ազնիվ տառապանք, խտացված հավատ կա Հովհաննեսի մեջ. գիտեմ` դա գալիս է իր ժողովրդից, Կարինի ժողովրդից, նաև Արուսյակ Սահակյանի հետ անխոս, անբառ մտերմությունից: Կարդացեք Հովհաննեսի «Կարոտի ճամփաներ» գրքի «Մուշ» բաժինը, և հասկանալի կլինի այդ մտերմության գաղտնիքը:
Զարմանալի կիրթ է Հովհաննես Պապիկյանը: ՈՒ հոգս-մտահոգությունները կարողանում է սքողել-փարդել մի անուշ-գերող ժպիտով: Ինքն իր տիրակալն է: Էն տիրակալն է, որ չի մատնում, որ ինքը վաղուց է բռնանում բռնակալների դեմ: Ինքն իր բռնակալն է դառնում գրելու, նկարահանելու, մտածելու պահին: Կինովավերագրություններ ունի, առաջինը պիտի տանք Վազգեն Ա Վեհափառի փառապսակ անունը: Չէր կարող մոռանալ Հովհաննես Շիրազին, Համո Սահյանին, Վահան Տերյանին, Մհեր Մկրտչյանին… Ֆիլմեր, գրքեր, գիրք-օրացույցներ… Դա նուրբ, ոսկեղենիկ աշխատանք է, որ նա տարիների ընթացքում սիրով է արել` գործընկեր ունենալով զգայուն արվեստաբան Շուշանիկ Սահակյանին:
Հովհաննեսը շատ բան սովորեց ու նույն կյանքի ակունքներին քիչ բան չնվիրեց, բայց էդպես էլ խորթ մնաց հոխորտալու փեշակին, իրեն մեծարել-ցուցադրելու «գեղեցիկ արվեստին»: Նա ինքն իր բանահավաքն է, իր կորուսյալ երկրի պատկերներով ապրողը, իր հերոսների արյունը ճանաչողը, բարբառը իմացողը, իր Նարեկով բուժվողը, մի մե՜ծ երկրից մնացած էս Մեծ երկրի փշրանքները գուրգուրողը:
...Յոթանասուն տարեկաններից երբեմն փախչում են հենց իրենք` էդ տարիքը կրողները: Բախտ է, ինչ ասենք: Հովհաննեսին մեղվի նման վրա տվողները օրեօր շատանում են: Կարծում են` ծաղիկ է, նոր է բացվում: Շատ գործ է արել, աչքին քիչ է թվում: Էնքա՜ն գործ ունի անելու:
Միշտ քեզ նման մնաս, սիրելի Հովիկ, աչքդ, միտքդ` հայոց ակունքներում, հալալ ձեռքդ` նաև հայրենի դպրության ազնիվ երախտավոր, բանաստեղծ Լևոն Միրիջանյանի ակունքած գործի վրա: Քո անվան վրա: ՈՒ բոլոր նրանց հետ, ում հետ ճանապարհ ես անցել ու դեռ անցնելու ես: Գլխավորը` Ախալցխայի քո կարինցի գյուղի ու կարինցի տան ճամփան երբեք ու երբեք չմոռանաս: Հենց մոռանաս` կվերջանաս:


Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հ. Գ. Մնացած ասելիքս` 75-ամյակիդ:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ