ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Պետք է չափանիշ ընդունենք թարգմանված լեզուների քանա՞կը, բեսթսելլեր ասվա՞ծը»

«Պետք է չափանիշ ընդունենք թարգմանված լեզուների քանա՞կը, բեսթսելլեր ասվա՞ծը»
03.07.2015 | 10:49

Մշակույթի նախարարությունն իրականացնում է նպատակային թարգմանությունների աջակցման ծրագիր` հայ գրականության հիմնադրամի հետ համատեղ: Խոսքն արտերկրի հրատարակիչների կողմից հրատարակվող հայերեն գրքերի թարգմանությանն օժանդակելու մասին է: Այս տարի աջակցություն են ստանալու բացառապես Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրքերի թարգմանություններն ու հրատարակությունը:
Մշակույթի փոխնախարար ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ փոխանցմամբ՝ կազմվել է խորհուրդ, որը հրատարակիչներին կառաջարկի երաշխավորվող գրքերի ցանկը: Արդեն կան որոշակի հայտեր արտերկրի հրատարակիչներից: Այս և այլ թեմաների շուրջ «Իրատեսը» հարցեր ուղղեց Ներսես Տեր-Վարդանյանին:

«ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է»


-Ցեղասպանության մասին գրքերը արտերկրում ներկայացնելու համար քայլեր արվում են: Բայց կա՞ն գրքեր, որ կարող են հետաքրքրություն առաջացնել համաշխարհային գրքի շուկայում, ինչն էլ հիմք ընդունելով գուցե պետք է փորձ արվի ապահովելու դրանց համաշխարհային հնչողությունը: Կարո՞ղ եք առանձնացնել մեկ-երկուսը:
-Լավ գրքի չափանիշը շատ հարաբերական է, դժվարանում եմ ասել` պետք է չափանիշ ընդունենք թարգմանված լեզուների քանա՞կը, բեսթսելլեր ասվա՞ծը (ամենաշատ վաճառված գրքերը): Կարող եմ առանձնացնել Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը: Թարգմանության քանակով աչքի է ընկնում Մարկ Մուստյանի «ժանդարմը», որը, տասը լեզվով թարգմանվելուց հետո, նոր միայն ներկայացվեց հայերեն: Հետաքրքիր է, որ մի քանի լեզվով թարգմանվելուց հետո ենք իմանում տվյալ գրքի գոյության մասին: Նշված երկու գրքերն էլ Ամերիկայում բեսթսելլեր են եղել:


Դասական գործերից կառանձնացնեմ երկուսը, որ օտարերկրացու համար ավելի ընկալելի, հասկանալի են` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և Անրի Վեռնոյի «Մայրիկը»:
Անշուշտ, հրաշալի գեղարվեստական գործեր ունենք, բայց օտարերկրացու համար շատ ավելի ընկալելի է, երբ հեղինակն իրենց մշակույթին փոքր-ինչ առնչվում է, և նշածս բոլոր գործերը կա՛մ օտարազգիների կողմից են գրված, կա՛մ օտար երկրներում ապրող հայ գրողների: Զապել Եսայանն է թարգմանված մի քանի լեզուներով և կարող է հետաքրքրել օտարերկրյա ընթերցողին: Ժամանակակից ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, թարգմանվում է նաև արաբերեն, թուրքերեն: Իհարկե, մենք ունենք Մուշեղ Գալշոյան, Խաչիկ Դաշտենց, հեղինակներ, որոնց գործերը նույնպես առաջարկվող ցուցակում կան, հուսանք, որ դրանք ևս կթարգմանվեն այլ երկրների հրատարակիչների կողմից:
Մի հետաքրքիր հանգամանք. Ցեղասպանության մասին Թուրքիայում վերջին տարիներին հրատարակվել են մի շարք գրքեր: Այս տարի Գալշոյան են հրատարակում, Սարոյան պիտի հրատարակվի: ՈՒրախալի է, որ թուրք հասարակությունը կունենա այն սերուցքը, որն ինչ-որ կերպ պատրաստ կլինի երկխոսելու այս թեմայի շուրջ: Ի վերջո, վերջնական նպատակն այս երկխոսության ապահովումն է:

«ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄԻԱԳԻԾ ՉԷ»


-Հրատարակիչները հաճախ դժգոհում են հարկային քաղաքականությունից: Ենթադրվում է, որ գրքի բիզնեսը պետք է այս կամ այն կերպ խրախուսվի՞:
-Վերջին շրջանում կարծես այդ դժգոհությունը չկա: Ժամանակին ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդիր ծագեց, հետո պարզվեց, որ ընդամենը ձևակերպումների խնդիր է: Այսօր Հայաստանում հրատարակվող գրքերի 90 տոկոսը (հրատարակիչների ազգային ասոցիացիայի տվյալներով) ավելացված արժեքի հարկից ազատված է: Խոսքը դասագրքերի, մանկական և մի շարք այլ գրքերի մասին է, որոնց ցանկը սահմանված է օրենքով: Կարծում եմ, խնդիրն այստեղ առաջին հերթին հարկային քաղաքականությունը չէ: Մենք ունենք շուկայի ընդլայնման խնդիր, կա նաև հայերենի լեզվական առանձնահատկությունը, ըստ որի, Հայաստանում հրատարակվող գրքերը միայն Հայաստանում են սպառվում, կա գրախանութների խնդիր, որոնք կարող էին ավելի շատ լինել, քան ունենք այսօր: Խնդիրը բազում կետերից է բաղկացած, և հարկային քաղաքականությունն այստեղ մի փոքր մասնիկ է: Տարբեր մոդելներ են աշխատում հարկային քաղաքականության առումով: Հրատարակիչները, ովքեր նաև տպագրական ծառայություններ են մատուցում, նշեցին, որ տպագրական հատվածում արդեն ունեն ավելացված արժեքի հարկը, եթե վաճառքի ժամանակ չունենան, խնդիր կառաջանա: Այդքան միագիծ չէ այս հարցը:
-Կա՞ էլեկտրոնային գրականության հայաստանյան շուկան զարգացնելու պետական մարտավարություն:
-Ընդհանրապես, աջակցելու հարցում մենք չենք սահմանափակում գրքի տեսակը: Հրատարակիչների ներկայացրած հայտերում առայժմ գերակշիռ են ավանդական մեթոդով հրատարակվող գրքերը, որոնք հաճախ զուգորդված են լինում էլեկտրոնային գրքերով: Երբ տեքստը պատրաստ է, էջադրված է, մեծ ջանք չի պահանջվում հրատարակչից նույն էլեկտրոնայինի տարբերակը ստեղծելու:

«ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՐԲԵՔ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»


-Մեր գրադարաններն ունե՞ն արդյոք նոր և լավ գրականություն: Բավարար համարո՞ւմ եք գրքերի համալրումը հատկապես մարզային գրադարաններում:
-Գրքերի համալրումը երբեք բավարար չենք համարում, որովհետև ցանկանում ենք, որ բոլոր գրքերն այդ գրադարաններն ունենան: Բայց, մեծ հաշվով, իրենց ունեցած ընթերցողների համեմատ համալրումն ավելին է այս պահին, համալրման համար իրենք իրենց ֆոնդերն ունեն, բացի այդ, պետական պատվերով հրատարակված և երեք տարուց ավելի վաղեմություն ունեցող գրքերը մեխանիկորեն տրամադարում ենք մեզ հետ համագործակցող գրադարաններին: Իհարկե, համալրման խնդիր կա, բայց ավելի շատ այդ գրադարանները մշակութային և ժամանցի իմաստով կենսունակ ու ակտիվ դարձնելու խնդիր ունենք այսօր:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ