Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թատերական ստուդիան Մոսկվայում անցկացվող «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի եռակի դափնեկիր է։ Առաջին անգամ թատերախումբը մրցույթին մասնակցել է 2010-ին` ներկայացնելով Միխայիլ Զոշչենկոյի «Ճգնաժամը» և «Արիստոկրատուհին» նովելները: 2012-ին ներկայացրել է Օ. Հենրիի «Մոգերի ընծաները» և Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», 2014-ին` Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Բուռն զգացմունք» ներկայացումները:
«ՈՒրախալի է, որովհետև այս մրցույթն ունի մեծ հեղինակություն, պատվավոր հանձնախումբ: Մասնակցում են թատերախմբեր 20-30 երկրներից»,- մեզ հետ զրույցում ասաց ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար և հիմնադիր, հեռուստալրագրող ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, տեղեկացրեց նաև, որ այս տարի մրցույթին ներկայացնելու են Դենիս Ֆոնվիզինի «Տհասը» կատակերգությունը:
Ի դեպ, բեմադրությունները ցուցադրվում են մայրենի լեզվով, հարկ եղած դեպքում ներկայացվում է ռուսերեն անոտացիան: «Գնահատվում են երեխաների խաղը և բեմադրությունը: Այստեղ ոչ թե ռեժիսորների մրցույթ է, այլ երեխաների,- ասաց զրուցակիցս:- Մեր ճեմարանը բնագիտական և ճշգրիտ գիտությունների ուղղվածություն ունի, բայց երեխաները մեծ սիրով են մասնակցում թատերական ներկայացումներին»: Շիրակացու անվան ճեմարանում հիմնադրման օրից դասավանդվել է «Բեմարվեստ», հետո արդեն` «Մշակույթի պատմություն», «Հռետորական արվեստ», «Դրամատուրգիա»:
«Հիմնականում անցկացվում են գործնական պարապմունքներ: Ես հանձնարարում եմ, որ երեխաները գրեն պիեսներ, հրաշալի պիեսներ են գրում ու իրենք էլ խաղում են: Այսինքն, անցկացվում է դաս-թատրոն,- ասաց Գարիկ Ղազարյանը:- Երեխաները նաև դասական դրամատուրգների գործերին են ծանոթանում և բեմադրում հատվածներ: Օրինակ, հետաքրքիր էր Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» բեմադրությունը, շատ սիրով են խաղում Թումանյանի հեքիաթները, ռուսական և արտասահմանյան դրամատուրգիային ենք անդրադառնում (Օստրովսկու «Ամպրոպը», Պուշկինի «Քարե հյուրը», Շեքսպիրի «Համլետը», «Օթելլոն»): Բացի նրանից, որ ծանոթանում են դրամատուրգիային, նաև մեծ գեղագիտական դաստիարակություն են ստանում: Շատ կարևոր է, որ կարողանում են խմբային աշխատանք անել»:
Ճեմարանի սաները մասնակցում և հաջողություններ են գրանցում «Կանաչ մոլորակ»-ի նաև գիտական մրցույթներում: Ճեմարանի պարի ստուդիան կրկնակի դափնեկիր է:
«Մեր շրջանավարտներից շատերը տաղանդավոր գիտնականներ են, դասավանդում են աշխարհի լավագույն համալսարաններում և շատ են սիրում թատրոն: Ինչպես որ փորձեր են անում մաթեմատիկական բարդ խնդիրներ, ֆիզիկայի նոր տեսություններ զարգացնելու, նույն կերպ կարողանում են լավ պիեսներ գրել ու ներկայացնել: Նրանք տաղանդավոր են բոլոր բնագավառներում»,- եզրահանգեց Գարիկ Ղազարյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ