«Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնն արդեն անցյալում է: Կարճ ժամանակ անց կդադարեն նաև կինոքննարկումները, դժգոհություններն ու դրական գնահատականները: Հարկ է նկատել, որ հանդիսատեսի համակրանքը շահած ֆիլմերի ցանկից դուրս չեն մնացել հայ ռեժիսորների ֆիլմերը:
Մեծ արձագանք գտավ հատկապես Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմը, որ արժանացել էր «Ոսկե ծիրանի» «ՖԻՊՐԵՍԻ»-ի (կինոքննադատների միջազգային ֆեդերացիա), ինչպես նաև էկումենիկ ժյուրիի մրցանակներին: Ֆիլմում բարձրացվել են մեր իրականությանն ու ժամանակաշրջանին առնչվող սոցիալական, հասարակական, քաղաքական, բարոյահոգեբանական բազմաթիվ խնդիրներ: Էկրանին հայկական լավ ֆիլմ էր, որի մասին կարելի է երկար խոսել: Դահլիճից կես շշուկ կարծիք հնչեց. «տեղական նշանակության կինո է»: «Իսկապե՞ս «Մոսկվիչ, իմ սեր»-ը լրացնում է ֆիլմերի շարքը, որ ստեղծում ենք ինքներս մեզ համար» հարցն ուղղեցի կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ:
«Այդ կարծիքը ես լսել եմ «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերի մասին: Բայց ես ունեմ հակառակ փաստեր,-ասաց կինոգետը:- «Մենք ենք, մեր սարերը» ժամանակին Սան Ռեմոյի (Իտալիա) կինոփառատոնում ճանաչվել է լավագույն հեղինակային ֆիլմ: «Մեր մանկության տանգոն» Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Պասինետիի անվան մրցանակի, իսկ Գալյա Նովենցը հատուկ մրցանակի է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, նրան անվանել են Արևելյան Անյա Մանյանի: Օրերս եմ վերադարձել Բոլոնիայի կինոփառատոնից, և պետք էր տեսնել՝ ինչպե՜ս էին նայում«Նահապետը», «Նամուսը», «Կիկոսը», ու ի՜նչ զտված կինոհասարակություն էր` կինոմասնագետներ, գիտնականներ, աշխարհի տարբեր երկրների կինոարխիվների տնօրեններ»:
Ինչ վերաբերում է Արամ Շահբազյանի ֆիլմին, Սիրանույշ Գալստյանը «ՖԻՊՐԵՍԻ»-ի կազմում է եղել: Նա նշեց, որ իրենց դիտած ֆիլմերի ցուցակում այն առաջինն էր, որ միաձայն ընդունվեց: Օտարազգի գործընկերները հավանություն են տվել ֆիլմին, թեև Հայաստանի հետխորհրդային կյանքին քիչ են ծանոթ: Իսկ Էկումենիկ մրցույթի ժյուրիի անդամներից մեկի աչքերը թրջվել են: «Սա էլ «տեղային նշանակության» ֆիլմը», որ հուզեց օտարներին»,- նշեց Սիրանույշ Գալստյանը: Իր վերաբերմունքը նա արտահայտել է` ձայն տալով «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմին, բայց տպավորութունները ստուգելու համար փառատոնի փակումից հետո նորից է դիտել այն: Կինոգետի խոսքով` ընտրությունը հեշտ չի եղել, մանավանդ, բավականին տպավորիչ ֆիլմեր են ներկայացված եղել մրցույթում, որոնք նույնպես կարող էին արժանալ մրցանակի:
Ամփոփելով իր խոսքը՝ զրուցակիցս նշեց, որ «Հայկական կինոյի վերաբերյալ մենք երբեք մեր օբյեկտիվ գնահատականը չենք ունեցել: Կամ թերագնահատում ենք մեզ, կամ գերագնահատում: Սա իմ հաստատուն կարծիքն է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ