Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գեղարվեստական վեպը ԱՄՆ-ում լույս տեսնելուց անմիջապես հետո դարձել է ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Հրատարակվել է 2012-ին, մինչ օրս բեսթսելլերների շարքում է: Երեկ գրողների միությունում տեղի ունեցավ գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Թարգմանիչը Արամ Արսենյանն է: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ գիրքը թարգմանվել է բարձր հայերենով: «Ոչ շքեղաշունչ, այլ ճշգրիտ անգլերեն բնագրին համահունչ հայերեն է այստեղ»,- նշեց նա:
Արամ Արսենյանն ասաց, որ «Ավազե ամրոցի աղջիկները» Քրիս Բոջալյանի 15-րդ վեպն է, և առաջին վեպն է՝ հայկական թեմայով. «Հետաքրքիր կենսագրություն ունի Բոջալյանը: Վեպի գլխավոր հերոսի կինը, ինչպես ամերիկացիներն են ասում, օտարազգի է: Բոջալյանի մայրը և կինը նույնպես այլազգի են: Առաջին սերնդի ամերիկահայերը միշտ խուսափել են իրենց երեխաների մոտ ցեղասպանության մասին խոսելուց, Քրիսը 14 տարեկանում առաջին անգամ լսել է, որ պապն ու հայրը հայերեն են խոսում իրենց տանը, այսինքն, մինչ այդ հայերենով շփում չի եղել: Պապը 2009-ին մահվանից առաջ պատմել է եղեռնի մասին: Գիտական գրականությունը ուսումնասիրելուց հետո նոր միայն Քրիս Բոջալյանը գրել է իր գիրքը»: Ա. Արսենյանը տեղեկացրեց նաև, որ 20-ից ավելի երկրում վեպի հեղինակային իրավունքները ձեռք են բերել, մի քանի երկրում արդեն տպագրվել է: Բայց օգոստոսին հայերեն տարբերակի հրատարակումից հետո գրողն իր ֆեյսբուքյան էջին ներկայացնում է միայն հայերեն գրքի շապիկը: Արամ Արսենյանը 5-6 գիրք է թարգմանել ցեղասպանության թեմայով, նրա խոսքով՝ Բոջալյանի վեպը հետաքրքիր ոճով է գրված: «Ինձ թվաց, թե կինոսցենարի ձևով է շարադրվել: Փաստորեն, այդպես էլ կար, Էրիկ Նազարյանը ԱՄՆ-ում գրքի հիման վրա (17 միլիոն դոլար ֆոնդով) նկարահանում է ֆիլմը: Եկող տարի կցուցադրվի ԱՄՆ-ում»: 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում անվանի գրողը կայցելի Հայաստան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ