Իսկ նրան այլ բան չի էլ մնում անելու. Հարավկովկասյան տարածաշրջանն այսօր առաջնահերթություն է բոլորի համար, և ինչպես երևում է արևմտյան շահագրգռություններից, փորձ է արվում այստեղ «ղեկավարելի քաոսի» բաղադրիչներով մեկընդմիշտ կարգ ու կանոն հաստատել:
Չարժե ծանրանալ այս օրերի տարածաշրջանային քրոնոլոգիայի վրա, բայց հենց միայն Հայաստանի օրինակով` Եվրոպայի խորհրդի նախագահ Տուսկի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելություն, ՈՒոռլիքի անչափ հետևողական և հետաքրքիր բարձրաձայնումներ, հասկանալի է դառնում` Արևմուտքի համար Ռուսաստանի հարցը ուկրաինական «գետնին վրա» «սպառված» է, և նա փորձում է նոր հորիզոններ նվաճել Մերձավոր Արևելքի դարպասների մոտ, ուր առաջին դուռը եթե տեղի տվեց, մնացյալն արդեն տեխնիկայի խնդիր է:
Այո, խոսքը Իրանի հետ ձեռք բերված համաձայնության մասին է, քայլ, որը մի քանի մղոն առաջ գցեց Արևմուտքին բոլոր կարգի խաղացողներից, և որքան էլ Ռուսաստանը նույն Արևմուտքին վախեցնի ըՀԼԽհ-ով, ՄԿհ-ով, ԵԱՏՄ-ով, հասկանալի է, բանալին Արևմուտքի մոտ է հայտնվում նաև այս տարածաշրջանում, և Ռուսաստանին մնում է կամ «թուլանալ ու հաճույք» ստանալ, կամ «ցցվել» հարբեցող Ալիևի անկանոն շարժումներով, մասամբ էլ` վրաց-օսական սահմանին, ուր, ի դեպ, անչափ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Եվ եթե Իլհամը հետևողականորեն շարունակի կրակել, դա կնշանակի, որ ոչ թե ինքն է կրակում, այլ իրեն են «կրակում», կամ իր փոխարեն, և նրա կրակոցների հետևում կանգնած են ավելի լուրջ խաղացողներ։ Տարածաշրջան պահելու, բացել-փակելու այլ ուղի, փաստորեն, Ռուսաստանը չունի, և, դատելով Արևմուտքի շտապողականությունից, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ևս «կենտրոնացնում» է իր ուժերը այստեղ: Ի դեպ, Ալիևի այդքան համառ կրակոցներն անտառ մտած վախեցածի կրակոցներ են նաև, դրանով նա փորձում է ասել, որ ինքը չի գնալու որևէ զիջման, որքան էլ ՈՒոռլիքը և այլք «լիքը-լիքը» գան տարածաշրջան և բարձրաձայնեն փոխզիջումների մասին:
Կմնա երրորդ տարբերակը: Արևմուտքը (կոնկրետ դեպքում պետք է հասկանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը) Ալիևի համառությունը կոտրելու համար կփորձի՞ անհրաժեշտ պրեսինգի ենթարկել Իլհամին, որպեսզի նա` ա) խելոք մնա, չկրակի, բ) գնա փոխզիջումների:
Ոչ: Չի փորձի։
Ինչո՞ւ: Պահը դեռ չի հասունացել: Զարգացումները դեռ այդ դռներին չեն «հասել»: Ի դեպ, վերադառնալով վրաց-օսական սահմանին առնչվող խնդիրներին, հասկանալի է դառնում, որ Ռուսաստանն այս հարցում ևս վաբանկ է գնում։ Մինչև ո՞ւր, սա ևս համալիր խնդիր է տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ընդ որում, կարծես թե այս և ղարաբաղյան խնդիրն «ածանցված» են մեկը մյուսից` խաղի կանոնների ու կատարման տեսանկյունից:
Մենք, ի դեպ, չվրիպեցինք՝ Թուրքիայի առնչությամբ լռություն պահպանելով: Ակնհայտ է` նույն Արևմուտքը, տարածաշրջանը «վերաձևելու» այս փուլում, «օգնում» է, որ Թուրքիայի գլուխը խառնված լինի իր իսկ ներքին խնդիրներով, որ տարածաշրջանին ու Իրանին հիմնական թելադրողն ինքը լինի: Բանն այն է, որ փոփոխվող տարածաշրջանում Ադրբեջանն այլևս չի զգում Թուրքիայի հզոր շունչն իր թիկունքում, և Հայաստանի ու Իրանի, համապատասխանաբար` Արևմուտքի ու աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ հանդիման կանգնած է գրեթե միայնակ:
Եվ դա, ի դեպ, Հայաստանի` եվրասիական-եվրոպական կամրջակի դերստանձնման, Իրանի և Վրաստանի հետ կառուցած ճշգրիտ հարաբերությունների պայմաններում:
Բա ի՞նչ անի Իլհամը, որ չկրակի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ