Ամանորին սպասվող ֆիլմեր Ամանորին ընդառաջ ինչ է առաջարկելու «Մոսկվա» կինոթատրոնը: «Դեկտեմբեր և հունվար ամիսներին հայ հանդիսատեսին սպասում են բազում անակնկալներ,- irates.am-ին տեղեկացրեց կինոթատրոնի մենեջեր ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:- Հայկական արտադրության ֆիլմերի պրեմիերաներին զուգահեռ՝ դեկտեմբեր ամսվա վերջին և հունվարի սկզբին մենք ունենք նաև մի շարք հետաքրքիր արտասահմանյան ֆիլմեր»: Եվ այսպես, դեկտեմբերի 25-ից մեծ էկրան կբարձրանա «Մայրիկները- 3» կատակերգությունը, իսկ դեկտեմբերի 27-ից` երկար սպասված «Անահիտ» մուլտֆիլմը: Հունվարի 3-ին նախատեսվում են արտասահմանյան ֆիլմերի պրեմիերաներ՝ «Ելք. Թագավորները և աստվածները» 2D/3D, «Յոթերորդ որդին» 3D, «8 նոր ժամադրություններ», ավելի ուշ կցուցադրվի հանդիսատեսի կողմից սիրված «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը» ֆիլմը: Հունվարին կցուցադրվեն նաև Ալեխանդրո Գոնսալես Ինյառիտուի «Բյորդմեն» և Անջելինա Ջոլիի «Անկոտրումը» ֆիլմերը: Հետաքրքրվեցի` մեր հանդիսատեսը հայկակա՞ն, թե՞ արտասահմանյան ֆիլմերն է նախընտրում: Անահիտ Խաչատրյանը նկատեց, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական ֆիլմերի արտադրությունը, և հայ հանդիսատեսը սպասում է հատկապես հայկական ֆիլմերի պրեմերիաներին: Թեև, երբ ցուցադրվում են համաշխարհային մեծ վարկանիշ ունեցող արտասահմանյան ֆիլմեր, հանդիսատեսի հոսքը և հետաքրքրությունն ուղղվում են դեպի այդ ֆիլմը: Զրուցակիցս կինոյի սիրահարներին տեղեկացրեց նաև, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս կաշխատեն մինչև դեկտեմբերի 31-ը (ժամը 15:00): Գալիք տարում կինոթատրոնն իր աշխատանքը կվերսկսի հունվարի 3-ից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ