Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆԻ «Խենթ պատմություն» ֆիլմը երիտասարդ մարսելցի Արամի մասին է, ով Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան` ծանր վնասվածք պատճառելով ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդին: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին:
«Խենթ պատմությունը» «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմն էր: Այս տարի ներկայացվել է Կաննի փառատոնում, աշնանը էկրան կբարձրանա Ֆրանսիայում, հաջորդ տարի ֆիլմի փառատոնային կյանքը կշարունակվի Իտալիայում, Իսպանիայում, սկանդինավյան երկրներում, Բելգիայում, Շվեյցարիայում, ասիական երկրներում և այլուր:
«Ես խոսել եմ աշխարհի հետ իմ մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսորը:- Ես ծնվել եմ Մարսելում, հայրս հայ է, մայրս՝ գերմանուհի, ես նկարահանել եմ ֆիլմ իմ կենսագրության մասին»:
Անվանի ռեժիսորը մի առիթով նշել է, որ իրեն ոգեշնչել են իսպանացի հայտնի գրող և լրագրող Խոսե Գուրիարանի կյանքն ու գործունեությունը, որը արտացոլված է նրա ինքնակենսագրական «La Bomba» գրքում: (Գուրիարան ԱՍԱԼԱ-ի գործունեության արդյունքում վիրավորվել է, արդյունքում դարձել հայագետ ու հայասեր): «Բացառիկ այս պատմության մասին անգամ Հայաստանում քչերը գիտեն: Տաբու կա, ազատագրական բանակի մասին գրեթե չի խոսվում: Ձեզ համար դժվար չէ՞ր Ցեղասպանության մասին խոսելը` կարևորագույն ու նուրբ այս թեմայի միջոցով»,- հետաքրքրվեցի:
«Իրականում դժվար չէր, որովհետև ես մեծ կինոռեժիսոր եմ,- ի պատասխան ասաց Ռոբեր Գեդիկյանը:- Հաճախ են ինձ հարցնում` ինչո՞ւ եմ ընտրել այդ սյուժեն: Սա առաջինն է, և շատ ավելի հասուն թեմա է կինոռեժիսորի համար»:
Ռոբեր Գեդիկյանը նաև ֆիլմի է վերածելու Չեխովի «Բալենու այգին»: Այս տարի նա գլխավորում է«Ոսկե ծիրան» փառատոնի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ