Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Մեզ պետք է հարգեն, երբ ծանր կացության մեջ ենք, և գնահատեն, երբ վերելք ենք ապրում»

«Մեզ պետք է հարգեն, երբ ծանր կացության մեջ ենք, և գնահատեն, երբ վերելք ենք ապրում»
08.07.2015 | 13:52

Մեկնարկում է Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վրաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ տեղի ունեցող այս փառատոնը կկայանա հանրապետության երեք քաղաքներում: Հուլիսի 9-11-ին Դիլիջանում, Գյումրիում և Երևանում կհնչեն Օթարի Տատաշվիլու, Կախա Ցաբաձեի, Գեորգի Շավերզաշվիլու, Զուրաբ Նադարեյշվիլու, Օմար Մինդորաշվիլու, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլու և Մակա Վիրսալաձեի կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Նշված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կլինեն համերգներին: «Իրատեսի» զրուցակիցը ՀԿՄ նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ է:


-Ծրագրի շրջանակում, հաջորդիվ, Վրաստանում հնչելու են հայ հեղինակների ստեղծագործությունները: Ի՞նչ սկզբունքով է կատարվում ընտրութունը:

-Մենք առաջարկում ենք մեր ստեղծագործությունները, ըստ այդմ, նրանք ներկայացնում են կատարողներին (նույնն էլ` վրացական կողմից է արվել): Նրանք որոշ առարկություններ ունեին. պարզվեց` մեզանում լարային գործիքներն են ավելի տարածված, իրենց մոտ` փողայինը: Ըստ այդմ` լրացուցիչ գործեր կուղարկենք փողային գործիքների համար: Համերգը կլինի բազմազան ու բազմաոճ:
-Ե՞րբ է նախատեսվում վրաստանյան համերգը:
-Վրաստանում փառատոնը կմեկնարկի աշնանը, ինչը կախված է նաև ֆինանսավորումից: Կարող եմ ասել, որ մեր հանրապետությունում երաժշտական գործընթացները, հարաբերությունները մշակույթի նախարարության և այլ կառույցների հետ ավելի ճիշտ են կառուցվում: Մենք հասկանում ենք, որ գլոբալ համակարգում ենք ու պետք է ներկայանանք ըստ պատշաճի: Նշեմ նաև, որ հայկական ստեղծագործական դպրոցը բարձր աստիճանի վրա է:
- Արամ Խաչատյանը համաշխարհային հեղինակություն է, յուրահատուկ այցեքարտ Հայաստանի համար: Վրացիներն ունե՞ն նման հռչակի տեր կոմպոզիտոր:
-Դավիթ Օյստրախին հարցնում են` Դուք առաջին ջութակահա՞րն եք աշխարհում, ասում է` երկրորդը, ամեն երկիր ունի իր «առաջին» ջութակահարը:
-Ի՞նչ է տալու փառատոնը հայ և վրացի երաժիշտներին:
- Անցյալ տարի անցկացրինք հայ-ռուսական փառատոն. Երևանում հնչեցին երիտասարդ ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները, տարվա երկրորդ կեսին` Ռուսաստանում ներկայացվեցին հայ հեղինակների ստեղծագործությունները: Ռուսական մամուլում մեծ թվով անդրադարձներ եղան, մասնավորապես նշվեց, որ հայ երաժշտական արվեստը նախկին խորհրդային տարածքում ամենահզորն է:
Ինչ վերաբերում է հայ-վրացական փառատոնին, Հայաստանում են նախկին Խորհրդային Միությունում բավական հայտնի կոմպոզիտորներ: Նրանք այցելելու են Ցեղասպանության հուշահամալիր և Կոմիտասի անվան պանթեոն: Երբ վրացի կոմպոզիտորները հարգանքի տուրք են մատուցում եղեռնի զոհերին, հայ կոմպոզիտորներին, սա նաև քաղաքական ակցիա է: Այսինքն` նպատակը միայն երաժշտական արվեստը ներկայացնելը չէ: Սրանով ուզում ենք ասել, որ մեզ պետք հարգեն, երբ ծանր կացության մեջ ենք, և գնահատեն, երբ վերելք ենք ապրում:
-Ի՞նչ ծրագրեր են լինելու հաջորդիվ:
-Ծրագրերը շատ են: Իբրև օրինակ` անցյալ տարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում, Շվեյցարիայում: Ներկայացվել է ավելի քան 50 ստեղծագործող աշխարհի տարբեր բեմահարթակներում: Շատերի, այդ թվում՝ դրսում ապրող մեր հայրենակիցների համար զարմանալի էր, որ մենք ունենք այդպիսի բազմահարուստ ժառանգություն, որ մարդիկ շարունակում են ստեղծագործել:
Արդեն ձևավորված ավանդույթը շարունակելու ենք. համատեղ հանդիպումներ են նախատեսվում Ֆրանսիայի և Չինաստանի կոմպոզիտորների հետ: Ներկայումս բանակցում ենք Չինաստանի դեսպանատան հետ: Չինաստանն ունի մեծ շուկա և իր մշակույթով զարամանալի հետաքրքիր երկիր է: Եթե հաջողվի կապը հաստատել, դրանից միայն կշահենք: Մեր ունկնդիրը կտարածվի օվկիանոսից այն կողմ:
Առհասարակ, հեշտ չէ արդի ակադեմիական երաժշտությունը հանրահռչակելը: Աշխատանքներ են տարվում, որ մոտակա ժամանակներում` 2- 3 տարում, դուրս գանք ֆրանսիական շուկա` մեր սկավառակներով, մեր նոտագրություններով: Դրա համար ստեղծվել է նոր հրատարակչություն` «Armusic», որն ընդգրկում է վրացի, պարսիկ և այլ ազգերի երաժիշտների ստեղծագործություններ` յուրահատուկ և առաջատար տեղ զբաղեցնելով տարածաշրջանում:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ