ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Մենք ունենք ֆիլմեր, որոնք երիտասարդ կինոգործիչների համար «սեղանի գիրք» պետք է լինեն»

«Մենք ունենք ֆիլմեր, որոնք երիտասարդ կինոգործիչների համար «սեղանի գիրք» պետք  է լինեն»
16.01.2015 | 12:57

Գրող, կինոգետ, մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻ «Ժամանակը և փաստը» երկհատոր գրքի առաջին մասը 1923-1970 թվականների հայ վավերագրական կինոյի ժամանակագրությունն է: Երկրորդ գիրքը, որ լույս է տեսել վերջերս, ընդգրկում է 1970-2010 թվականները:

Սերգեյ Գալստյանը 23 գրքի հեղինակ է, որոնցից 19-ը նվիրված են հայ կինոյի և թատրոնի գործիչներին, հայկական և համաշխարհային մուլտիպլիկացիայի պատմությանը: 1967-ից, ավարտելով համալսարանը, աշխատել է Երևանի փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, որպես խմբագիր: Հեղինակ է կինոսցենարների, վավերագրական ֆիլմերի մասին հոդվածների: Երկար տարիներ վարել է «Վավերագրական կինոյի ժամ» հեռուստահաղորդաշարը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Գևորգյանցի առաջարկով 2012-ից ձեռնամուխ է եղել հայկական վավերագրական կինոյի պատմությանը նվիրված «Ժամանակը և փաստը» խորագրով գրքերի ստեղծմանը:

-Հայ կինոյի սկզբնավորման պատմությունը սկսվել է 1923-ին,- մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Գալստյանը:- 1923-ի ապրիլի 16-ի դեկրետով Խորհրդային Հայաստանում ստեղծվում է «Պետկինո» կազմակերպությունը, որը պետք է ղեկավարեր կինոգործը երիտասարդ հանրապետությունում:

-Իսկ ովքե՞ր են եղել առաջին նվիրյալները:

-«Պետկինոյի» վարչությունը բաղկացած էր 7 հոգուց. չթվարկենք բոլորին, միայն նշեմ, որ հայկական կինեմատոգրաֆիայի ստեղծման գործում հսկայական են եղել ամենագլխավոր նվիրյալի, վարչության նախագահ Դանիել Դզնունու դերն ու ջանքերը: Նրա հուշերում կա մի հետաքրքիր պատմություն, որը, կարծում եմ, արժե հիշեցնել:

Երբ ժողկոմխորհի նախագահը հետաքրքրվում է, թե ինչ գումար է հարկավոր կինոգործը սկսելու համար, Դզնունին պատասխանում է` 3000 ռուբլի: Ս. Լուկաշինը հատկացնում է 100 ռուբլի, սակայն լուսժողկոմ Ա. Մռավյանը հեռախոսով կապվելով Լուկաշինի հետ, գումարն իջեցնում է մինչև 60 ռուբլի: Ահա այդ գումարով էլ հիմնադրվում է հայ կինոն:

-Իսկ ո՞ր ֆիլմն է առաջինը նկարահանվել Խորհրդային Հայաստանում:

-Հենց այդպես էլ կոչվում էր` «Խորհրդային Հայաստան»: Դա լիամետրաժ վավերագրական ֆիլմ էր, որը կինոթատրոններում ցուցադրվեց 1924-ին: Ափսոս, որ այդ ֆիլմը չի պահպանվել, բայց մեր ազգային ֆիլմադարանում գոյություն ունեն մոնտաժային թերթերը, որոնցով կարելի է պատկերացում կազմել ֆիլմի մասին:

-Իսկ ինչի՞ մասին էր ֆիլմը, Դուք ծանո՞թ եք բովանդակությանը:

-Այո: Ֆիլմը պատմում է երիտասարդ հանրապետության խորհրդայնացման չորս տարիների ձեռքբերումների մասին:

-Ովքե՞ր էին առաջին ռեժիսորները, ֆիլմեր ստեղծողները:

-1923-ին Դզնունին Թբիլիսիից հրավիրում է Անդրֆեդերացիայի կինոֆիկացիայի բաժնի աշխատակից Իլյա Կրասլավսկուն, նա էլ ղեկավարում է առաջին ֆիլմի նկարահանումները: Նրա ղեկավարությամբ հետագայում նկարահանվում են էլի մի քանի վավերագրական ֆիլմեր: Իսկ 1925-ին Թբիլիսիից հրավիրվեց Համո Բեկնազարյանը, ով «Վրացֆիլմի» տնօրենն էր, մի քանի ֆիլմերի հեղինակ, նկարահանվել էր նաև ռուսական ֆիլմերում` որպես դերասան: Սկիզբ դրվեց նաև հայկական գեղարվեստական ֆիլմերի արտադրությանը:

«Ժամանակը և փաստը» գրքի առաջին հատորում անդրադարձել եմ ավագ սերնդին, նրանց ստեղծածին, մեր վավերագրողների մասնակցությանը Երկրորդ աշխարհամարտին: Ի դեպ, մենք ոչ միայն մարշալներ, հերոսներ ենք ունեցել, այլև այնպիսի մարդիկ, ովքեր կինոխցիկը ձեռքին մտել են ռազմաճակատի առաջին գիծ, նկարահանել են Սևաստոպոլի պաշտպանությունը, անցնելով ամբողջ Եվրոպայով, հասել են Բեռլին: Հավանաբար, հեռուստատեսությամբ տեսել եք մեր հայ զինվորների քոչարին ռայխստագի մոտ: Պատմական այդ դրվագը վավերագրել են օպերատոր Գևորգ Խնկոյանը և ռեժիսոր Գուրգեն Բալասանյանը:

-Ձեր գրքի երկրորդ հատորն սկսել եք «ՈՒրիշ կինո» խորագրով: Ի՞նչ է դա նշանակում:

-Ըստ իս` «ՈՒրիշ կինոյի» ջատագովը հենց Փելեշյանն էր, սակայն, տեխնիկական պատճառներով, գրքի առաջին հատորն ավարտվեց Արտավազդ Փելեշյանի մասին ակնարկով:

Երկրորդ հատորը սկսվում է «ՈՒրիշ կինո` ըստ Արա Վահունու և Ռուբեն Գևորգյանցի» խորագրով, այնուհետև ներկայացվում են 70-80-ական թվականները և մեր այսօրվա կինոգործիչները՝ թվով 45 կինովավերագրողներ, ովքեր շարունակել են «ՈՒրիշ կինոյի» ձեռքբերումները: Առաջին հատորում ակնարկել եմ, որ մենք ուրիշ կինոյի հովեր, ակնկալիքներ ունեինք մինչև Փելեշյանը: Հարկ է նշել, որ 60-ականներին կինոբնագավառում (և ոչ միայն) մեծ հաջողություններ ունեցանք: Ստեղծվեցին «Տժվժիկ», «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Կարինե» ֆիլմերը: Նոր ալիք էր բարձրանում նաև վավերագրական կինոյում: Էռնեստ Մարտիրոսյանը նկարահանեց «Մեր ճանապարհի մարդիկ» վավերագրական ֆիլմը, որը սուր բանավեճերի առիթ դարձավ. սոցիալիստական աշխատանքի հերոսը էկրանին երևացել էր չսափրված, այնինչ, ըստ այն ժամանակվա կինոչինովնիկների, նա պետք է փողկապով լիներ, սափրված, թեև ճանապարհ կառուցող մարդ էր: Արդեն վավերագրական կինոյի հյուսվածքի մեջ մտնում էին պոեզիայի տարրեր, որոնք տեսնում էինք Մելիք Ավագյանի «Մի ղողանջիր, զանգ, մի ղողանջիր», «Բարև, Արտյոմ» ֆիլմերում, իսկ Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» հայտնի էսսեի հիման վրա նկարահանված ֆիլմն արդեն բարձրագույն գագաթն էր պոետիկ կինոյի: Նրանք, այսպես ասած, առաջին ծիծեռնակներն էին, իսկ Փելեշյանը հաստատեց ուրիշ կինոյի գաղափարը` սկիզբ դնելով մի նոր ուղղության: Նրա «Սկիզբը» ֆիլմն արդեն նորարարություն էր, աշխարհն արդեն խոսում էր Փելեշյանի հանճարեղության, նրա գյուտի` տարածական մոնտաժի մասին: Ռիթմի, շարժման հետ միասին կինոհյուսվածքի մեջ մտան նաև պոետիկ լուծումներ, ոճաձևեր:

-Պարոն Գալստյան, հետխորհրդային շրջանում շատ գրքեր ուղղակի դեն նետվեցին, դրանք որևէ արժեք այլևս չէին ներկայացնում: Ֆիլմերի դեպքում ևս «խոտանը» շատ էր:

-Անշուշտ, կան ֆիլմեր, որ հնացել են, գաղափարապես մաշվել: Լաերտ Վաղարշյանն իր հուշագրություններում պատմում է, թե ինչպես 1951-ին առաջին անգամ իրեն ուղարկում են հայաստանյան գյուղերից մեկի խաղողի բերքահավաքը նկարահանելու: Մինչ նա մտածում է` ինչպես պետք է նկարահանի ֆիլմը, ադմինիստրատորն ասում է. «Ամեն ինչ արդեն պատրաստ է: Կոլխոզնիկները հագել են սպիտակ խալաթները, դրել են լայնեզր գլխարկները, տղամարդիկ սափրվել են, խաղողի ողկույզներն էլ արդեն կախված են, օպերատորն էլ վաղուց սկսել է նկարահանել»: Կարո՞ղ եք պատկերացնել նման տեսարաններով ստեղծված ֆիլմերը, փաստ է, որ դրանք կեղծ էին, սուտ...

-Ձեր գրքում Դուք անդրադառնում եք նաև Արցախյան ազատամարտի վավերագրությանը: Մենք չունենք գեղարվեստական հաջողված ֆիլմեր ազատամարտի մասին, վավերագրական ֆիլմերի մասին, հավանաբար, նույնը չենք կարող ասել:

-Իհարկե, մենք ունենք հրաշալի ֆիլմեր: Ազատամարտը վավերագրել են Բորիս Հովսեփյանը, Լևոն Պետրոսյանը, Գագիկ Ստեփանյանը, Արա Մնացականյանը, Սամվել Թադևոսյանը: Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանը ստեղծել էր արցախյան հիրավի հերոսական ազատամարտի ամբողջ էպոպեան, նկարահանել էր Շուշիի ազատագրումը: Ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով այդ բացառիկ տեսանյութերն այրվել, ոչնչացել են:

-Ի՞նչ կասեք վավերագրական ֆիլմի այն տեսակի մասին, որը չունի սցենար:

-Ես հիշեցի Ռուբեն Գևորգյանցի «Սպասում» ֆիլմը: Նա մի առիթով խոստովանել է, որ սցենար չի ունեցել այդ ֆիլմը նկարահանելիս, հետևել է, թե ինչպես են երեխաները մանկապարտեզում ճաղերի հետևում սպասում, որ ծնողները գան, տանեն իրենց: Այդ տեսարանին հաջորդում է ծերանոցի տեսարանը: Մարդը նորից սպասում է, բայց արդեն երեխաներին: Մի կին գուլպա է գործում, որ ժամանակը, սպասումը սպանի, բայց տեսնելով, որ ոչ ոք չի գալիս իր մոտ, քանդում է գուլպան ու նորից գործում: Չես կարող անտարբեր նայել այդ ֆիլմը: Այնպես որ, կյանքը երբեմն դառնում է պատրաստի սցենար:

-Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով վավերագրական ֆիլմեր են նկարահանվել, բայց մշտապես շեշտվում են գեղարվեստական ֆիլմի կարևորությունն ու ցուցադրությունը:

-Միշտ էլ առաջնությունը տրվել է մեծ կինոյին: Ժամանակին փորձ արվեց «Երևան» կինոթատրոնը դարձնելու վավերագրական ֆիլմերի ցուցադրության վայր, ինչը, ավաղ, հաջողություն չունեցավ, որովհետև ավանդույթ չկա, հանդիսատեսը չի գնում վավերագրական ֆիլմեր դիտելու, կարծես ամեն ինչ պարզ է, մեր կյանքն է: Գեղարվեստական ֆիլմում ուզում են տեսնել ռոմանտիկա, հորինված հերոսներ, այնինչ, վավերագրականում ակնառու են մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը, մեր նվաճումներն ու, ինչո՞ւ չէ, նաև ցավը, սպասումները: Օրինակ, ես շատ կցանկանայի, որ մեր հեռուստատեսությամբ տարին գոնե երկու անգամ ցուցադրվեր «Երկիր հայրենի» տաղանդավոր ֆիլմը, որի վրա մեծ վաստակ ունի Ալեքսանդր Դովժենկոն, «Մարտիրոս Սարյանը», որ նույնպես տաղանդավոր աշխատանք է, հաճախակի ցուցադրվեին Փելեշյանի ֆիլմերը: Մենք ունենք ֆիլմեր, որոնք երիտասարդ կինոգործիչների համար «սեղանի գիրք» պետք է լինեն:

-Այսինքն, եթե վավերագրական ֆիլմը գեղարվեստական արժեք ունենա, կգրավի՞ հանդիսատեսին:

-Այո, իհարկե, օրինակ, Հարություն Խաչատրյանի կինոն: Այնպիսի ֆիլմ է ստեղծել նա, որ չես կարողանում գտնել վավերագրականի և խաղարկայինի սահմանը: Նրա ֆիլմերն այսպես են գնահատում, բնորոշում` Հարություն Խաչատրյանը ստեղծում է կինո:

-Բուհերում հետաքրքրվո՞ւմ են հայ վավերագրողներին նվիրված Ձեր գրքով:

-Երբ աշխատում էի երկրորդ գրքի վրա, ինձ ասացին, որ ուսանողները հետաքրքրված են առաջին հատորով և սպասում են երկրորդին:

-Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր: Խոսքը երիտասարդ սերնդի մասին է:

-Կան երիտասարդներ, ովքեր իսկապես հրաշալի ֆիլմեր են ստեղծում: Երկրորդ գրքում անդրադարձել եմ մի քանիսին` մեկական ֆիլմով: Երրորդ գիրքն ամբողջությամբ կնվիրվի նոր սերնդի վավերագրողներին, առավել ամբողջական կլուսաբանվի նրանց աշխատանքը:

-Ֆիլմերի, վավերագրողների, փաստերի ընտրությունը, հավանաբար, երկարատև ու պատասխանատու աշխատանք է:

-Երկրորդ հատորի վրա աշխատելիս շուրջ 1000 ֆիլմ եմ դիտել, երեք տարի ուսումնասիրել եմ արխիվային փաստաթղթեր: Գումարած` ռեժիսորների հետ զրույցներն ու իմ տարիների աշխատանքային փորձը:

Զրուցեց

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ