Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Մրցանակները սահմանված էին 14 անվանակարգում: Հայտնի են լավագույն դերասան-դերասանուհիները, լավագույն ներկայացումը և այլն: Մրցանակաբաշխությունը կայացավ մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Տարվա կարևորագույն թատերական իրադարձության, առհասարակ, թատերական անցուդարձի մասին է մեր զրույցը գրող, թատերագետ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ, ով նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամ էր:
-Առաջին հերթին պետք է հարցնեմ` դժվա՞ր ընտրություն էր: Պատասխանատու աշխատանք է գնահատել-առանձնացնելը լավագույնին:
-Իրականում մրցանակաբաշխության օրվան ժյուրիի անդամներս ևս սպասում ենք անհամբերությամբ, քանի որ այն անունները, որոնք հնչելու են ծրարները բացելուց հետո, անակնկալ են նաև մեզ համար: Չէ՞ որ ժյուրիի անդամները քվեարկում են գաղտնիության սկզբունքով, իրարից առանձին: Վերջնարդյունքը ուրախալի է լինում մեզ համար հատկապես այն ժամանակ, երբ հայտնաբերում ենք, որ ի վերջո մեծամասնության կարծիքները համընկել են, սակայն պատահում է նաև, երբ պարգևատրվում է մեկը, ում լավագույնը լինելու փաստին սկզբունքորեն դեմ ես որպես մասնագետ, բայց քանի որ մեծամասնության քվեաքանակի սկզբունքն է որդեգրված կազմակերպիչների կողմից, դու պարտավոր ես հարգել և համակերպվել փաստի հետ:
-Ինչպիսի՞ն էր 2014 թվականի թատերական անցուդարձը` ընդգրկուն իմաստով:
-Դատելով «Արտավազդին» ներկայացված մոտ քառասուն անուն բեմադրություններից՝ թատերական կյանքը եռուն է եղել անցյալ տարի՝ պրեմիերաներ, նոր անուններ, նոր բացահայտումներ: Սակայն բացերը ևս քիչ չեն, նկատենք, որ դեռևս լուծված չեն որոշ թատրոնների շենքային խնդիրները, պասիվ են ազատ բեմ, հարթակ, անկախ թատերական գործիչ երևույթները: Առհասարակ թատերական դաշտում մի տեսակ պետական մենաշնորհի մթնոլորտ է, կամ չեն խրախուսվում, կամ ձեռնտու չէ լինել անկախ թատրոնի ներկայացուցիչ: Իսկ սա լրջորեն կարող է խոչընդոտել առաջադեմ թատերային մտքի զարգացմանը և խանգարել հասարակություն-թատրոն կապին: Միայն անկախ հարթակում կարող են ծնվել անկախ մտքեր և բարձրացվել հասարակությանը հուզող, հրատապ, սուր խնդիրներ՝ թատրոն ձգելով հանդիսատեսին: Այդպիսին էր Վարդան Պետրոսյանի` սատիրիկ, քաղաքական ժանրում մեկ դերասանի թատրոնի երևույթը, որը, ցավոք, այլևս ներկայացված չէ հայ բեմում: Վարդան Պետրոսյանը արժանի է յուրահատուկ գնահատականի: Ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանի «Ագորա» ազատ թատերախումբը, որը նաև «կաֆե-թատրոնի» առաջին ներմուծողներից մեկը եղավ մեր թատերական իրականության մեջ, նույնպես անկախ թատերախմբի օրինակ է: Այն հստակորեն նոր մակարդակ, թարմություն և նոր հայացք բերեց թատերական դաշտ, սակայն անտեսվելու ու լրջորեն չգնահատվելու պատճառով կարծես տարրալուծվեց, սա ևս անչափ անհանգստացնող է: «Արտավազդին» զուգահեռ ընթանում էր նաև մարզային թատրոնների ստուգատես, որի արդյունքները ևս հուսադրող չէին, այս թատրոնների ներկայացումները (բացառությամբ մեկ-երկուսի) միայն մեծ վերապահումով կարելի է համարել ներկայացումներ, մեկ երկու բացառությամբ՝ հիմնականում դրանք հայ թատրոնի ճգնաժամի կոթողներ են, սիրողական ու գավառական մակարդակի երևույթներ, որին եթե լրջորեն ուշադրություն չդարձվի, շուտով մենք կարձանագրենք թատրոնը իբրև զուտ մայրաքաղաքային մենաշնորհ լինելու փաստը:
-Վերադառնանք մրցանակաբաշխությանը: Կարո՞ղ եք առանձնացնել այս կամ այն ներկայացումը, դերասանի խաղը, ռեժիսորական աշխատանքը (անկախ մրցանակաբաշխության արդյունքներից, սուբյեկտիվ ընկալմամբ), որ առանձնակի տպավորություն է թողել Ձեզ վրա:
-Իբրև թատերագետ պարտավոր եմ անուններ տալու: Տարվա լավագույն ներկայացում ճանաչված Մալյան թատրոնի «Սիրելի Պամելա»-ն իր արդիական թեմատիկայով, բարձր գեղագիտությամբ, դերասանական հմուտ կատարումներով, տիպական բեմական ձևավորմամբ և հատկապես ռեժիսորական հարուստ հնարանքներով իսկական թատերային հրավառություն էր: Դերասան Սամվել Թոփալյանը (ով, ի դեպ, «Արտավազդ» չստացավ այս տարի) անդադար գերում էր իր ստեղծած ամբողջական, կոմիկական կերպարով՝ ևս մեկ անգամ ապացուցելով իր դերասանական շնորհի բազմակողմանիությունը: Նարինե Գրիգորյանի լավագույն երիտասարդ ռեժիսոր ճանաչվելը հատկապես Համազգայինի բեմում արված «Լյու-Բոֆ» ներկայացումով (ըստ Դանիել Խարմսի ստեղծագործությունների) ևս ակնառու փաստ է, քանի որ Նարինե Գրիգորյան բեմադրիչը մեծ ձեռքբերումներ է արձանագրել մայրաքաղաքի տարբեր թատերական հարթակներում: Սակայն այն թատրոնում, որտեղ նա երկար տարիներ աշխատում է իբրև դերասանուհի, հատկապես դժվար է եղել հանդես գալ ռեժիսորի դերում իր խաղընկերների համար: Այնուամենայնիվ, Ն. Գրիգորյանը այստեղ ևս հանդես է եկել որպես մեծ գեղագետ, ճաշակավոր, դետալների վրա աշխատող բեմադրիչ, ավելացնենք՝ նոր հեղինակ բերելով ժամանակակից հայ թատրոնի խաղացանկ: Զառա Անտոնյանը «Թմկաբերդի առումը» ուսանողների հետ բեմադրությամբ ապագա դերասանի հետ աշխատելու և վառ թատերայնության իրական մաստեր կլաս ցուցադրեց: ՈՒշադրության էր արժանի Սունդուկյան թատրոնի «Ռիչարդ Երրորդ» ներկայացումը, որը թեև չստացավ «Արտավազդ», սակայն Արթուր Սահակյանի ռեժիսորական աշխատանքը հայ թատրոնի ձեռքբերումներից է, և սա բեմադրություն է, որը պետք է դիտել: Կարելի է ևս մի քանի անուն թվարկել: ՈՒրախալի է, որ հատկապես Արման Նավասարդյանը, ում ներկայությունը, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ցանկացած բեմադրիչի համար կարող է հաջողություն ապահովել (իհարկե, համապատասխան ամպլուայում), պարգևատրվեց Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակով:
-«Լավագույն պիես» անվանակարգում հաղթողներ չկային։
-Առաջին անգամ չէ, որ «Արտավազդի» ժամանակ դատարկ ծրար է բեմ բերվում, այս երևույթը չի հակասում մրցանակաբաշխության կանոնակարգին: Դա չի նշանակում, որ ոչ ոք չի քվեարկել այս անվանակարգում ներկայացված հեղինակների օգտին, ընդամենը նշանակում է, որ համապատասխան քանակով ձայն չի հավաքել ներկայացված պիեսներից որևէ մեկը: Վերջնարդյունքում, իհարկե, ստացվում է, որ չի եղել լավագույն պիես, ինչպես որոշ տարիների չի եղել լավագույն երիտասարդ ռեժիսոր կամ ներկայացում անվանակարգերում համապատասխան քանակով ժյուրիի ձայները հավաքած ներկայացուցիչը: Սակայն այս անգամ դատարկ ծրարը մեծ իրարանցում առաջացրեց, անձամբ ինձ համար ուրախալի է. այն փաստը, որ սպիտակ թուղթը ապտակի շաչյունի էֆեկտ է ունեցել մեր հասարակության վրա, զգաստացնող, թափ տվող արդյունք կունենա՝ թե մրցանակբաշխության կազմակերպիչների, թե դրամատուրգների և բեմադրիչների համար: Դրամատուրգները ավելի մեծ պատասխանատվությամբ կմոտենան ժամանակակից մարդուն հետաքրքրող պիես գրելու խնդրին, իսկ բեմադրիչները, ի վերջո, կսթափվեն ու կսկեն աշխատել ժամանակակից հեղինակների հետ:
-Դրամատուրգ-ռեժիսոր «հակամարտությանն» ինչպե՞ս եք վերաբերվում: Մեր գրողները հաճախ են դժգոհում, որ անտեսվում են իրենց գործերը: Չունե՞նք բեմադրության արժանի գործեր, թե՞ կա անվստահություն կողքիդ ապրող, ստեղծագործող դրամատուրգի հանդեպ:
-Մեր ռեժիսորներից քչերն են համարձակվում ժամանակակից դրամատուրգիայի հետ գործ ունենալ, քանի որ չեն սիրում հաշվի նստել հեղինակի հետ: Այս երևույթը նաև տեսաբաններիս համար լուրջ դիտարկումների առիթ է ստեղծում, հաճախ մենք հանդիպում ենք բեմում կրճատված, խեղաթյուրված պիեսի, սակայն բեմադրիչները հանգիստ են, քանի որ քիչ է պիեսին ծանոթ, այս ամենից բան հասկացող հանդիսատեսը, մահացած հեղինակն էլ չի գա ու չի պահանջի ավելի խնամքով վարվել իր գրի հետ ու չխախտել հեղինակային իրավունքի հետ կապված մի շարք կետեր: Երկուստեք թերագնահատելով և չվստահելով միմյանց` չենք կայացնի ոչ ազգային դրամատուրգիան, ոչ էլ ազգային խաղացանկը: Բեմադրիչ-դրամատուրգ համագործակցությունը նոր թատրոնի երաշխիքն է: Եվ ի վերջո, եթե չկա ձեր հավանած պիեսը, պատվիրեք ձեր նախընտրած հեղինակին, չէ՞ որ թատրոնները կենդանի հեղինակի հետ համագործակցության միջոցով ցանկալի արդյունքին հասնելու բացառիկ հնարավորություն ունեն:
-Ժամանակ առ ժամանակ բարձրացվում են թատրոնների շենքային` վերանորոգման, տեխնիկական վերազինման խնդիրները: Թատրոններ կան, որ առհասարակ սեփական տարածք էլ չունեն: Բայց հարցս այլ ենթատեքստ ունի. երևանյան հեղինակավոր թատրոնները (խաղացանկը, ռեժիսուրան, դերասանական կազմը) թարմացման, նորացման, ժամանակին համահունչ դառնալու խնդիր ունե՞ն:
-ՈՒնենք գեղեցիկ շենքերում բազմած, բարվոք և բարեկեցիկ թատրոններ, որտեղ թատերական երևույթներ չեն ծնվում, պրոֆեսիոնալ չափանիշների անկում է գրանցվում օր օրի, մինչդեռ կան թատերախմբեր, որ նույնիսկ մշտական բեմ չունեն, օրինակ` Մնջախաղի թատրոնը, «Ագորա» թատերախումբը և էլի մեկ-երկուսը, որոնք, չնայած միշտ առկա պրոբլեմներին, չեն գցում իրենց գեղարվեստական նիշը:
-Վերջերս մի երիտասարդ ռեժիսոր կարծիք հայտնեց, որ մեզ մոտ բեմադրվում են մեծ թվով ներկայացումներ, որոնք պահանջարկ չունեն, և հակառակը` պահանջարկ ունեցող ներկայացումներ կան, որ չեն բեմադրվում: Իսկապե՞ս ունենք պահանջարկ ունեցող, անհետացող ժանրերի խնդիր այսօր:
-Թատրոններում լրջորեն պետք է վերանայել թատրոնի գրական մասի վարիչի հաստիքը, վերարժևորել թատերագետի դերակատարությունը: Մեր թատրոնների տնօրենները, առանց խաղացանկային քաղաքականություն ունենալու, ջանասիրաբար գովազդով, այսպես ասած՝ PR-ով, զբաղվելու մարմաջով են տարված: Փոխարենը կարող էին բանիմաց թատերագետին ապահովելով աշխատավարձով, գլխավոր ռեժիսորի խորհրդատուն դարձնելով՝ նրա հետ լրջորեն քննարկել` ի՞նչ են բեմադրում, ինչո՞ւ, ո՞ւմ համար, ինչպե՞ս հարցերը: PR մենեջերներ աշխատանքի ընդունելով հարցը չի լուծվում, որքա՞ն ժամանակ կարող է այդ մենեջերը համոզել, պարտադրել, ստիպել հանդիսատեսին թատրոն գնալ, եթե նա մեկ-երկու անգամ թատրոնում հայտնվելով հանդիպի անճաշակ, իր կյանքի հետ չխոսող, անիմաստ պիեսների և ինքնանպատակ, բյուջեի փողերը տեղավորելու և «գալըչկա» ստանալու համար արված ներկայացումների: Կենդանի, ժամանակակից, ճիշտ խաղացանկային քաղաքականությամբ ուղղորդվող թատրոնը մագնիսի պես կձգի հանդիսատեսին, և ոչ մի մենեջեր ստիպված չի լինի էստի համեցեք և չարչիություն անել՝ հակաարվեստային երևույթները իբրև արվեստ մատուցելով ու խաբելով մարդկանց:
-Մերօրյա խնդիրները` հասարակական, քաղաքական, տնտեսական, ժամանակն ինքը, արտացոլում գտնո՞ւմ են թատրոնում:
-Քանի դեռ մեր բեմադրիչները նախապատվությունը տալիս են դասական պիեսներին, կամ մեր իրականությանը չառնչվող արտասահմանյան՝ թեկուզ և ժամանակակից հեղինակների, ու քանի դեռ մեր հանդիսատեսը չի զանազանում թատրոն, ներկայացում, շոու, հանդիսանք հասկացությունների տարբերությունները, լիարժեք պատկեր չենք ստանա: Եղել են ժամանակներ, երբ մարդիկ սրտի տրոփյունով են սպասել թատրոն գնալուն՝ Աճեմյանի հերթական ներկայացումը, Խորեն Աբրահամյանի, Հրաչյա Ներսիսյանի կամ Ֆրունզիկի հերթական դերակատարումների ականատեսը դառնալու, իրեն հուզող խնդիրների մասին բեմից լսելու և թատրոնի շուրջ զրուցելու համար: Հավատացեք, այսօր ոչ պակաս տաղանդավոր դերասաններ և բեմադրիչներ կան, սակայն թատրոնը կորցրել է հանրության գործակից մաս լինելու, նրա սիրելիի կարգավիճակը: Չէ՞ որ բացի միմյանց հետ շփվելու, հաճելի և օգտակար երեկո անցկացնելու վայր լինելուց, բարձր կուլտուրայի հետ առնչվելուց, թատրոնն ունի հանրության հետ խոսելու, հանրության վրա անմիջականորեն և հստակ ազդելու մոգական ուժ և կարևոր առաքելություն: Եթե այս գիտակցեինք, ապա որպես զենք կօգտագործեինք թատրոնը՝ դարձնելով նաև քաղաքացիական, հասարակական խնդիրների բարձրաձայնման հարթակ: Հանրությանը դաստիարակելու և ճաշակի բարձրացման առաջնային միջոց:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Լուսանկարը` Մառամ ԱՎԱՅԻ