Պետական զինանշանի աղավաղումը որևէ երկրում քրեապես հետապնդելի արարք է համարվում: ՈՒսումնասիրելով մեր զինանշանի գեղագիտական արժեքներն ու թերությունները, նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ պարզել է, որ, հայտնի չէ՝ ովքեր, աղավաղել են ՀՀ զինանշանը և տարածել մի քանի տարբերակներ: Միության նախագահի կարծիքով՝ կատարվածը պատահականություն չէ:
«Նշանների վրա արված գաղտնագրերը ուղղակիորեն ազդում են տվյալ երկրի իրականության վրա,- նկատեց նա:- Կոնֆուցիոսը երեք հազարամյակ առաջ ասել է, որ աշխարհը ղեկավարում են ոչ թե խոսքը և օրենքները, այլ նշաններն ու խորհրդանիշերը: Միստիկ այս գաղտնագրության մասին մարդկությունն արդեն հազարամյակներ գիտի ու անհայտ ուժերը օգտագործում են այն»:
Աղավաղումների արդյունքում ՀՀ պետական զինանշանի վրա արծիվը դարձել է երկգլխանի, վագրը՝ անդեմ, անմարմին, Տիգրան Մեծի սաղավարտին պատկերված արծիվները նմանվել են աղունիկների և փակում են արևը, առյուծը հիվանդ է, ճաղատ, սուրը՝ շղթայված և այլն:
ՀՀ քաղաքացիների անձնագրերում և պետական մի շարք կայքերում տեղ գտած սխալ զինանշանները «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կատարած աշխատանքի շնորհիվ աստիճանաբար շտկվել են: Այս մասին տեղեկացրեց հիմնադրամի գլխավոր տնօրեն ՊԱՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, նշելով, որ գլոբալ փոփոխությունների համար անհրաժեշտ է պետության և համապատասխան մարմինների միջամտությունը: Նրա խոսքով՝ փոփոխությունների կարիք ունի նաև օրենքին կից հավելվածում ներկայացված զինանշանը, այն պետք է դարձնել ավելի գրագետ, համապատասխան հերալդիկայի օրենքներին: 2010-ից բարձրացվում է նաև զինանիշագիտության (հերալդիկայի) խորհուրդներ ունենալու հարցը, սակայն առայժ գործնական քայլեր չեն ձեռնարկվում:
Իսկ եթե վերամշակելուց հետո նորից անհայտ անձինք ձևափոխեն, աղավաղեն պետական զինանշանը և ամբողջ այդ գործընթացն իզուր անցնի՞: Անդրադառնալով «Իրատես de facto» -ի այս հարցին՝ Պավել Սարգսյանն ասաց, որ իրենք տարբեր օրենքներ են մշակել, տարբեր առաջարկութուններ են արել, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պետք է համապատասխան կետեր ավելացնել և օրենքը կիրառել ինչպես հարկն է:
Կարեն Աղամյանը հավելեց, որ զինանշանի աղավաղումների մասին պատկան մարմինները տեղյակ են, մտահոգ, և մոտակա ամիսներին հստակ քայլեր կձեռնարկվեն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ