Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Զրոյից ներքև-2» խորագիրը կրող ցուցահանդես:
Ներկայացված են լոսանջելեսաբնակ արվեստագետների` Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Նարինե Իսաջանյանի, Էդմոնդ Քեշիշյանի, Քիքիի, Լարկի, Լևոն Փարյանի, Հարրի Որբերյանի, Սեյբուրն Զորցյանի աշխատանքները:
Երևանյան ցուցադրությանը ներկա էին Նարինե Իսաջանյանը և Հարրի Որբերյանը, ովքեր նաև ցուցահանդեսի համադրողներն են:
ՆԱՐԻՆԵ ԻՍԱՋԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ. «Ներկայացնում ենք այն, ինչ առօրյայում մենք չենք տեսնում, խոսում ենք այն ամենի մասին, ինչը անտեսվում է, ինչի մասին չենք սիրում խոսել: «Զրոյից ներքև -2»-ը շրջագայելու է նաև այլ երկրներում: Խմբի նկարիչները կարող են փոխվել, հատուկ սխեմա չկա»:
ՀԱՐՐԻ ՈՐԲԵՐՅԱՆԸ հավելեց, որ Ամերիկայում նկարիչները շատ են, և նկարչական այդ մեծ աշխարհում կա միասին աշխատող հայ արվեստագետների խումբ: Նրանք հաճախ միասին են հանդես գալիս: Մոտեցումները, աշխարհընկալումը գրեթե նույնն են, սակայն աշխատանքներն առանձնահատուկ են ու տարբեր:
«Վերացական արվեստը փախո՞ւստ է իրականությունից, թե՞ իրականության արտացոլումն է» հարցին ի պատասխան ասաց. «Կարծում եմ՝ էլ ավելի է արտացոլում իրականությունը, քան գեղանկարչությունը: Աբստարկտ, կոնցեպտուալ արվեստը միայն դիմագիծը չէ, ներքինն է ներկայացնում: Դրա համար ավելի դժվար է աբստրակտ նկարելը, քան ընդօրինակելը: Գնահատում եմ, բոլորս էլ դա արել ենք, այդ բազան պետք է ունենաս, որ իրավունք ունենաս աբստրակտ նկարելու: Արվեստում կարևոր է ազդեցությունը: Եթե արվեստի գործը դիտողին չի հուզում, ուրեմն ձախողված է»:
Ազգայինը վերացական արվեստում որևէ կերպ նկատվո՞ւմ է՝ հետաքրքրվեցի:
«Աբստրակտը համամարդկային է, ազգայինը որոշել դժվար է, այդպես պատկերներով չի երևա, բայց քո աշխատանքը դու ես, հետևաբար քո ազգությունն այդ նկարի մեջ կա: Նույնիսկ եթե մի սև գիծ ես նկարել, ուրեմն մեջը մի մասնիկ հայություն կա»,- ասաց Հարրի Որբերյանը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ