«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Անարդարությունը՝ մեր ներքին թշնամին

Անարդարությունը՝ մեր ներքին թշնամին
06.01.2015 | 18:26

Հայրենիքը բոլորինս է, սահմանին կանգնած զինվորը, զոհաբերելով իր կյանքը կամ վտանգելով այն, պաշտպանում է բոլորիս սահմանը, յուրաքանչյուրիս անվտանգությունը, մի կտոր հացի կարոտ քյասիբի ու լկտիացած և իրականությունը կորցրած օլիգարխի, պետության կողմից անտեսված քաղաքացու ու պետության շալակն ելած պաշտոնյայի երջանկության, խաղաղ ապրելու իրավունքը:
Մեր բանակը մոտ է կանգնած հասարակությանը, որովհետև կառուցվածքով հենց այդ հասարակության հայելին է, այն հասարակության, որը զինվոր է տալիս բանակին, այն մարդկանց, ովքեր հայրենիքի հետ առերեսվում են ամեն օր, ամեն ժամ՝ բանակի ու հայրենիքի մասին «էլիտար» կենացները թողնելով դիմազուրկ «մեծապատիվներին», որոնց համար Ղարաբաղն ու պատերազմը սոսկ քողածածկույթ են, որի հետևում թաքնվում են մեծ ու փոքր ապօրինություններ, չկշտացող ախորժակ, հարստանալու անհագ ու անսպառ ցանկություն:
Իհարկե, բանակում շատ բան է փոխվել, շատ բան օրինակելի ու գովելի է դարձել, զորակոչերն այլևս սկանդալով կամ տգեղ այլ երևույթներով չեն ուղեկցվում, բայց, միևնույն է, բանակը մնում է ժողովրդինը, այն հասարակ ժողովրդինը, որի զավակները սահմանում կանգնած են՝ շոգին ու բքին, սիրած աղջկան կարոտը կամ հայրենիքի կանչը սրտում ամբարած: Մյուս կողմից լավ է, որ «էլիտար» բարքերը բանակ չեն մտնում, որովհետև ավելի լավ է մեր զինված ուժերը հեռու մնան անարդարության էն ցեցից, որ ուտում է մեր հասարակությանը, ավելի լավ է զորմասերում տիրի հավասարության մաքրությունը, իրար հասնելու ու թիկունք լինելու մղումը, էն վեհությունը, որ բնորոշ է մարդկային ջինջ ու պարզ հոգուն:
Մեր երևացող թշնամին ադրբեջանցին է, ով կրակում է, նենգաբար սպանում, ստորաբար սողում, բայց կա մի անտեսանելի, դաժան, ավելի վատանգավոր թշնամի՝ դա այն է, ինչ կատարավում է բանակի թիկունքում: Դա անարդարությունն է, ֆեոդալների ու ճորտերի բաժանվող մեր հասարակությունն է, զոռբաների ծաղկումն ու արժանապատիվ քաղաքացու անկումն է:
Երեկ երկու հայորդու հանձնեցինք հողին, երկուսին էլ կհանձնեք օրերս: Ու էս արանքում՝ պաշտոն ու փող ունեցողներն անհաղորդ են ու «յուղոտ գործի» են տեղավորում իրենց բալեքին, որոնց «արյունը», անշուշտ, «կապույտ» է, ու որոնց պատկերացրած Հայաստանը ֆլեշմոբի պես մի բան է՝ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր: Սա է Հայաստանը, ու վերջ: Սա է հոգևոր ու բարոյական միասնականությունը կորցնող Հայաստնը, ու վե՛րջ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ